02 02 2022

Ո՞ւր են հապա «50 դրամի» «ասպետներն» ու «էլեկտրիկ Երևանի» լեգեոներները

Ո՞ւր են հապա «50 դրամի» «ասպետներն» ու «էլեկտրիկ Երևանի» լեգեոներները

Գիտեք, իհարկե, որ խմելու ջուրը հունվարի 1-ից թանկացել է: Շշալցվածը չէ: Այն, որ ծորակից է հոսում: Ասում են՝ շատ շուտով Նիկոլ Փաշինյանի «հրեշտակային» կառավարության գործունեության շնորհիվ գազն էլ կթանկանա: Իսկ մինչ այդ, թանկացավ էլեկտրաէներգիայի սակագինը, միջինը՝ 4,7 դրամով՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց: Փետրվարի 1-ից։ Հարկ է սրտանց շնորհավորել հատկապես Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար «ձայն տվածներին», քանզի դա նրանց վարդագույն կամ երկնագույն երազանիքն էր, որ ջուրը, հոսանքը, գազը, ձեռքի հետ էլ՝ հացը, գյուղմթերքը, կաղամբն ու կարտոֆիլն էլ ներառյալ, թանկանան:

Ի դեպ, այն «սիգնալ տուր, մերժիր» ծղրտացողներին էլ է պետք շնորհավորել, ԱՊՊԱ-ի համար հիմա մի 3000 դրամ ավելին կմուծվեն:

Առհասարակ, արդար չէ․ օրինակ, նիկոլականների համար էլեկտրաէներգիան պիտի թանկանար միանգամից մի 100 դրամով, ԱՊՊԱ-ն միանգամից մի 30․000 դրամով, ջուր ընդհանրապես չպետք է տային: Բայց այդպես չէ: Քվեարկել են իրենք, թանկանում է բոլորի համար:

Բայց բողոք-մողոք չկա: ԱՊՊԱ-ի հետ կապված թեթևակի քաշքշուկանման մի բան եղավ հրապարակում, ու՝ վերջ: Չնայած, կոնկրետ ԱՊՊԱ-ն տողերիս հեղինակին հետաքրքրում է այնքանով, որ դրա թանկացումը կարող է, վառելիքի բարձր գներին թևանցուկ, ազդել ուղևորափոխադրման ինքնարժեքի վրա: Ասենք, տաքսիների...

Բայց դե հիմա ո՞վ կելնի ցույցեր անելու՝ «ոչ ուղեվարձի 50 դրամ թանկացմանը» պլակատներով: Կորե՛լ են, չկա՛ն, վերացե՛լ են իրենց մեջտեղից պատառոտող «ինծելիգենտները», «հայ հայտնիները» (հիմնականում անկապ երգեր ծղրտացող ու է՛լ ավելի տափակ ու անճաշակ, գռեհիկ սերիալներում կամ «ներկայացումներում» ծամածռվող դերասանիկներն են նման կերպ հիշատակվում՝ «հայ հայտնիներ»): Նրանք այլևս ձայն-ծպտուն չեն հանում: Ի վերջո, 50 դրամը կենսական հարց էր: Դրա՛ դեմ երկրով մեկ աղմուկը-աղաղակ կդնեին: ԱՊՊԱ-ի համար էլ: Բայց որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն Արցախը նվիրեց Ալիևին, Սյունիքը կտոր-կտոր տվել է նույն Ալիևին, դրա՛ դեմ «հայ հայտնիները» երբե՛ք չեն բողոքի: Երևի դա նաև իրե՛նց մանկության երազանքն է եղել: Ու ոչ միայն իրենց:

Վերադառնանք թանկացած էլեկտրաէներգիային: Առանց այն էլ սոցիալ-տնտեսական մղձավանջում հայտնված բնակչության համար դա, ինչ խոսք, նկատելի թանկացում է, որը ցավոտ հարվածելու է գոտկատեղից ներքև, նկատի ունենք՝ գրպաններին:
Ընդամենը մի ինչ-որ 7 տարի առաջ, կհիշեք, երբ էլեկտրաէներգիայի թանկացում էր նախատեսվել, տեղի ունեցավ այսպես ասած՝ «Էլեկտրիկ Երևանը»: Ցույցեր, նստացույցե՜ր, էլ աղբարկղերով Բաղրամյանը փակել, էլ այս, էլ այն...
Սորոսի մոտ «ակտիվիստ» աշխատողները, «քաղհասարակությունը», է՛լ ով ասես, որ այդ օրերին «չէլեկտրիֆիկացվեց»: Ինչպիսի՜ մղում, ինչպիսի՜ պաթոս, ինչպիսի՜ քաջարի պոզաներ՝ աղբարկղերի ու վահանակիր ոստիկանների ֆոնին: Այդ շինծու «ցուցարարության» մասին «Վիքիպեդիայում» մի երկարաշունչ հոդված կա նույնիսկ: Այնտեղ նշված է, որ անգամ հեռավոր Նյու Յորքում, Փարիզում, Բրյուսելում են ցույցեր եղել՝ «Ոչ թալանին» կարգախոսներով: Ի՜նչ պուպուշիկ է, չէ՞...
Լավ, բա ո՞ւր են «էլեկտրիկ Երևանի» բոլոր այդ լեգեոներները: Նրա՞նք էլ են վերացել, արտափախել, զանազան ծակուծուկերը մտել: Ինչո՞ւ հապա հիմա չեն ելնում նույն Բաղրամյանը փակելու, «ոչ թալանին» ծղրտալու: Ի՞նչ է, եկամուտնե՞րն են տասնապատիկ ավելացել, թե՞ հոսանքը այն չի, թե՞ թանկացումն է «բարեգործական»:
Ինքնաբերաբար հարց է ծագում, ավելի ճիշտ՝ բավականին հիմնավոր ենթադրություն: Այն է՝ տարիներ առաջ ուղեվարձի 50 դրամի համար իրենց պատառոտող բոլոր այդ «ակծիվիստներին» ամենևին չէր հետաքրքրում որևէ ուղեվարձ, ինչպես «էլեկտրիկ Երևանի» «ակծիվիստների» համար միևնույն էր էլեկտրաէներգիայի կամ որևէ այլ սակագնի բարձրացումը: Իրենք ընդամենը կույր ու բութ գործիք էին աշխատում Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանը «ներսից պայթեցնելու» թշնամական ծրագրերի շրջանակներում: Ինչպես այդ գործին էին լծված զանազան կեղծ «իրավապաշտպաններ», իբր՝ զինվորների իրավունքների համար, իսկ իրականում՝ բանակի դեմ համակարգված գործող օտար ու թշնամական ուժերի գործակալներ, անբնական սեռական հարաբերությունների քարոզիչներ, տոտալիտար աղանդների ներկայացուցիչներ...

Այդքան բան:

Եվ, եթե այդպես չէ, հապա ո՞ւր են, ինչո՞ւ բողոքի ցույցեր չեն անում: Ի վերջո, բոլորը հո միանգամից Նիկոլի կառավարության կազմո՞ւմ չեն ընդգրկվել: Թե՞ այնքան են «լցվել», որ տեղավորվում են նիկոլական կառավարության տխրահռչակ «կատակախոսի» այն արտահայտության մեջ, որի համաձայն՝ որքան ավելի է ամեն ինչ թանկանում, այնքան մարդիկ ավելի լավ են ապրում:

Հարցը, մեծ հաշվով, ինչ-որ թերուս-պոռոտախոս-ստախոս-ինքնահավանը չէ, հարցը բավականին լայն տարածված երեսպաշտությունն ու կեղծավորությունն են: Հակառակ դեպքում, ինչպե՞ս է հնարավոր, որ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավորներ «ավելի լավ Հայաստանի» համար (ինչպես իրենցից ոմանք են հիմա ասում) 2018-ին լցվեին փողոցներ ու հրապարակներ, դրա հետևանքով հայտնվեն ուղղակիորեն մահացու մղձավանջի էպիկենտրոնում, բայց ձայնները կտրած, «պոչները» ոտքերի արանքը մտցրած, հեզ ու խոնարհ կուլ տան իրենց իսկ մեղքով ստեղծված մղձավանջի արնակոյաջուրը և...  դեռ մի բան էլ՝ իրեն լավ զգան:
Ապագա, իհարկե կա, բայց ո՛չ Հայաստանում, ո՛չ այս անպիտան «իշխանության» հետ, ո՛չ նման կեղծավոր-երեսպաշտ սպառիչների բազմությամբ:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ