10 06 2021

«Հայաստան» դաշինք. «Մենք երաշխավորում ենք անվտանգ երկիր, պաշտպանված սահմաններ»

«Հայաստան» դաշինք. «Մենք երաշխավորում ենք անվտանգ երկիր, պաշտպանված սահմաններ»

Կոնկրետությունը միշտ գերադասելի է:

Ճիշտ է, լինում է, որ անորոշությունների ահռելի փուչիկն էլ է գայթակղում, ըստ որում՝ շատերին, բայց…

Բայց բոլորը տեսան, թե ինչ աղետի, ողբերգության ու դեռ շարունակվող տնաքանդության է հանգեցնում պոռոտախոս-պոպուլիստի ու անպատասխանատու խաբեբայի փչած երփներանգ փուչիկներով գայթակղվելը: Շատերը, հնարավոր է, անգամ չպատկերացնելով, կաթսա զարկելով, հավատացին մի անարժան ստախոսի, որը նրանց խոստացավ վարկերի զրոյացում, արագաչափերի ու կարմիր գծերի վերացում, տուգանքների վերացում, խաղաղություն ու երջանիկ կյանք: Կաթսա զարկեցին ու ընտրեցին, քաջ Նազարի այդ ռեինկարնացիային դրեցին իրենց ուսերին ու երկրի գլխին և ստացան… նորանոր տուգանքներ, վարկերի տակ ճկռում, երկրի արտաքին պարտքի ավելացում, համաճարակ, մահեր, պատերազմ, հազարավոր զոհեր, Հայրենիքի մի էական մասի կորուստ, ավեր, ու… նոր ստեր, դեռ մի բան էլ՝ ոչինչ չասող «խոստում»՝ ապագայի մասին, ինչը դրանց պիղծ շուրթերից որպես համընդգրկուն ծաղր է հնչում: Հա, դեռ մի բան էլ, պարզվեց, որ նա, ով այդ բոլոր ավերումներն ու հանցանքները գործել է, ոչ մի բանում ոչ մի գրամ մեղավոր չէ: Բոլորը մեղավոր են, բացի իրենից: Երևի վերջում էլ, անեկդոտային տարբերակով կասի՝ լավ, բա դուք չտեսա՞ք, որ խաբեբա-խառնակիչի մեկն եմ, ուրեմն դուք եք մեղավոր: Բայց հուսանք, դա նրան չի օգնի, և կգա պատասխան տալու պահը:

Այդ առումով արդեն իսկ պարզորոշ տեսանելի է, որ այս երկրաքանդ-ձախավերներին քշելու և պետությունը, երկիրը, տնտեսությունը, կյանքը վերականգնելու ունակ հիմնական ուժը «Հայաստան» դաշինքն է:

Իսկ ի՞նչ է ասում նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅ Դաշնակցության ու «Վերածնվող Հայաստանի» ձևավորած դաշինքը, որն իր հանձնառությունը ձևակերպել է այսպես. «Մենք պարտավոր ենք կասեցնել ազգակործան այս ընթացքը, դասեր քաղել անցյալից, Հայաստանն ազատել օտարածին օրակարգով շարժվող և թշնամու շահերը սպասարկող խմբակից, բոլոր ջանքերը գործադրել պետության և հասարակության կայուն, առողջ զարգացման համար, կառուցել մեր երկրի ապագան»:

Հատկապես այդ կոնտեքստում էական նշանակություն է ստանում այն, թե իշխանության հայտ ներկայացրած ուժը, այսպես ասենք՝ կարճ-կոնկրետ շեշտադրումներով ի՛նչն է միանգամից մերժում և ի՛նչն է խոստանում ապահովել:

«Հայաստան» դաշինքը, ձևավորման հիմնարար փաստաթղթում՝ համագործակցության »հռչակագրում» հստակ ու ընկալելի ամրագրել է, որ բացառում է.

  • Մեկ անձի ձեռքում իշխանական լծակների կենտրոնացումը,
  • Պետական իշխանության ինստիտուտների կազմաքանդումը,
  • Իշխանության ամբարտավանությունը, ամենաթողությունը, ապազգային և ամբոխավարական գործելաոճը,
  • Արդարադատությունը խոչընդոտելը,
  • Հասարակության մեջ ներքին բաժանարար գծերի ստեղծումը, ներազգային պառակտումը,
  • Սոցիալական բևեռացումը,
  • Հանրային կարծիքի այլասերումը և կեղծ լուրերի հետևողական շրջանառման դատապարտելի քաղաքականության շարունակումը:

Կարևոր են բոլոր կետերը, բայց հիմնարար պետք է նկատել մեկ անձի ձեռքում իշխանական լծակների կենտրոնացումը բացառելը, ամենաթողությունն ու ամբոխավարությունը, հանրային կարծիքի այլասերման մերժումը: Այսինքն, «Հայաստան» դաշինքը մերժում է բոլոր այն հոռի երևույթներն ու անորակությունները, որոնց առավել այլասերված դրսևորումներն ու աղետալի հետևանքները տեսնանք «թավշյա» հեղաշրջումից հետո ու դեռ շարունակում ենք տեսնել:

Իսկ ի՛նչ է երաշխավորում «Հայաստան» դաշինքը.

  • Պետական համակարգի արդյունավետ կառավարում,
  • Անվտանգ երկիր, պաշտպանված սահմաններ,
  • Տնտեսության ակտիվացում, գյուղատնտեսության զարգացում, ներդրումների ներհոսք, կյանքի որակի տեսանելի բարելավում, աղքատության ցուցանիշների շեշտակի նվազեցում,
  • Բացառապես լեգիտիմ ընտրություններով իշխանության ձևավորում,
  • Կոռուպցիայից, հովանավորչությունից և չարաշահման որևէ դրսևորումից զերծ իշխանության գործունեություն,
  • Պետական իշխանության ու բիզնեսի տարանջատում,
  • Սոցիալական արդարության և բարեկեցության անհրաժեշտ պայմանների ստեղծում. հանրային կյանքի որակի իրական և առաջանցիկ բարելավում,
  • Երիտասարդության ակտիվ ներգրավում,
  • Հասարակության մեջ նոր վարքականոնի հաստատում։ 

Ճիշտ է, այսօր, կոնկրետ՝ ստեղծված իրավիճակում ինքնաբերաբար առաջին պլան է եկել «անվտանգ երկիր, պաշտպանված սահմաններ երաշխավորելու» հրամայականը: Դա առանցքային պահ է, քանզի եթե որևէ իշխանություն, ինչպես այսօրվա վիճակում է, չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը, մնացյալի մասին խոսակցություններն ու մնացյալ ամենը իմաստազրկվում են:

Այս տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, գալով իշխանության, իսկապես ի վիճակի է լուծել թե՛ երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման, թե՛ սահմանների պաշտպանության խնդիրները: Ավելին, երբ ասվում է, որ երաշխավորում են պետական համակարգի արդյունավետ կառավարում, տնտեսության ակտիվացում, գյուղատնտեսության զարգացում, ներդրումներ, կյանքի որակի բարելավում, կոնկրետ «Հայաստան» դաշինքի դեպքում դրանք ոչ միայն ապագային միտված խոստումներ են, այլև ռեալ փաստերով ամրագրված ձեռքբերումներ, գործեր, որոնք իրականացվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահական պաշտոնավարման ժամանակահատվածում:

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ