30 04 2020

Ինչ ցանես, այն կհնձես․ «Հրապարակ»

Ինչ ցանես, այն կհնձես․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երբ հասարակությանը պառակտում ես յուրայինների ու թշնամիների, երբ ամենօրյա ռեժիմով ագրեսիա ու ատելություն ես տարածում, երբ խոսքդ կազմված է անընդունելի ու վիրավորական արտահայտություններից, երբ հանցագործներին պատերին ծեփելու փոխարեն քաղաքական հակառակորդներին ես ծեփում ու փռում, արդյունքում ունենում ես այն, ինչին ականատես ենք այժմ մենք՝ Հայաստանում ապրողներս։

Ազգային ժողովում գլադիատորական մարտեր են, քաղաքական հակառակորդները բանավիճելու փոխարեն ծեծկռտուք են սարքում։ Կրքերը սրված են, մթնոլորտը՝ շիկացած։ Փոքրիկ անհասկացողությունը վերածվում է արյունալի վենդետայի, իսկ անօգնական ոստիկանությունն ուղղակի կարեկցանք է առաջացնում։

Աշխատելու, երկրում առկա խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունը 2 տարի շարունակ զբաղված է նախկիններին հայհոյելով, մեղավորներ գտնելով, նոր թիրախներ որոշելով, չարություն տարածելով։ Էլ չենք խոսում ռեկետի, ունեցվածքի վերաբաշխման, առանց դատավճռի մարդկանց բերդերում պահելու, առանց որեւէ պատճառի փորձառու կադրերին ազատելու եւ նրանց փոխարեն անփորձներին նշանակելու, կառավարման ոլորտում որեւէ ծրագիր ու պատկերացում չունենալու մասին։

Այս բոլորը մեկ արտահայտությամբ նշանակում է՝ պետության անկարողություն, կառավարման ճգնաժամ, բարձիթողի իրավիճակ եւ անարխիայի ռեալ վտանգ։ Երկու տարի շարունակ մենք հետեւում եւ հույսով սպասում ենք, որ երիտասարդ իշխանությունները կհասունանան, կհասկանան, թե ինչ մեծ պատասխանատվություն է իրենց ուսերին դրված։ Վերջապես կսկսեն սովորել ու հմտանալ, դասեր քաղել իրենց ձախողումներից եւ լսել խելոք մարդկանց խորհուրդները։ Ավաղ։ Հասունացման փոխարեն մենք ականատես ենք, թե ինչքան արագ են նրանք փչանում, մեծամտանում, լկտիանում, նմանվում նախկիններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ