Արդեն երկու օր է, ինչ Արցախի բնակավայրերը զրկված են գազամատակարարումից: Մարտի 7-ից սկսած: Պաշտոնական վարկանծն այն է, որ ՀՀ-ից Արցախի Հանրապետություն մտնող գազատարը Լիսագորի հատվածում վթարվել է, ինչով էլ պայմանավորված՝ դադարեցվել է Արցախի գազամատակարարումը: Իրավիճակի կոյաճահճային պատկերն ամբողջանում է նաև այն իրողությամբ, որ, ինչպեսև դժվար չէր ենթագրել, Հայաստանի գործող վարչակազմի «եղբայր ու գործընկեր» ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ «Արցախգազի» մասնագետները մոտենան վթարի վայրին ու վթարի վերացման աշխատանքներ իրականացնեն: Այն, որ իրավիճակն այդպիսին է, ընդունում ու հաղորդում են անգամ ուլտրանիկոլական կամ փաշինյանական իշխանությանն սպասարկող քարոզչամիջմոցները:
Ոչ պաշտոնական կամ սոցցանցային հարթության վրա խոսակցություններ են շրջանառվում առ այն, որ գազատարը ոչ թե վթարվել է, այլ ադրբեջանցիների կողմից պայթեցվել: Պարզ ասած ու ամենայն հավանականությամբ, ալիևյան հակահայ ռեժիմը, այս օրերին Արցախի բեկորների վրա մնացած հայության դեմ ֆաշիստաթուրքական բնույթի ահաբեկչական գործողությունները համալրել է նաև գազատարի պայթեցմամբ:
Դժվար է ասել, թե այդ իրավիճակի հետ կապված ի՞նչ են անում կամ չեն անում Հանրապետության Հրապարակի թիվ 1 կառավարական շենքում գտնվողները, որոնք համարվում են ՀՀ կառավարություն, իսկ նրանց գլխավորողն էլ՝ ՀՀ վարչապետ: Շատ հավանական է, որ նրանք ընդհանրապես ոչինչ չեն մտածում դրա մասին ու ոչինչ էլ չեն պատրաստվում անել: Առավել ևս, որ խոսքը Փաշինյանի ու նրա կողմնակիցների համար այդքան ատելի Արցախի ու արցախցիների գազամատակարարման ընդհատման մասին է: Ի վերջո, Փաշինյանն ու նրա կառավարությունը թուրքական շահերն սպասարկելու նպատակ ու հանձնարարական ունեն, այլ ոչ թե Արցախի կամ արցախցիների խնդիրների մասին հոգալու: Ավելին, կարելի է չկասկածել, որ Փաշինյանն ու նրա կողմնակիցները Արցախի գազամատակարարման հարցի կարգավորումը Ռուսաստանի կամ ռուսական խաղաղապահ ուժերի գործն են համարում:
Մինչ այդ ընդգծենք գազատարի վթարի հետ կապված իրավիճակի ակնհայտ հուշումները: Առաջինն այն է, որ փաշինյանական իշխանության վարած ձախավեր «քաղաքականության» հետևանքով այսօր Արցախը և ՀՀ-ն կապված են բարակ մազե կամրջով, որն ավելի ու ավելի է բարակում: Երեկ ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս որ ՀՀ-ից Արցախ գազ մատակարարվի (եթե անգամ չեն պայթեցրել, այլ միայն խոչընդոտում են, որ վթարի վերացման աշխատհանքներ իրականացվեն): Իսկ վաղը, մյուս օրն էլ նույն ադրբեջանական կողմը կարող է որոշել, որ դադարեցնում է ավտոմոբիլային երթևեկությունը կամ, ենթադրենք, թույլ չի տալիս պարեն, դեղորայք փոխադրող մեքենաների շարժը դեպի Արցախ, կամ ընդհանրապես, որոշում է, որ Արցախ մեկնել ցանկացողները պետք է գնան Բաքու, ադրբեջանական ԱԳՆ-ից «վիզա» ստանան և հետո միայն մտնեն կամ չմտնեն Ստեփանակերտ:
Գազատարի վթարի հետ կապված իրավիճակն ուղղակիորեն ընդգծում է, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա սիրելի գործընկեր Ալիևը ինչ կարգի են անկլավայնացրել Արցախը, ինչի համար, կարելի է չկասկածել, երկուսն էլ խիստ ուրախ ու երջանիկ են:
Ի դեպ, օրերս նիկոլական իշխանությունը «զավթեց» նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պետական ինստիտուտը, և հիմա ՍԻՊ պաշտոնում ՔՊ-ն նշանակել է Նիկոլ Փաշինյանի ու փաշինյանական վարչակազմի պաշտպան Քրիստինե Գրիգորյանին: Վերջինս մարտի 5-ին ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է արել, մասնավորապես նշելով բառացիորեն հետևյալը. «Մարտի 4-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջին աշխատանքային այցս ՀՀ սահմաններից դուրս կատարեցի դեպի Արցախ»:
Սա այն աստիճան խայտառակ հայտարարություն է, որ նույնիսկ մեկնաբանելու ցանկություն չկա:
Լավ էլ ինչպե՞ս պիտի նիկոլականներն արտահայտվեն, որ ամենավերջին պողոսին էլ հասկանալի լինի, թե իրենք հատկապես ում շահերն են սպասարկում և ո՛ւմ կողմից են: Եթե Հայաստանում որևէ պետական պաշտոնյա նման բան է հայտարարում ու շարունակում է առոք-փառոք պաշտոնավարել, ապա դա նրա ներկայացրած իշխանության ու նրա վարչապետի ամրագրված համոզմունքն է:
Ի դեպ, հետաքրքիր է, այս վերջերս այդ «վարչապետն» ինչ-որ էլ չի ծղրտում՝ «Արցախը Հայաստան է, և՝ վե՛րջ»: Ու նրա ինչ-ինչ մանկլավիկներ կային, կհիշեք, որ պնդում էին, որ Արցախը ՀՀ մարզերից մեկն է, իսկ ԼՂՀ նախագահը՝ մարզպետ, դրանց ձայնն էլ դուրս չի գալիս:
Իսկ մյուսնե՞րդ: Սպասում եք, թե ե՞րբ պիտի Նիկոլ Փաշինյանը հայտարարի. «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ»: Չնայած, հայտարարելն ինչ կարևոր է, եթե նա իր ամեն քայլով իրագործում է ալիևյան այդ «թեզը»:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը