26 04 2021

Ինչպե՞ս Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց համախմբել հայությանը, կենտրոնացնել հավաքական ներուժը

Ինչպե՞ս Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց համախմբել հայությանը, կենտրոնացնել հավաքական ներուժը

Ինչ էլ ասվի, առավել ևս՝ չարանենգ ու զազրախոս ոչնչություններն ինչ էլ վնգստան, փաստը մնում է փաստ. Հայաստանի նախագահի պաշտոնն ստանձնելուց ի վեր, եթե ոչ նախքան այդ, բայց առավելապես 1998-2008 թվականների պաշտոնավարման ընթացքում Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց համախմբել Սփյուռքի հայությանը, կազմակերպություններին, գործարարներին, և մեր ազգային հավաքական ներուժը կենտրոնացնել Հայաստանի և Արցախի վրա:

Պատահական չենք ակնարկում, իհարկե, նախքան ՀՀ նախագահ ընտրվելը Սփյուռքի հետ հարաբերույթունների ամրապնդման ու կայունացման հարցում Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքի մասին: Ով՝ ով, բայց նա, որպես պետական գործիչ, թե՛ ԼՂՀ ՊՊԿ-ն ղեկավարելու և պատերազմի ընթացքում, թե՛ արդեն հետպատերազմական շրջանում, որպես Արցախի նախագահ գործնականում էր առնչվել այդ խնդիրներին ու կարևորել դրենք դերն ու նշանակությունը: Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության կարգախոսը զուտ հնչեղ բառերի համադրում չէր, այլ՝ կոնկրետ ու գործնական, շոշափելի իրականություն:

Բնական է, որ արդեն որպես Հայաստանի նախագահ, Ռոբերտ Քոչարյանը էլ ավելի զարգացրեց հայության հավաքական ներուժը համախմբելու իր պատկերացումներն ու, ըստ էության, նոր որակ հաղորդվեց Հայաստան-Սփյուռք կապերին ու հարաբերույթուններին: Դիպվածային ու զուտ զգացմունքային, հայրենասիրական մղումներով պայմանավորված դրսևորումներին փոխարինելու եկան համակարգված աշխատանքը, կոնկրետ ծրագրերը, ըստ էույթան՝ պետական քաղաքականությունը:

Բավական է թվարկել միայն 1998-ից ի վեր Սփյուռքի մեր հայրենակիցներին Հայրենիքին ավելի սերտ կապելուն նպատակաուղղված նախաձեռնությունները, լինեն դա Հայաստան-Սփյուռք համաժողովները, Համահայկական խաղերը, թե սփյուռքահայ պատանիների, երիտասարդների բանակումները Հայրենիքում՝ Արցախում, Հայաստանում:

Զուգահեռաբար, որոշակիորեն ակտիվացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, որը հիրավի տպավորիչ արդյունքներ սկսեց արձանագրել:

Ամենից նկատելի պահերից մեկը այն է, որ հաջողվեց Սփյուռքի հայազգի խոշոր գործարարների ոչ միայն ուշադրությունը գրավել դեպի Հայաստան, այլև ներգրավել մեր այդ հայրենակիցներին՝ Հայաստանի տնտեսության վերականգնման ու զարգացման հավակնոտ նախագծերում: Այսինքն՝ որակական փոփոխություն տեղի ունեցավ հարաբերությունների այդ հարթության վրա: Այլևս Հայաստանն սկսեց ընկալվել ոչ թե հարուստ ազգականի, կներեք, աղքատ բարեկամ, որին ժամանակ առ ժամանակ գոյատևման համար որոշ օգնություն էր տրվում, ասենք՝ ազգային պարտքի զգացումից, այլ Հայաստանն ու Արցախը տնտեսական զարթոնքի, զարգացման բիզնես-ծրագրերի իրականացման վստահելի գործընկերոջ կարգավիճակ ձեռք բերեցին:

Շրջադարձայինն, իհարկե, Հայաստանի հերոս Քըրք Քըրքորյանի կողմից «Լինսի» հիմնադրամի ստեղծումն ու բազմաճյուղ, բազմամիլիոնանոց ծրագրերի իրականացումն էր: Միջազգային ճանաչման նման նշանակալի գործչի վստահությունն ու նախաձեռնողականությունը, կարելի է ասել՝ վարակիչ դարձավ և մյուս հայազգի խոշոր գործարարների, առհասարակ՝ գործարարների համար, որոնց շարքում, ինչ խոսք արժե հիշատակել և՛ Էդուարդո Էռնեկյանին, և՛ Ջերարդ Գաֆեսճյանին և էլի շատ-շատերին: Անպայման արժե ընդգծել նաև Հայաստանի մեկ այլ հերոսի՝ Շառլ Ազնավուրի ակտիվությունը: Նման անվանի հայրենակիցների ակտիվ շփումները չէին կարող վարակիչ չլինել մեր մյուս հայրենակիցների համար: 

Բայց ընդգծում ենք, այս ամենի մեջ էականն այն էր, որ պետության ղեկավարի նախաձեռնությամբ, նրա գլխավորած կառավարական թիմի աշխատանքի շնորհիվ հաջողվեց փոխել Սփյուռք-Հայաստան հարաբերությունների, եթե կարելի է այդպես ասել՝ փիլիսոփայությունը: Այդ տարիներին իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կարողանում էր Սփյուռքին առաջարկել կոնկրետ ծրագրեր, կոնկրետ նախագծեր, մեր հայրենակիցների օգտակար լինելու, Հայրենիքին օգնելու բնական մղումը ուղղորդվում էր դեպի որոշակի խնդիրներ, վերաբերեին դրանք մշակույթին, արվեստին, բարեգործությանը, գործարար նեխագծերին, համայնքների վերականգնմանը, կրթական համակարգին, թե կյանքի և գործունեության այլ ոլորտի:

Զուգահեռաբար, ստեղծվեց բարոյաքաղաքական բարենպաստ միջավայր, որպեսզի հավաքական ներուժը ոչ միայն կենտրոնացվի, այլև Հայրենիքո՛ւմ դրսևորվելու և ծավալվելու հնարավորություն ստանա:

Այդ ամենից հիմա, իհարկե, գրեթե ոչինչ չի մնացել: Ու թերևս Կասկադի ինքնօրինակ քանդակներն ու «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրը, «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված ճանապարհներն են բացահայտ հիշեցնում այն մասին, որ եղել են, եղել են ծաղկուն ժամանակներ Սփյուռք-Հայաստան հարաբերույթուններում: Եղել են հարաբերություններ, այլ ոչ թե ինչպես հիմա՝ հայրենակիցների վստահության մսխում:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ