Մայիսի 11-ի, լույս 12-ից, երբ ադրբեջանական զինուժը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ Սև լճի ու Կութ գյուղի ուղղություններով ներխուժեց անմիջականորեն Հայաստանի Հանրապետության տարածք, անցել է արդեն 20 օր: Եթե ավելի հստակ արտահայտվենք, ապա՝ 20 օր է անցել, ինչ ՄԱՄՈՒԼԸ բացահայտեց ու տեղեկություն տարածեց թշնամու կողմից մեր պետության տարածք ներխուժելու մասին:
Ի՞նչ է տեղի ունեցել անցած այդ 20 օրվա ընթացքում: Անհրաժեշտ է հիշեցնել, քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերի հիմար հայտարարությունների հեղեղը նաև նպատակ ունի իր տակ սվաղել, մոռացության մատնել տակավին ընթացքի մեջ գտնվող խայտառակագույն իրողությունները, որոնցից յուրաքանչյուրը կբավականեցներ որևէ այլ երկրի որևէ կառավարության 4 անգամ կալանավորելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Հրաժարական տված, բայց ապօրինաբար ՀՀ վարչապետի պարտականություններ կատարողի (Նիկոլ Փաշինյան) խմբոնը նախ, ակտիվորեն սկսեց հերքել թշնամական ստորաբաժանումների տարածված տեղեկությունները, մեղադրելով այդ լուրերը տարածողներին… «ներքաղաքական շահարկումների» մեջ:
Հետո, հիշյալ «վարչապետի պաշտոնակատարը» ժամեր անց պաշտոնապես հաստատեց թշնամու ներթափանցման փաստը:
Թշնամին այդ ընթացքում շարունակեց խորանալ ու դիրքավորվել ՀՀ տարածքում, տարբեր տեղամասերում՝ 1,5-ից մինչև 3,5 կմ օպերատիվ խորությամբ, սկսեց ավելացնել ՀՀ տարածքը զավթած իր առաջապահ ստորաբաժանումների անձնակազմի թիվը:
Երբ տեղեկություն տարածվեց, որ արդեն ավելի քան 1000 ադրբեջանական զինվորական փաստացի գտնվում ու դիրքավորված է ՀՀ տարածքում, հիշյալ «վարչապետի պաշտոնակատարը» ու նրա մանկլավիկները նախ, կրքոտ սկսեցին հերքել, բայց կարճ ժամանակ անց, ինչպես հասկանում եք՝ հաստատեցին:
Էլ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյան կոչվողը: Ճի՛շտ է. վրա-վրա Անվտանգության խորհրդի մի քանի նիստ արեց, դիմեց ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ ՄԽ-ին, ում ասես՝ անգամ գնաց Կութ ու հեռադիտակը մոտեցրեց քթին…
Այս ընթացքում թնամական ուժերը ամրացրին իրենց դիրքերը մեր երկրի ներսում, մեր երկրի տարածքում նախ՝ սպանեցին հայ զինծառայողի, ապա դրա հաջորդ օրը՝ գերեվարեցին 6 հայ զինվորի, որոնք, փաստորեն, առանց կրակային ապահովման, սակրավորական աշխատանքներ էին իրականացնում:
Հա, Նիկոլ Փաշինյանը իրավիճակի «հանգուցալուծման» ինչ-որ «թույն պլան» մոգոնեց, որին անգամ արձագանք եղավ, բայց որի իմաստը հանգում է այն բանին, որ մե՛ր զորքը մե՛ր երկրի տարածքում պիտի հետ քաշվի: Օրինակ, որ Սիսիանի մատույցներում մերոնք որ մի քիչ էլ հետ քաշվեն արևելյան սահմանագծից, ապա կհայտնվեն… Նախիջևանի հետ սահմանին:
Փաշինյանի «թույն պլանի» ամենից ակնհայտ գնահատականը տվեց նրա իսկ նշանակած ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ հրաժարական տալով, իսկ այսօր արդեն բացահայտելով. «…Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։
Հա, է՛լ ի՞նչ եղավ անցած 20 օրվա վերջին 2-3 օրերին: Նիկոլ Փաշինյանը մեկը մյուսից անհեթեթ ու հակապետական, նաև՝ անբնական ու հակամարդկային հայտարարույթուններ արեց, որոնց «պսակը» այս անգերազանցելի տխմարությունն է. «Ես, հպարտ եմ, այո, մեր պարտությամբ»:
Հայաստանի կործանման ընթացքով անցավ 20 օր:
Մեր երկրի կործանումը կասեցնելուն, իսկ կործանողներին պատասխանատվության ենթարկելու գործընթացն սկսելուն մնաց 20 օր:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը