«Փաստ» օրաթերթը գրում է․ Արտերկրում ներկայանալու և Հայաստանի մասին պատկերացում ձևավորելու համար իշխանությունները պարբերաբար շեշտում են ժողովրդավարության առաջընթացի մասին։ Փաշինյանը «հայկական ժողովրդավարությունը» նույնիսկ որակում է որպես Հայաստանի միջազգային բրենդ։ Իրականում այս որակումները չափազանց հեռու են իրականությունից, քանի որ Հայաստանում այսօր գործող համակարգը ավելի շատ ծաղր է ժողովրդավարության նկատմամբ, քան տեսանելի ժողովրդավարություն։ Իրական ժողովրդավարական երկրներում ժողովուրդն է իշխանության լեգիտիմ աղբյուրը, իսկ Հայաստանում իշխանության աղբյուրի է վերածվել մեկ անհատ, որը ժամանակին հայտարարում էր, որ կա՛մ ինքը կդառնա երկրի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։
Հիմա էլ է նույնն ասում փաստացի, թեպետ Հայաստանի բնակչության մեծ մասը վստահ է հակառակի մեջ՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը կհեռանա, կա՛մ Հայաստան չի լինի, ուրեմն և վարչապետի կարիք էլ չի լինի: Ժողովրդավարության բնորոշ կողմերից մեկը հանրության առաջ հաշվետվողականությունն է, սակայն դրա փոխարեն այս իշխանությունները կատարում են միայն այն, ինչ իրենք են ցանկանում, ավելի ճիշտ՝ միայն մեկ անձը, որի շահերի սպասարկմանն էլ ուղղված են ամբողջ իշխանության բոլոր գործողությունները: Օրինակ՝ նույնիսկ օրենսդրական նախաձեռնություններ են ընդունվում, որոնք բացառապես իրենց շահերն են սպասարկում ու բխում են պահի «թելադրանքից»: Ու, սովորաբար, մինչ հասարակությունը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում, գրեթե միշտ արդեն կատարված փաստի առաջ է կանգնում։
Ընդհանրապես, Փաշինյանը շատ է քննադատել նախկիններին ժողովրդավարության սկզբունքներից հեռանալու համար, սակայն այդ սկզբունքները ոտնահարելու հարցում ինքը ոչ միայն գերազանցում է նախկիններին, այլև ամեն անգամ մի նոր ռեկորդ է սահմանում։ Եվ եթե մանրամասն դիտարկենք Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացները, ապա կտեսնենք, որ ժողովրդավարության փոխարեն գործ ունենք ավտորիտարության և անարխիայի խառնուրդի հետ։ Նախ՝ ամեն ինչ արվում է Փաշինյանի անձնիշխանությունը պահպանելու համար։ Եվ որպեսզի այդ մենիշխանությունն ամբողջական ու տոտալ բնույթ կրի, և իշխանության երեք թևերն էլ հպատակեցվեն Փաշինյանի կամքին, նրա նախաձեռնությամբ մասնավորաբար ծավալվեց դատական իշխանությանը ինքնուրույնությունից և անկախությունից զրկելու արշավը։ Այս ամենի արդյունքում «ժողովրդավարական երկրի» միջազգային բրենդը մնաց ողջ աշխարհի առաջ դատարանների շենքերի շրջափակումը, առանձին դատավորների թիրախավորումը և դատական համակարգի աղճատումը։ Այն, ինչ ունեցանք, լավագույնս երևակված է նաև հայտնի ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանի խոստովանություններ մեջ: Բայց դատարաններով Փաշինյանը չբավարարվեց, քանի որ նրան բացարձակ անձնիշխանություն է պետք։
Եվ այս ճանապարհին իշխանությունները նախաձեռնեցին համայնքների զավթման գործընթացը, որպեսզի նույնիսկ տարածքային մակարդակով թույլ չտան, որ իրենց քաղաքական հայացքները չկիսող մարդիկ համայնքապետների պաշտոն ստանան։ Արդյունքում ժողովրդավարության առաջընթացով պարծեցող իշխանություն ունեցող երկրում ժողովրդի կողմից ընտրված համայնքապետները չեն կարողանում պաշտոնավարել, քանի որ իշխող քաղաքական միավորից չեն, և ընտրությունների ընթացքում կամ անմիջապես դրանցից հետո քրեական հետապնդումների են ենթարկվում։ Հենց այսպիսի տրամաբանության ներքո նաև ընդդիմությունն է ճնշումների ենթարկվում և թիրախավորվում։ Այլախոհության և քննադատության դրսևորումների դեպքում հատուկ գործի է դրվում իրավական հետապնդումների գործիքակազմը։ Պատահական չէ, որ քաղբանտարկյալների թվով ամեն անգամ նորանոր ռեկորդներ ենք սահմանում: Այս ամենին զուգահեռ իշխող ուժը ձեռնամուխ է լինում այնպիսի օրենքների ընդունմանը, որ «սուպերվարչապետական կոստյումը» ոչ միայն մնա Փաշինյանի հագին, այլև անձնիշխանության ամրապնդման համար նոր ասպարեզ բացվի։
Ի՞նչ ունենք արդյունքում. կապիտուլ յացիա, քայքայված պետություն, պետական ինստիտուտների անգործություն: Պարտությունից հետո հասարակությունը բարոյալքված է ու տարանջատված։ Չի գնահատվում պրոֆեսիոնալիզմը, պետական համակարգում անհասկանալի և անորոշ վիճակ է։ Դրական մթնոլորտը, լճացած վիճակից դուրս գալու և զարգացման խթան ապահովելու օրակարգը բացակայում է։ Չկա մարդկանց միավորող որևէ գաղափար։ Իշխանություններն առաջ են քաշում միայն խաղաղության օրակարգը, սակայն նույնիսկ իրենք վստահ չեն դրա իրականացման հարցում։
Մի կողմից՝ թիրախավորվում է ազգային արժեհամակարգը, մյուս կողմից էլ՝ խրախուսվում են բազմաթիվ արատավոր երևույթներ, որի արդյունքում չկա պատշաճ վերահսկողություն, աճում են հանցագործությունների և ինքնասպանությունների թվերը, իսկ հասարակությունը շարունակաբար դեգրադացվում է։ Եվ եթե գործող իշխանությունը շարունակի նստած մնալ իր աթոռին, ապա որևէ հույս չպետք է ունենալ, որ այս խոր փոսից հնարավոր է որևէ կերպ դուրս գալ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը