23 06 2021

Поздравляю тебя, Шарик, ты балбес! Ի՞նչ կա «իմպըրտնի» շնորհավորանքների ետևում

Поздравляю тебя, Шарик, ты балбес! Ի՞նչ կա «իմպըրտնի» շնորհավորանքների ետևում

Ակնհայտ է, որ հունիսի 20-ի այսպես կոչված «ընտրությունների» արդյունքները, մեղմ ասած՝ վիճարկելի են: Եթե չասենք՝ վիճահարույց են: Համենայն դեպս, շքեղ, 1995-96 թվականների ոճի «ընտրություններ» էին, որոնցից հետո բոլոր նորմալ մարդիկ լսում են «արդյունքների» մասին հրապարակվող թվերը, ու իրար հարցնում՝ «դու ընտրե՞լ ես, իսկ դո՞ւ, իսկ դո՞ւ...»: Պարզվում է՝ ներկաներից ոչ մեկը չի ընտրել, բայց հայտարարում են, որ ընտրվել է: Եթե զուտ պաշտոնական թվերին նայենք, ապա ստացվում է, որ գրանցված ընտրողների ընդհանուր թվի մոտ 25 տոկոսի ձայներով որոշվել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի վարի տալ դեռևս Հայաստան կոչվող պետությունը, որ արդեն պետություն էլ չէ, այլ՝ այնպես, ինչ-որ անհասկանալի էթնիկ կազմով բնակչությամբ տարածք:

Համենայն դեպս, մոտ 666 հազար «նիկոլփաշինյաններ» որոշեցին, որ «ապագա կա» ու իրենց քվեներով բոլորիս պետք է ուղիղ գծով տանեն այդ ապագայի գերեզմանափոսը:

Դրան, իհարկե, դեռ կհասցնենք էլի ու էլի անդրադառնալ: Տվյալ դեպքում հետաքրքիր է, օրինակ, այն, թե արտաքին աշխարհը, լինի ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եվրոպան, թե հարևան Իրանը ինչպես արձագանքեցին: Չորս կողմից հենց միայն շնորհավորանքի խոսքեր է, որ լսվում են: Թե բա՝ շնորհավորում ենք հայ ժողովրդին, որ ընտրություն եղավ: Կամ ասենք՝ տեսնում ենք քվեարկության արդյունքները, շնորհավորում ենք:

Իսկը էն խորհրդային հայտնի մուլտիկի տարբերակով, որ Մատրոսկին կատուն ստիպված շնորհավորական հեռագրի բլանկի վրա գրում է. «Поздравляю тебя, Шарик, ты балбес !»: Այսինքն, կատուն միայն վիրավորել կամ խայթել էր ուզում, բայց քանի որ բլանկը շնորհավորական էր... շնորհավորեց:

Հիմա մերն է:

Հայաստանի տարածքով հետաքրքրված արտաքին խաղացողները խնդիր չունեն: Նրանք իրենց ծրագրերը կազմել են, ամեն մեկն իրեն համար արդեն որոշել է, թե Հայաստանի մնացորդներից հատկապես որ կտորն է իր թաթի տակ առնելու կամ ինչ է անելու, բոլորին ավելի ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի նման ավերակող քանդարարը, քանի որ նման անողնաշարավոր, թշնամու առաջ կզած ու թշնամու հաղթանակով հպարատացող թյուրիմացությունը լիովին համահունչ է իրենց ծրագրերին: Մինչդեռ որևէ այլ, ասենք ազգային ուժի իշխանության գալու դեպքում բոլորի պլաններն այսպես թե այնպես վերանայվելու էին:

Սակայն հարցն այսպես ասած «դավադրությունների տեսությունը» չէ միայն: Հարցն այն է, որ ասենք թեհրանում կամ Մոսկվայում հրաշալի տեսնում են, որ Հայաստանում բնակչության 25-26 տոկոսը որոշեց, որ իրենց ու նաև մնացածին Հայաստան անունով պետություն ընդհանրապես պետք չէ: Ու ասում են՝ շնորհավորում ենք հայ ժողովրդին, իսկ մտքում ավելացնում «բայց դուք ինչ հիմար ու պետություն ունենալուն անարժան, բոշա ցեղ դուրս եկաք»:

Կարճ ասած՝ կա՞ ինչ-որ արտաքին դավադրություն, թե չկա այն, արդեն այնքան էլ էական չէ: Էականն այն է, որ ընդհանուրի 25 տոկոսի ձայներով որոշվեց, որ այո, բոլոր հայերը ուղղակի ցնծում են, որ վերջապես ազատվեցին Արցախից ու էդ վատ, փիս արցախցիներից, որոնց հետ թուրքերը կարող են անել ինչ ուզում են: Բոլոր հայերը ուղղակի ցնծում են և հայտարարում, որ այո, մենք զզվում ենք պետությունից ու մեզ պետություն պետք էլ չէ: Բոլոր հայերը երազում են, որ թուրքերը լցվեն Հայաստան:

Հա, ու կառավարության շենքի վրայից եռագույնը հանեք: Էս տարածքում եռագույն դրոշը միայն զոհված տղաների շիրիմների վրա տեղ ունի: Տղաներ, որոնցից որոշների ծնողներ անգամ ուրախ են, որ որդին զոհվել է, բայց փոխհատուց,ամ գումարով ավտո են առել և կարող են «տաքսավատ անել» կամ, ասենք, «ռեմոնտ»: Զայրացնելու համար չեմ ասում: Կան նման անձինք:

Նմաններին, այո, ոչ միայն կարելի է, այլև պետք է շնորհավորել: Բա հո չէին ցավակցելո՞ւ: 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ