«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Ազգային անվտանգության ծառայությունն այն կուղարկի դատարան: Խոսքը 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործին է վերաբերում, որով մեղադրանք է առաջադրվել 9 անձի, այդ թվում՝ Ծառուկյանին՝ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Եւս 5 մարդու էլ մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Այս գործով հարցաքննվել է 162 մարդ։
Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում Գագիկ Ծառուկյանին զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Հետաքրքիր է, որ այս գործով մեղադրվող բոլոր անձանց առնչվող քրեական գործերը կարճվել են, եւ միայն Ծառուկյանի գործն է ուղարկվում դատարան:
Ի դեպ, սա մեծ հաշվով փուչիկ գործ էր, քանի որ այդպես էլ հիմնավոր ապացույցներ ձեռք չէին բերվել, որ Ծառուկյանն ընդհանրապես կապ ուներ ընտրակաշառքի թեմայի հետ, պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ, եւ հիմա ստիպված են գործն ուղարկել դատարան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը