27 04 2021

Փաշինյանը կեղծ ու ձևական է ամեն հարցում, նույնիսկ՝ հրաժարականի

Փաշինյանը կեղծ ու ձևական է ամեն հարցում, նույնիսկ՝ հրաժարականի

Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի ապրիլի 25-ի հրաժարականը կեղծ է ու ձևական, ինչպես իր գրեթե ամեն մի դրսևորում: Թերևս միայն Հայաստանի ու հայության հանդեպ նրա ատելությունն է իրական ու խորը, ինչի հետևանքները ակնհայտ են՝ արդեն ավելի քան կես տարի: 

Ի դեպ, «կես տարվա», այն է՝ 6 ամսվա մասին: Թեպետ շատերը արդեն մոռացած կլինեն, բայց իր ստորագրած կործանարար ու նվաստացուցիչ «կապիտուլյացիոն ակտից», այսպես կոչված՝ «եռակողմ հայտարարությունից» հետո, համառորեն կառչած մնալով վարչապետի պաշտոնից, Նիկոլ Փաշինյանը ինչ-որ «ճանապարհային քարտեզ» մեջտեղ բերեց, 15 կետանոց քայլերի շարք, որոնց վերաբերյալ 6 ամիս անց, այն է՝ հունիսին պիտի, իբր, հաշվետվություն տա: Թե ինչ հաշվետվություն կարելի է սպասել ստախոս, անպատասխանատու, անհաշվետու, կեղծավոր ու խառդախ մեկից, ինչպիսին դա է, մեծ հաշվով, դժվար չէ պատկերացնել: Սակայն նույնիսկ իր հռչակած այդ «ճանապարհային քարտեզ» ասվածը չի իրականացվել գրեթե ոչ մի կետով:

Խնդրեմ.

«1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ»:

Ի՞նչ, վերականգնվե՞լ է «բանակցային գործընթացը», որը նույն Նիկոլ Փաշինյանը կանխամտածված տորպեդահարեց, Արցախի մնացորդների կարգավիճակի հա՞րց է քննարկվում իրականության մեջ, թե՞ Սյունիքը զավթելու մասին Փաշինյանի սիրելի «կիրթ ու կարուցողական» գործընկեր Ալիևի սպառնալիքները:

Ի դեպ, որպես այդ «ծրագրի» 3-րդ կետ նշվել է. «Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»: Նշված է մի բան, որը պետության ուղիղ պարտավորությունն է և կախված չէ ու չպետք է կախված լինի որևէ վարչապետի անձից կամ այն բանից, թե ինչ կուսակցություն է այդ պահին մեծամասնություն կազմում ԱԺ-ում:
Մեկ այլ կետ. «7. Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում»: Ո՞ւ: Ի՞նչ «հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգ» է ձևավորել ֆեյքերի «ֆաբրիկաներ» շահագործող և օրնիբուն հասարակության վրա թույն ու մաղձ արտաշնչող այս ապիկարների «իշխանությո՞ւնը»:

Մի խոսքով, անգամ իր իսկ հռչակած, հիմնականում այստեղից-այնտեղից արտագրած, առանց բովանդակային ծանրակշիռ հենքի՝ ինչ-ինչ հայտարարված քայլերի առումով Փաշինյանը հաշվետու լինելու ոչինչ չունի: Ու դա հիմնավորելու համար բավարար էր նշել հենց միայն այս կետը. «6. Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ»:

Ցանկացած քաղաքացի կարող է և ինքնուրույն վերհիշել ինչպես փաշինյանական հերթական փուչիկության բովանդակությունը, այնպես էլ ծանրութեթև անել, թե իր իսկ ասածներից ինչ է նա կատարել...
Ինչ վերաբերում է նրա հրաժարականի կեղծ ու ձևական լինելուն, ապա ամենից առաջ, իհարկե, նկատի է առնվում այն իրողույթունը, որ հրաժարականի մասին հայտարարելով, նա շարունակում է պաշտոնավարել որպես վարչապետ: Իբր դա քիչ է, դեռ մի բան էլ՝ կգլխավորի արտահերթ ընտրությունների «քայլոների» համամասնական թեկնածուացուցակը:

Դա էլ, բնականաբար, զուտ այն բանի համար, որ «հրաժարյալ» վարչապետ լինելով, բայց վարչապետելու լծակները բաց չթողնելով, կարողանա կատարել ևս մեկ հանցագործություն՝ վերարտադրվել կամ առնվազն ապահովել տեղ՝ հաջորդ գումարման ԱԺ-ում:

Փաշինյանին իր կեղծ «հրաժարականը» նաև քարոզչական լրացուցիչ առիթներ է տալիս, առնվազն՝ մեխանիկական առումով: Մասնավորապես, քանի որ սա նաև «տեխնիկական» հրաժարական է, նշանակում է, որ առնվազն 2 անգամ ԱԺ-ում պետք է առաջադրվի վարչապետի թեկնածու (թեկնածուներ), անցկացվի քվեարկույթուն, առաջադրված թեկնածուն (թեկնածուներից ոչ մեկը) չընտրվի, որպեսզի ԱԺ եղած կազմը լուծարվի ու նշանակվեն արտահերթ ընտրություններ: Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը առնվազն 2 անգամ կարող է առաջադրվել վարչապետի թեկնածու (չընտրվելու պայմանավորվածությամբ) և ժամերով ԱԺ ամբիոնից զահլա տանել:

Չնայած, նա արդեն հասցրել է ոչ միայն աղետի ու ողբերգույթան մեջ նետել հասարակության մի զգալի մասին, այլև վրդովեցնել նաև անվրդով թվացող մարդկանց:

Եվ մի բան էլ. որքան էլ որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիաների դիմի, որքան էլ որ, այսպես ասենք՝ «խաղեր տա», եթե անգամ նա առաջիկա ընտրություններում իր օգտին ձայների 150 տոկոս նկարի, միևնույն է, նա ոչ միայն Հայաստանի վարչապետ չէ ու չի կարող նորից լինել, այլև Հայաստանում նրա քաղաքական գոյույթունը ավարտված է, նա քաղաքական դիակ է, նույնիսկ՝ քաղաքական լեշ: Այն շատ պարզ պատճառով, որ հայրենիքի մի զգալի մասը դավաճանաբար կամ անձեռնահասության, բացարձակ անպիտանության հետևանքով (դա թող քննությունը պարզի) թշնամուն հանձնած, Արցախը, առհասարակ, Հայաստանը կործանման ու աղետի հորձանուտը նետած անձը ուղղակիորեն չի կարող լինել Հայաստանի ղեկավար:

Արմեն Հակոբյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ