16 07 2022

Մահաբեր իշխանությունն ու մահով հրճվողները. «Փաստ»

Մահաբեր իշխանությունն ու մահով հրճվողները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երևի թե պատմության մեջ կմնա ոչ միայն որպես խայտառակ պարտության խորհրդանիշ, այլև որպես աննախադեպ մահաբեր իշխանություն: Չորս տարում նրանք երկրին բերել են միայն մահ, ավեր, վիշտ ու ցավ: Ցավալի օրինակները չթվարկենք, դրանք բազմաթիվ են՝ սկսյալ մեր հազարավոր նահատակվածներից մինչև ավտովթարի զոհ դարձած հղի կին և այլն: Հերթական զոհը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն է, որն ուղիղ երկու ամիս անազատության մեջ է: Ընդ որում, այս ընթացքում իրավաբանները պարբերաբար նշում են, որ նրա կալանավորումը որևէ իրավական հիմք չունի:

Փաստացի Նիկոլ Փաշինյանի կամքով իրավապահ մարմինները շարունակում են կալանքը կիրառել որպես պատժի միջոց: Իհարկե, ընդդիմադիրների պարագայում, ինչը նշանակում է, որ այս ամենը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է նրան, որ, ինչպես նաև ՀՀ ՄԻՊ-ն է հայտարարել, «նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի»։

Թեպետ պետք է նշել, որ նույն ՄԻՊ-ը ոչ մի ձայն չէր հանում, երբ փաստաբանները ահազանգում էին Գրիգորյանի առողջական վիճակի ու կալանքի անհամատեղելիության և, առհասարակ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առումով: Սակայն ոչ պակաս մտահոգիչ է շարունակում մնալ մեր հասարակության որոշակի հատվածի անադեկվատ, անմարդկային, ստոր վերաբերմունքը մահվան դեպքերի առումով: Արմեն Գրիգորյանի դեպքում էլ իշխանական, նիկոլապաշտ «օգտատերերը» խրախճանք էին կազմակերպել սոցցանցերում: Այս երևույթը նոր չէ, սակայն վերջին չորս տարում համակարգված, լայնատարած բնույթ է ստացել, ընդ որում՝ ոչ պատահականորեն: Բայց դա արդեն այլ թեմա է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ