19 04 2021

Երբ Հայաստանի ղեկավարն իրապես պետական գործիչ էր, երկիրն ուներ դեմք, ուժ և արժանապատվություն

Երբ Հայաստանի ղեկավարն իրապես պետական գործիչ էր, երկիրն ուներ դեմք, ուժ և արժանապատվություն

Հիմա, երբ պետության ղեկին հայտնված արկածախնդիր-մանրապճեղները պետությունն ու ժողովրդին կործանման են մատնել, երբ երկիրը կորցրել է իր սուբյեկտայնությունն ու վերածվել թշնամական Թուրքիայի ու Ադրբեջանի բոքսի տանձիկի ու ծաղրանքի առարկայի, շատերը չեն էլ ուզում հիշել, որ եղել են և այլ ժամանակներ: Եղել են ժամանակներ, երբ Հայաստանը իրապես պետական գործիչ էր ղեկավարում, և բոլորը, ովքեր առնչվում էին մեր պետությանը, առաջին հերթին, իհարկե, հարևան երկրները, բոլորովին այլ կերպ էին խոսում:  Մեր երկիրն ուներ դեմք, ուժ և արժանապատվություն:

Առհասարակ, մեր երկրի հասարակությունը, եթե ներկայիս բնակչությանը կարելի է դեռ այդպես անվանել, ընդամենը 3 տարվա մեջ ասես համատարած հիշողության ամպուտացիայի ու թավշաթմբիրի ենթարկված լինի: Ոմանք հիմա երևի երջանիկ են ներկայիս թշվառական վիճակից, երևի իրենց ուղղակի հոյակապ են զգում, որ պետության ղեկին բերեցին իրենց նման մեկին, ով Արցախը հանձնեց թշնամուն, ով բանակը մատնեց կոտորածի, ով կործանեց ու փոշիացրեց անկախության վերականգնումից ի վեր մեր ունեցած հաղթանակներն ու ձեռքբերումները, ով թշնամու հետ ձեռք-ձեռքի ու ձայն-ձայնի տված, Հայաստանն ու Հայաստանի ժողովրդին տանում է դեպի իսպառ ոչնչացման:

Ներկայի նիկոլաճղճիմ գարշանքից մի պահ վերադառնանք ոչ վաղուցվա անցյալ:

Արդեն հեռավոր թվացող 2005 թվականի ապրիլին հայությունը պատրաստվում էր Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին: Հատկանշական է, որ հենց այդ շրջանում, բնականաբար, արտաքին ճնշումները մեղմելու և նման այլ հաշվարկներով, այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Էրդողանը նամակ էր հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Արժե հիշեցնել, որ այդ ժամանակահատվածում աշխարհի տարբեր պետություններ, այդ թվում՝ առաջատար տերություններ, եվրոպական երկրների խորհրդարաններ հանդես էին գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հայտարարություններով:

Պետք է ասել նաև, որ Թուրքիայի վարչապետի նամակի բովանդակությունն առանձնապես չէր փայլում թարմությամբ: Դա ընդամենը թուրքական իրարահաջորդ իշխանությունների մշտական մտասևեռման արտացոլանքն էր՝ Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկելու, «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու սևեռմամբ և նմանօրինակ այլ անհեթեթություններով: Էրդողանի ասածը, մասնավորապես հետևյալն էր. «Պատմաբաններից և այլ փորձագետներից կազմված մի խումբ ստեղծել, որը 1915 թ. դեպքերն ու զարգացումները կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվներում եւ ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնի միջազգային հանրությանը»:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2005-ի ապրիլին պատասխանեց Էրդողանի նամակին: Ու բավարար է ծանոթանալ Հայաստանի նախագահի պատասխանին, ևս մեկ անգամ համոզվելու համար, որ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, մեր երկիրն ուներ ուժեղ, հեռատես, սեփական ժողովրդի ու պետության շահերը պաշտպանող, սեփական ժողովրդին ու պետությունն արժանապատվորեն ներկայացնող և պետական մտածողությամբ օժտված ղեկավար:  

Չզլանանք և ընդարձակ մեջբերումներ անենք նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակից. «...Իսկապես, որպես հարևաններ, մենք պետք է փորձենք ուղիներ որոնել այժմ և ապագայում համերաշխ ապրելու համար:

Այդ իսկ պատճառով հենց սկզբից Երևանն առաջարկել է հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները և երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջև: Աշխարհում, մասնավորապես եվրոպական մայրցամաքում կան հարևան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, ինչի վերաբերյալ տարակարծիք են, սակայն դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքաղաքներում ու այդ բոլորով հանդերձ զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը: Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր ու համապատասխան քաղաքական միջավայր»:

Հատկանշական է նաև, թե որքան հստակ ու կուռ հակափաստարկով է Ռոբերտ Քոչարյանը ուղղակի զրոյացնում «պատմաբանների հանձնաժողովի» վերաբերյալ Էրդողանի մանիպուլյացիոն «առաջարկությունը»:

Այսպես, Թուրքիայի վարչապետին ուղղված պատասխան նամակում նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգծել էր. «Երկկողմ հարաբերությունների զարգացման ատասխանատվությունը կրում են կառավարությունները, և մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին, ուստի մենք կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ: Ահա այս համատեքստում կարող Է գումարվել միջկառավարական հանձնաժողով՝ քննարկելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած խնդիր, կամ բոլոր կարեւոր խնդիրները՝ նպատակ ունենալով լուծել դրանք ու հասնել փոխըմբռնման»:

Կրկնենք, հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը դարձավ մեր պետության արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկը:

Հիմա հպանցիկ վերադառնանք ներկա մռայլ, աղետային ու գարշելի իրականություն: Հիմա, օրինակ, նույն Էրդողանը, կարելի է ասել՝ կրծքով պաշտապնում է իր կամակատարի դեր կատարող Նիկոլ Փաշինյանին, բացահայտ խրախուսում է նրան (հիշեք թեկուզ ԳՇ պետի հայտարարության հետ կապված Էրդողանի կայծակնային արձագանքները): Հիմա, օրինակ, Էրդողանի բուռն աջակցությունը վայելող Նիկոլ Փաշինյանը խոսում է... Թուրքիայի հետ թշնամություն չանելու մասին, ասում է, թե չգիտի, չի հիշում, թե երբվանից է այդ թշնամությունը գալիս, ասում է, թե՝ «ինչքան իրենց թշնամի համարենք, իրենք մեզ են թշնամի համարելու» կամ նման մի բան: Ու ամենից զզվելին այն է, որ իրենց սասունցիների, մշեցիների ժառանգներ համարող հայրենակիցները ծափահարում են նախնիներին ու Ցեղասպանության սրբադասված զոհերին ուրանալու այդ բացահայտ արտահայտությանն ու արտահայտվողին:

Արմեն Հակոբյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ