24 05 2019

Անպատժելիությունը հրեշ է ծնում

Անպատժելիությունը հրեշ է ծնում

Անպատժելիությունն անարխիա է ծնում։ Անարխիան քաոսի սկիզբն է։ Քաոսը կործանում է պետությունը։ Յուրայիններին օրենքը ոտնահարելու մենաշնորհ կամ արտոնություն վերապահելը պետությունը քանդելու «ամենաարդյունավետ» ու կարճ ճանապարհն է։ Այլախոհներին թշնամի հայտարարող, քաղաքական մրցակիցներին մեղավոր նշանակող, քաոսի հակառակորդներին ու օրենքի պահապաններին բանտարկող, խամաճիկ իրավապահներ բուծող, ազատությունն ու արդարությունը խեղդող երկրի ղեկավարը երկրի թշնամին է, պետության բռնատերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնում է հոկտեմբերի 2 գործած նույն հանցավոր սխալը։ Հոկտեմբերի 2-ը մեր երկրի պետական իշխանությունը բռնի զավթելու օրն է։ Եթե չլիներ հոկտեմբերի 2-ը, լեգիտիմ Ազգային ժողովը չէր լուծարվի, արտահերթությամբ ու աճապարաքով թավշյա խորհրդարան չէր նշանակվի, հեռակառավարվող խմբակցությունը Փաշինյանին վարչապետ չէր դարձնի, ապօրինի ճանապարհով վարչապետ դարձած Փաշինյանը չէր ունենա հեռակառավարվող դատական համակարգ, առանց կախյալ դատական համակարգի հնարավորություն չէր ունենա բռնազավթել իշխանությունը և մեր երկրի սահմանադրական կարգը տապալված չէր լինի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսավ ու հասկացավ, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը միայնակ չէ ու կա՛ն բռնակալից անկախ, բռնապետից չվախեցող, բարոյականությոնն ու պատիվը պաշտոնից վեր դասող դատավորներ, տեսավ ու իմացավ, որ կան ոչ մի իրավիճակում չդավաճանող մարտական ընկերներ, իմացավ ու համոզվեց, որ կան ազատությունը հարմարավետությունից ու բռնակալի բարեհաճությունից գերադասող մարդիկ։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանն ուզում է կրկնել նույն հանցագործությունը, որ արդեն մեկ անգամ գործել է հոկտեմբերի 2-ին ու անպատիժ է մնացել։ Կրկնում է` դարձյալ իշխանությունը բռնազավթելու, ազատությունն ու արդարությունը լռեցնելու նկրտումով։

Այսօր բոլոր առողջ ու ազնիվ, ազատ ու բարոյական արժեքներ կրող քաղաքացիները պարտավոր են մեկտեղվել ու պաշտպանել (չգիտեմ ինչպես, բայց միասին ու անվերապահորեն) իր պաշտոնի պատիվն անաղատ պահելու համար նոր հոկտեմբերի 2-ի թիրախ դարձած դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Նրան վտանգազերծելով՝ մենք կվտանգազերծենք մեզ, մեր պետականությունը, որի գլխին մութ ամպեր են կախված։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ