05 10 2021

Ռոբերտ Քոչարյանի առանցքային շեշտադրումները

Ռոբերտ Քոչարյանի առանցքային շեշտադրումները

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, առհասարակ հրապարակային ելույթը, ինչ խոսք, սպասված էր: Հարցն այն չէ միայն, որ ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում «Հայաստան» դաշինքի ղեկավարը նման լայն ընդգրկմամբ ելույթ, ասուլիս չէր տվել:

Խնդիրն այն է, որ նախ, քաղաքական առումով ԱԺ արտահերթ ընտրությունները ոչ միայն չեն հանգուցալուծել երկրում առկա համակողմանի ու խորագույն ճգնաժամը, այլև չեն նախանշել իշխանության ղեկին մնացած արկածախնդիր ու անպատասխանատու նիկոլական թիմի կողմից այն հաղթահարելու թեկուզ նախնական ազդակներ: Հակառակը՝ քաղաքական ճգնաժամն է՛լ ավելի է խորացել, անվտանգային, ինքնիշխանական, տնտեսական, առողջապահական, սոցիալական սպառնալիքներն ու տագնապները բազմապատկված են սկսել խորանալ: Նման պայմաններում, ինքնին, էապես ընդգծվում է ուշադրությունն ընդդիմադիր հիմնական ուժերի առաջնորդների, նրանց հայտարարությունների և գործողությունների նկատմամբ: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, կարելի է ասել, հանրության մեծ մասի կողմից ընկալվում է որպես հիմնական ընդդիմադիր առաջնորդ, երկիրն ու ժողովրդին այս կատաստրոֆիկ վիճակից հանելու ընդունակ գործիչ, անկախ այն հանգամանքից, թե անձնապես յուրաքանչյուրն ինչ վերաբերմունք կամ ընկալում ունի նրա նկատմամբ:

Ի լրումն, նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերստին ուշադրություն սևեռեց հիմնական խնդիրների ու հարցերի վրա, ինչը որակապես տարբերվում է ընթացիկ առօրյա տարտամ ու ջրիկ, հիմնականում շնծու օրակարգից, որն առաջարկում, կամ ավելի շուտ՝ մակերեսային սոցցանցային հարթակում փորձում են պահել Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած անպատասխանատուները:

Հիմնական հարցերի մի զգալի մասը, անխուսափելիորեն վերաբերում է մեկ տարի առաջ, այս օրերին ծավալված պատերազմի դրամատիկ, ողբերգական ու չարաղետ ընթացքին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ասուլիսի ընթացքում «44-օրյա պատերազմի» վերաբերյալ արած մի շարք շեշտադրումներով, կարծում ենք, շատ-շատերին վերադարձրեց դառը ու դաժան իրականություն: Իսկ այդ իրականության մեջ առանցքայինն այն է, որ Նիկոլ Փաշինյանի «դասավորած» պատերազմի ու դրա ընթացքի վերաբերյալ կոշտ հարցադրումները, կասկածներն ու մեղադրանքները ոչ մի տեղ չեն անէացել, չեն մարվել, չեն փարատվել և շարունակում են մնալ հրատապ և պատասխանի սպասող: Չնայած, գերադասելին այն կլիներ, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գործակիցները ակնկալվող պատասխանները տային՝ «Հայկական Նյուրնբերգի» դատավարության ժամանակ, ճաղավանդակի ներսում դրված մեղադրյալի «էլեկտրական աթոռին» նստեցված կարգավիճակում: Սակայն Նիկոլն ու նրա գործակիցները առայժմ նստած են, համապատասխանաբար՝ վարչապետի և անարդարացիորեն ու ժողովրդի արյան ու քրտինքի հաշվին ձրիակերաբար տրվող պարգևավճարային աթոռներին: Առայժմ:

Հիմնական շեշտադրումներից մեկը, հարկավ, դեպքերի ընթացքը Նիկոլ Փաշինյանի կողմից որոշակի հետևողականությամբ պատերանզմական զարգացման անխուսափելիությանը հանգեցնելու վերաբերյալ է: Հանգամանք, որի վրա կրկին ուշադրություն հրավիրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մյուս առանցքային շեշտադրումը պատերազմի ընթացքում թույլ տրված կոպտագույն սխալներին է վերաբերում, ինչը լիարժեք տեղիք է տալիս կասկածներ և հիմնավո՛ր կասկածներ ունենալ առ այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գործակիցները կանխամտածված ու միտումնավոր են կատարել այնպիսի քայլեր, որոնք Հայաստանը, Արցախը, Հայոց բանակը տանեն պարտության: Այդ շարքում, օրինակ, կարելի է նշել բազմիցս արծարծված մարդկային, տնտեսական ու ռազմատեխնիկական ներուժի մոբիլիազիայի հարցում թույլ տրված ճակատագրական, եթե չասվի՝ աններելի սխալները: Դա և՛ լրահամալրման կասեցումն է, և՛ զինապարտ-պահեստազորայինների, այն է՝ բանակային կառույցի շրջանակներում բանակի համալրումն ապահովելու փոխարեն «ֆիդայական ջոկատների» ռեժիմի անցնելու փաշինյանական գերսխալ մոտեցումը (այն որ ասում էր՝ ամեն մեկդ մի կասկա, բռոնեժիլետ ճարեք, ջոկատ կազմեք, հրամանատար ընտրեք, գնացեք մարտադաշտ): Դա նաև այն իրողությունն է, որ տիրապելեով ռազմական գործողությունների և դրանց հետևանքների իրական տվյալներին, շաբաթներ շարունակ գործնականում ոչ մի քայլ չի արվել՝ դեպի Շուշի և Արցախի խորքը տանող ճանապարհներին պաշտպանական բնագծեր ստեղծելու համար:

Այս բոլոր և մի շարք այլ իրողությունների մասին հիշեցնելով, դրանաց վերաբերյալ զուսպ, բայց բավականին կոշտ գնահատականները թարմացնելով, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց բոլորին ու առաջին հերթին օրվա «վայ-իշխանությանը», որ կարճ ասած՝ ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել: Ի լրումն, էական է նախագահի ընդգծումը, որ պայքարը ոչ միայն չի դադարել, այլև շարունակվում է և, ինչպես կարելի է տրամաբանորեն ենթադրել, շուտով նոր թափ է ստանալու: Ասել կուզի՝ բոլոր առանցքային հարցադրումները, մեղադրանքները, որոնք հասցեագրված են նիկոլական չարաղետ իշխանությանն ու անձնապես «իշխանիկներին» տակավին օրակարգում են ու ավելի սուր են դրված:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ