«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարության հուլիսի 21-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով կրկին որոշում է կայացվել, որով բյուջեի միջոցներ են ծախսվում առանց հաշվետու լինելու։ Մասնավորապես, որոշում է կայացվել, իրենց բնորոշմամբ, հրատապ խնդիրների լուծման համար 1.4 միլիարդ դրամ հատկացնել Սյունիքում գործող մի հիմնադրամի։
Հիմնավորման մեջ գրված է, որ այդ հիմնադրամը հրատապ է որակել վարչության շենքի նորոգումը, ՊԵԿ-ի համար նոր մեքենայի գնումը, Ոստիկանության համար 2 նոր մեքենայի գնումն ու հիմնադրամի՝ կուտակած պարտքերի մարումը։ Այստեղ ուշագրավն այն է, որ նախկինում մեկ անգամ եւս այս հիմնադրամը գումար է ստացել, սակայն այն չի ծառայեցրել նպատակին։
Խոսենք փաստերով. 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ կառավարությունը 1.5 միլիարդ դրամ հատկացրեց Սյունիքի մարզի կարիքների բավարարման համար նույն Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամին։ Դա առաջացրել էր Ֆինանսների նախարարության դժգոհությունը, եւ առարկել էին, որ այդ հիմնադրամին պետական բյուջեից գումարի հատկացումը կասկածելի է։ Այդպես էլ անհայտ մնաց՝ ինչ են արել այդ գումարները, սակայն դա չի խանգարում, որ կառավարությունը կրկին նման քայլի դիմի։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, էլ կոռուպցիան պոզով պոչով հո չի՞ լինում:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը