«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսելով ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնի մասին, անոնսավորեց, որ Պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո կստեղծվի նոր մոդել, ըստ որի ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
«Օրենքը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում եւ առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով: Բանակի կառավարման որոշակի փոփոխություն է կատարվում, դա հիմնարար փոփոխություն չէ, ամեն դեպքում Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ: Գնում, սպասարկում, ապահովում` այդ ամենով պետք է զբաղվեն նախարարության կազմում գտնվող այլ վարչություններ: Այսինքն` սկսած թիկունքային ապահովումից, պետք է իրականացվի ոչ զինվորականների կողմից: Շատ բաներ լինելու են պատվիրակված»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Եվ ահա երեկ այդ տեսլականն օրինագծի տեսքով դրվեց շրջանառության մեջ: Այս մասին ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը ուշագրավ դիտարկում էր արել՝ նշելով. «Եթե պաշտպանության նախարարն ունակ լինի որոշում կայացնելու, ապա դա որեւէ բանի չի խանգարի»:
Մենք փորձեցինք ավելի հստակ պատասխան ստանալ Մովսես Հակոբյանից, թե կոնկրետ Սուրեն Պապիկյանին նման որոշումներ կայացնելու համար ունակ համարո՞ւմ է: Ըստ Մ.Հակոբյանի.
- Առաջինը, այդ կառուցվածքը դեռեւս չի գործում: Երկրորդը, դեռեւս պարզ չէ, թե այդ կառուցվածքով ով է լինելու որոշում կայացնողը դա դեռեւս պարոն նախարարը չի պարզաբանել: Եվ երրորդ, ունակ է արդյոք Պապիկյանը նման որոշում կայացնելու, թե՝ ոչ, ապա եթե խոսքը վերաբերում է ռազմական որոշում կայացնելուն, իհարկե՝ ոչ: Դրա համար զինվորական մասնագետ է պետք լինել:
- Նույն հարցազրույցում նախարարը ասաց, որպատերազմի հավանականություն չեն տեսնում:
- Չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ ամբողջությամբ իրավիճակին չեմ տիրապետում: Բայց ենթադրում եմ, որ եթե Ադրբեջանն իր ցանկությունները բանակցային գործընթացում կարողանա կյանքի կոչել, ապա պատերազմ, բնականաբար, չի լինելու: Եթե չկարողացավ, ապա նա իր խնդիրները միանշանակ լուծելու է ռազմական ճանապարհով: Ես հիմա չգիտեմ, թե բանակցային գործընթացը ինչպես է գնում: Այսքանով ավարտենք:
Հ.Գ.- Բայց, անկեղծ ասած, այս օրենսդրական փոփոխության շուրջ աժիոտաժն անհասկանալի է մնում: Ասենք, ԳՇ պետի այս կարգավիճակի փոխարեն այլ կարգավիճակ եղավ, դրանից ինչ է փոխվում: Օրինակ, 1990-ականների սկզբներին, երբ նոր-նոր էր Հայաստանը ՊՆ եւ ԳՇ ստեղծում, չկար որեւէ կառուցվածքային հստակություն, կարողացանք պատերազմ հաղթել:
2020թ.-ին, երբ ունեինք պաշտպանության համակարգի հստակ կառուցվածք, այդ թվումª ԳՇ-ն ու դրա պետը ներկայիս կարգավիճակում էին, ունեցանք խայտառակ ձախողում: Իսկ հայաստանյան իրողությունն այն է, որ, անկախ նրանից, թե որ պաշտոնն ինչպես է կոչվում, ինչ ենթակայություններով, մեկ է, ինչ-որ մեկը ամենավերեւում է եւ թելադրում է ամեն բան: Լավ է թելադրում, վատ, կամ թե դավաճան է, դրանից ելնելով էլ փաստացի գործում է բանակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը