«Փաստ» օրաթերթը գրում է․ Ցանկացած երկրում վստահությունը շատ կարևոր հանգամանք է հատկապես ներդրումների իրականացման և ֆինանսների կառավարման հարցերում։ 2018 թվականի վերջին Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորում էր նրանով, թե իբր քաղաքական անորոշություններն արգելակում են ներդրումների իրականացմանը։ Ու ընդհանրապես, իր ողջ պաշտոնավարման ընթացքում Փաշինյանը փորձել է այնպիսի տպավորություն ստեղծել, թե իշխանափոխության արդյունքում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ու իշխանությունների հանդեպ վստահությունն այնքան մեծ է, որ սփյուռքից և արտերկրից գործարարներն ուղղակի հերթ են կանգնել ներդրումների համար։
Իրականում շատ արագ համոզվեցինք, որ այս իշխանություններն անբարենպաստ պայմաններ են ստեղծում տնտեսվարողների համար, նրանց նկատմամբ տարատեսակ ճնշումների գործիքներ կիրառում, ոտնահարում բանկային գաղտնիքը և այլն, ինչը մեծապես վանում է ներդրողներին։ Իշխանությունների նկատմամբ անվստահությունն ավելի խորացավ հատկապես պատերազմից հետո, երբ տարբեր տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Հայաստան ուղարկված օգնության մի զգալի մասը, մեղմ ասած, անորոշ ճակատագիր է ունեցել, իսկ աշխարհասփյուռ հայության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար հանգանակված ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52 միլիարդ դրամ (մոտ 107 միլիոն դոլար), չի ծառայել իր բուն նպատակին։ Պարզվեց, որ այդ գումարը փոխանցվել է պետբյուջե և հայտնվել կառավարության տնօրինության տակ:
Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված հիմնադրամի գումարների՝ պետբյուջե փոխանցման անհրաժեշտությունը, այդպես էլ մնում է հարցական։ Առ այսօր հոդաբաշխ, տրամաբանական որևէ պատասխան չի տրվել: Բացի դրանից, մինչև հիմա չկա նաև հստակ հաշվետվություն, թե կոնկրետ ինչ ուղղություններով և ինչպես են ծախսվել այդ գումարները։ Իսկ այդ գումարները թիրախային օգտագործելու մասին կառավարության հավաստիացումներն արդեն վաղուց հույս չեն ներշնչում։ Իշխանություններն անգամ որևէ ջանքեր չեն գործադրում իրենց նկատմամբ խաթարված վստահությունը վերականգնելու և իրենց տնօրինության տակ հայտնված գումարները հիմնադրամին փոխանցելու ուղղությամբ։
Այնինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համահայկական նշանակություն ունի, և հանգանակված միջոցների արդյունավետ օգտագործման հետ կապված բացերը կարող են բացասական ազդել հաջորդ տարիների հանգանակությունների չափի վրա, անգամ հիմնադրամի գոյության նպատակահարմարության հարց առաջ բերել, ինչի հետևանքով համայն հայության շահերը շոշափող ծրագրերը կմնան կիսատ կամ իրականություն չեն դառնա։ Ուստի պատահական չէ, որ ՀՀ նախկին նախագահները նախընտրում են չմասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին։ Օրինակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անգամ հրաժարվեց ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ։ Հիմնադրամի նկատմամբ վստահության անկման հանգամանքով է պայմանավորված նաև, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 25-ին չմասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին։
Ավելին՝ նա օրեր առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Կարևոր հանգամանք է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին չէին մասնակցում ինչպես Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան ու Բակո Սահակյանը, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Պատերազմի ժամանակ համայն հայության ջանքերով հանգանակված գումարների կառավարման հարցը բարձրացվում է ոչ միայն երկրի ներսում, այլև սփյուռքում, որտեղ ՀՀ իշխանությունները վստահության մեծ դեֆիցիտ ունեն։
Մամուլում նույնիսկ տեղեկություն տարածվեց, որ սփյուռքում մերժել են հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ Հայաստանում ներդրումներ իրականացնելու հորդորները՝ նշելով, որ չեն վստահում ՀՀ իշխանություններին նրանց պահվածքի և հատկապես համահայկական հիմնադրամի գումարները ոչ ճիշտ օգտագործելու պատճառով։ Ըստ այդմ, Սինանյանին պարզ հասկացրել են, որ մինչև իշխանությունները հրաժարական չտան, ներդրումներ չեն անելու։ Թերևս սփյուռքահայերը ևս հասկացել են, որ իշխանությունների ուշք ու միտքը հնարավորինս շատ կապիտալ կուտակելն է, նրանք ոչ միայն չեն բավարարվում պետբյուջեի ծախսերի, թանկացումների և դոլար/դրամ փոխարժեքի տատանումների հաշվին հարստանալով, այլև աչք ունեն բոլոր այն միջոցների վրա, որտեղ ինչոր բան քերելու հնարավորություն կա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը