28 04 2022

Ինչպե՞ս է կարողանում հանգիստ ապրել...«Փաստ»

Ինչպե՞ս է կարողանում հանգիստ ապրել...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Զոհված հերոսներից մեկի մայրն ասում էր՝ որդուս մասունքները հուղարկավորել ենք, բայց սպասում ենք... որդուս: Սա միայն ցավ չէ, սա սոսկ ողբերգություն չէ, սա շատ ավելին է, որ անհնար է խոսքերով ասել:

Չգիտեմ՝ երբ, որ պահից սկսեցինք այսքան «ցավին անտարբեր» լինել, երբ դարձանք այսքան անհոգի, անկարեկից:

Չգիտեմ... Բայց հիմա, երբ սոցցանցերում տեսնում եմ, թե ինչպես են որոշ... կներեք, բայց իրերն իրենց անունով է պետք կոչել... անհայրենիք, անուղեղ, տգետ, չար, անհոգի միաբջիջներ վիրավորում, ծաղրում, հայհոյում կամ անիծում մարդկանց, որոնք մեր երկրին են տվել ամենաթանկը՝ իրենց ԶԱՎԱԿԻՆ, որոնք ցմահ դուրս չեն գալու սև զգեստներից, որոնց հոգում ցմահ ծխալու է անհատակ վիշտը, պարզապես սարսափում եմ միայն այն մտքից, որ մեր կողքին ապրում են նաև այդպիսիք: Սարսափում եմ, որ նրանք էլ են համարվում մարդ, որ նրանք էլ ունեն ընտրելու իրավունք, կարծիք ունենալու իրավունք, ի վերջո՝ ապրելու իրավունք: Այս տեսակը չունի ո՛չ հայրենիքի, ո՛չ պատասխանատվության զգացում, ո՛չ մարդկային նկարագիր, չունի մտածելու կարողություն:


Այո, նրանք քիչ են, բարեբախտաբար, քիչ են, բայց կարողանում են ապականել մթնոլորտը, կարողանում են փչացնել ամեն ինչ: Եվ շատ բնական է, որ այս տեսակը չի կարող հանդուրժել հայրենասերներին, գրագետներին, փորձառուներին, հաջողակներին, ընդհանրապես՝ մտածող, բանական մարդկանց, չի կարող և վերջ: Այս տեսակի կուռքը պետք է լինի ավիրող, ստող, կործանող, իրենից զատ ոչինչ չընդունող մեկը: Բայց ոչ պակաս ողբերգական է, որ այս տեսակին օգտագործում, ուղղորդում է հենց օրվա իշխանությունը՝ նպաստելով հայհոյանքի, վիրավորանքի, անմարդկայնության բարգավաճմանը:

Թեպետ սա էլ արդեն զարմանալի չէ... Եթե մարդը պատահաբար մահվան ելքով վրաերթի ենթարկի հետիոտնին, նա երևի թե ամբողջ կյանքում գիշերը չկարողանա գլուխը հանգիստ դնել բարձին, նրան կտանջեն մեղքի զգացողությունն ու մղձավանջները, թեկուզ և ստացած լինի իր պատիժը: Ես գիտեմ ծանր պատմություն մեկի մասին, որը նույնիսկ ազատազրկման տեսքով պատիժը կրելուց հետո հեռացավ երկրից՝ չկարողանալով թեկուզ պատահաբար հանդիպել իր կողմից անզգուշաբար վրաերթի ենթարկվածի ընտանիքի անդամներին, նայել նրանց աչքերի մեջ: Վստահ եմ՝ նման դեպքերը քիչ չեն:

Ավելին, երևի թե տարրական դատիարակություն ունեցող ցանկացած մեկն էլ ունեցել է այնպիսի զգացողություն, երբ ինչ-որ վատ կամ սխալ բան ես արել, հետագայում դեռ երկար ժամանակ, ամեն անգամ դա հիշելով, ամոթի ալիքը նորից ու նորից պարուրում է քեզ: Ու հիմա հաճախ եմ մտորում՝ ինչպե՞ս է կարողանում մարդը հանգիստ ապրել, շարունակել պաշտոնավարել այն դեպքում, երբ դարձել է պատերազմի ու հազարավոր զոհերի պատճառ, երբ պատուհանիդ տակ հավաքվել են հազարավոր զոհերի ծնողներն ու հայտարարում են, որ իրենց զավակներին դու ես սպանել: Արդարանա՞լ, համոզել, որ դու մեղավոր չե՞ս...

Հնարավոր չէ, և հետո՝ ինքդ ես խոստովանել, որ կարող էինք խուսափել պատերազմից, բայց կունենայինք նույնը, պարզապես... առանց զոհերի: Այստեղ խնդիրը նույնիսկ իրավական չէ, դրա պատասխանը պետք է տան համապատասխան մարմինները, գուցե ոչ հիմա, գուցե ոչ շուտ, բայց մի օր կտան: Դա չէ իմ այս մտորումների թեման: Խոսքն ուղղակի պարզ մարդկային զգացողությունների մասին է:

Ի վերջո, որքան էլ բոլոր առումներով վատը լինես, փորձանք լինես, որքան էլ մտադրություններդ ու քայլերդ կործանարար լինեն, միևնույնն է, չի կարող մարդ արարածը թեկուզ սեփական «ես»-ի հետ միայնակ մնալիս չունենա ծանր զգացողություններ, չունենա ապրումներ: Եթե չունեցավ, ուրեմն լուրջ եզրակացությունների առիթ է արդեն:

Եվ վերջապես, անկեղծ կուզեի ստանալ ևս մեկ հարցի պատասխան՝ ինչպե՞ս է այդ անձնավորությունն ապրում այսքան մեծ ատելության, այսքան անեծքի ու «որակումների» տակ, ընդ որում, այդ ամենը՝ բումերանգի էֆեկտով: Ի վերջո, բոլորին չես կարող դատել «Ծանր վիրավորանք» հոդվածով, հատկապես, որ, բարեբախտաբար, դեռևս իրենց տներում մարդիկ կարողանում են անկեղծ լինել: Չեմ ուզում հավատալ, որ այդ անձը նաև դրա վրա թքած ունի, չեմ ուզում հավատալ, որ այլևս որևէ մարդկային զգացողություն չի մնացել, չեմ ուզում հավատալ, որ իսկապես այս պարագայում, առավել քան երբևէ, Սևակը ճիշտ է՝ «Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր/ Սիրում է կյանքում նա իր... աթոռը»: Ավելի ճիշտ՝ կցանկանայի հավատալ: Ափսոս, չեմ կարողանում....

Հ.Գ.-Այս մտորումներս «հանձնել» էի համակարգչին, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան՝ ոստիկանական մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հղի կնոջ, որը մահացել է: Սա, անշուշտ, այն դեպքերից է, երբ որևէ շահարկում անտեղի է, սակայն շատ ավելի անընդունելի է արդարացման որևէ փորձ: Օրինակ՝ դժվար է մտածել ավելի մեծ հիմարություն, քան «Փաշինյանը մեքենա չի վարում ու մեքենայի ղեկին չի եղել» ձևակերպումն է: Ինչքան պետք է հատակում լինես, որ նման բան տարածես: Բայց նյութի կոնտեքստում այս հետգրությունը գուցե չլիներ, եթե ցավալիորեն նորից չհաստատվեին վերոնշյալ երևույթները: Գտնվել են այս հրապարակման մեջ նշված «տեսակի» ներկայացուցիչներ, որոնք «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հղի կնոջ է վրաերթի ենթարկել» վերնագրով նյութի տակ գրել են՝ «Լավ է արել»: Ի դեպ, դրանք հենց Նիկոլ Փաշինյանին աջակցող երևույթներից են: Ինչպես ասում են, առանց մեկնաբանության...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ