18 01 2022

Կռապաշտությո՞ւն, թե՞ էլի ինչ-որ բան…

Կռապաշտությո՞ւն, թե՞ էլի ինչ-որ բան…

Ինչ օրախնդիր, անգամ՝ կենսական հարցեր էր քննարկում «առաջադեմ հայ հասարակայնությունը» վերջին օրերին: Ահա դրանց ոչ ընդարձակ ցանկը:

Հարց առաջին. Գագիկ Ծառուկյանի կողմից և ֆինանսավորմամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի չգիտեմքանիմետրանոց արձան (մեղա Աստծու) տեղադրելու նախաձեռնությունը կամ մտահղացումը: Դե իհարկե, դա խիստ անհրաժեշտ է: Կենսակա՛ն:

Հարց երկրորդ. նիկոլական վարչախմբի նախարարներից մեկը մաթեմի օլիմպիադայում փայլատակե՞լ է, ինչպես ինքն է պնդում, թե՞ տապալվել է, ինչպես պնդում են ընդդիմախոսները, որ պեղել-գտել-հրապարակել էին այդ նախարարի կողմից պարծենկոտությամբ մատնանշած օլիմպիադայի արդյունքները:

Սկսենք առաջին «կենսական» հարցից:

Չէ, իհարկե, միլիոնատեր Գագիկը Ծառուկյանը միանգամայն ազատ է իր ֆինանսական միջոցները տնօրինելու հարցում: Համենայն դեպս, ի՛ր փողերն է ծախսում կամ ծախսելու: Կցանկանա՞ կուսակցության «արձան» կբացի, դրանից կձանձրանա՞, համապատասխան ՀԱՕԿ-ի պալատանման շենք-արձան կբացի: Կուզենա՞ մեկ այլ հետաքրքիր բան կպատվիրի, ասենք, համապատասխան առյուծների արձանախումբ: Ո՞ւմ ինչ գործն է:

Ի վերջո, հո փաշինյանական տարբերակով, օրինակ, «պադավատների», նույն ինքը՝ ծառայողական մեքենաների քանակը քննադատելով, քլնգելով իշխանապետ չի՞ դարձել ու դրանից անմիջապես հետո բազմապատկել թե՛ «պադավատները», թե՛ դրանց համար պետական բյուջեից արվող ծախսերը: Կամ, ասենք, արագաչափերը քլնգելով եկել են իշխանության ու բազմապատկել արագաչափերի քանակը: Կամ, ասենք, հայտարարել են, թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» և… քաղաքացուն վերածել են տուգանքի ամենաիսկական մատերիալի: «Ժողովրդավարություն, ժողովրդավարություն» ասելով եկել են իշխանության և երկիրը վերածել գարշահոտ, արնածոր ու զզվելի բռնապետության: Եվ այդպես, ցավոք, դեռ շարունակ:

Դժվար էր, իսկ միգուցե ամենևին էլ դժվար չէր պատկերացնել, բայց բանը հասավ նրան, որ Մայր Աթոռն էլ արձագանքեց Հիսուս Քրիստոսի արձան դնել-չդնելու, որտեղ դնել-չդնելու հարցերին: Քաղաքավարի բացատրեցին, որ դա անելու բան չէ, մեղմ ասած:

Չնայած, կրկնենք, ոչ մեկը երևի թե չի կարող Գագիկ Ծառուկյանին արգելել, որ իր տնամերձ տարածքում ոչ միայն Հիսուս Քրիստոսի 500 մետրանոց արձան, այլ, ասենք, համապատասխան «Խորհրդավոր ընթրիք» կամ «Հուդան ստանում է 30 արծաթը», կամ «Մարուքյանի դասական ելքը ավետյաց երկրից», «Սուրբ Նիկոլայը մի պարկ ոսկի է նվիրում խնամի Սուքիասյանին» քանդակագործական համալիրներ կառուցել տա՝ համապատասխան տրավերտինից պատրաստված:

Իսկ եթե կարճ կոնկրետ, ապա նման արձան տնկելու մտահղացումը որոշակիորեն առկա մղձավանջային իրականության արտացոլումն է: Դա, իհարկե, ամենաիսկական կռապաշտության դրսևորում կլինի, ցանկացած դեպքում, բայց… օրինաչափ է: Վերջիվերջո, երբ տիրապետողը նիկոլական իշխանացածրունքից հորդացող մաղձն է, երբ գերակշռում է ատելությունը, Տիրոջը խաչում են: Դե, հիմա Հիսուս Քրիստոսը նիկոլական ոստիկանության ճանկը չի ընկել, որոշել են արձանային տարբերակով խաչել: Օրինաչափ է. երբ հասարակության հավատը իշխանության կողմից ապականված է, սերը՝ այլասերած, հույսը ոչնչացված, ժողովուրդը մահվան, իսկ պետությունը կործանման ընթացքի մեջ դրած, ուրիշ էլ ի՞նչ է մնում անել, եթե ոչ՝ քարարձաններ տնկել:

Երկրորդ հարցի վերաբերյալ. եթե ուրիշ բան չլիներ, չնայած բազմաթիվ «ուրիշ բաներ» կան, ապա Քերոբյանին (այն նախարարին, էլի) ցանկացած որևէ այլ կառավարության կազմից վռնդած կլինեին՝ ավանակին թարս նստեցրած: Եվ դա կանեին նրա այն հայտարարության պատճառով, թե ինքը երկնիշ տնտեսական աճի մասին ասել է միայն այն բանի համար, որ հույս ներշնչի կամ ոգևորություն հարուցի: Այսինքն, ստախոսության հրապարակային խոստովանություն էր դա: Եվ, եթե որևէ կառավարություն ամբողջ կազմով չի ցանկանում ստախոսական համարվել, ապա կազմից պետք  հեռացնի նման անպատասխանատու մեկին, կարելի էր նաև առանց ավանակին թարս նստեցնելու, պարզապես:

Ահա այս երկու հարցերի շուրջ էին բուռն քննարկումներ ծավալվել վերջին օրերին: Երկուսն էլ դատարկ թեմաներ են, իհարկե: Բայց փոխարենը՝ որքա՜ն ուշադրություն կենտրոնացրեցին իրենց վրա: Դա նարկոզ է, թմրեցում: Այն իմաստով, որ, այսպես ասենք՝ երկիրը մի որոշ ժամանակ մոռացավ, որ բառացիորեն մի քանի օր առաջ թուրքերի կրակոցներից էլի հայ զինվորականների են զոհվել, Նիկոլի հռչակած ու բացած «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում: Մի որոշ ժամանակ մոռացան, որ Նիկոլի իշխանությունը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել Հայաստանը: Մոռացան, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի 80 տոկոսը թուրքերին է հանձնել, իսկ մնացածն էլ՝ Ռուսաստանին:

Չեմ ասում՝ մոռացան, քանզի արդեն ո՞վ է հիշում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մի ամբողջ սերունդ է կոտորածի մատնել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» ծղրտալով, իսկ հիմա էլ քրթմնջում է, թե՝ «Արցախը ադրբեջնական է, և վերջ»: Իսկ ինչո՞ւ չքրթմնջա, եթե կարող է միմնագամից մի քանի իրարամերժ բան ասել (ինքը, իր պարգևավճարված «թիմակիցները»), բայց նրա «վկաները» կշարունակեն ծափահարել, «ջուջուլակերել» ու առհասարակ: Հիմա էլ Նիկոլի «աստվածային բնույթի» աղանդավորական մաշված պլակատներն են կրկին հարթակներ նետել: Այ, դա ամենաիսկական կռապաշտություն է և առանձին անդրադարձի թեմա: Եվ, քանի որ նիկոլական քարոզչամեքենան կրկին «Նիկոլ-աստված» գծի վրա է ելել, նշանակում է դրանք անցել են հերթական կործանարար նախագծի բուն իրականացմանը:

Հո հենց այնպե՞ս չէ մեկնարկել  Թուրքիայի հետ Նիկոլ Փաշինյանի սիլի-բիլիի ցուցադրվող մասը, որին թուրքերն իրենց դրոշակով են գալիս, իսկ Հայաստանը ներկայացնողը անդրոշակ ավտոյով:

Հարկավ, կարելի է բուռն քննարկել Քրիստոսի արձան դնել-չդնելու, ինչ-որ մեկի՝ օլիմպիական մաթեմատիկոսիկ լինել-չլինելու հարցերը և… շարունակել ապրել կոյաճահճամղձավանջի ու այն ստեղծած «իշխանության» առկայության պայմաններում:

Արմեն Հակոբյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ