Պոզներին տված հարցազրույցում նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև բավականին հայեցակետային (կոնցեպտուալ) խնդիրների մի համախմբի՝ պետականություն, պետականության զգացողությունը՝ ազգային ինքնության նույնականացման շրջանակում:
Հարկավ, դժվար է չհամաձայնել այն դատողությանն ու շատերի կողմից արձանագրված իրողությանը, որ հատկապես վերջին մի քանի հարյուր տարիներին պետականության կորստի պայմաններում, կամ առանց պետականություն ունենալու, գոյատևելու ընթացքը որոշակի բացասական հետքեր է թողել մեր ազգի ընդհանուր մտածելակերպի, մոտեցումների և պատկերացումների վրա: Պահպանելով ազգային արժեքները, ընդգծված թշնամական միջավայրում հնարավորինս պահպանելով ազգային ինքնությունը, միաժամանակ, չի հաջողվել հասնել պետականության վերականգնման, չնայած, այնպես չէ, որ նման բազմաթիվ փորձեր չեն եղել: Հատկանշական է, որ պետականության վերականգնման հիմնական մղումները, առնվազն 17-18-րդ դարերից դրսևորվել են հենց Արցախում և Սյունիքում, որտեղ հայությանը հաջողվել է պահպանել կիսապետական գոյության վիճակ ու պայմաններ:
Ամեն դեպքում, կարող էր թվալ, որ գոնե վերջին 100 տարվա մեջ ազգային ինքնության մեջ պետականության բաղադրիչի գիտակցման ու ընդգծված կարևորության խնդիրը կարգավորված է: Ինչ էլ ասվի՝ 1918-ից ի վեր, պատմական Հայաստանի հազիվ 1/10-ը կազմող հատվածում, որն աշխարհը ճանաչում է որպես Հայաստանի Հանրապետություն, կա հայկական պետականություն:
Վերջին աղետային ու ողբերգական իրադարձությունները, ցավոք, բերել են այնպիսի վիճակի, որը մեզ ընդհուպ մոտեցրել է մեր պետականության մասին անցյալ ժամանակով խոսելու եզրագծին:
Պատահական չէ, որ 2018-ի գարնանը (խորհրդանշական է՝ Սարդարապատից 100 տարի անց), անարյուն հեղաշրջմամբ Հայաստանում իշխանությունը զավթելուց հետո, անցած 3 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած խմբոնը բավականին ինտենսիվ ու սիստեմավորված թիրախավորել են պետականությունը, պետական կառույցները, ազգային ինքնությունը: Հիմնական հարվածները հասցվել են պետական կառավարման համակարգին, ինստիտուցիոնալ կառույցներին, դրանց նպատակաուղղված կազմաքանդմանը, ոչնչացմանը, առնվազն՝ դրանց այնպիսի կառուցվածքային ու կազմակերպչական շփոթի մեջ նետելը, որ տվյալ կառույցների փոշիացմանն է համարժեք:
Սկզբունքորեն, կազմաքանդված է, օրինակ անվտանգույթան համակարգը, լինի դի ԱԱԾ-ն, ոստիկանությունը, թե հատկապես՝ բանակը: Բանակը, որ վերջին 25-26 տարիների (նախքան 2018-ի իշխանազավթումը) մեր համաժողովրդական ամենից նշանակալի ու կարևոր ձեռքբերումն էր, որ համարվում էր Հայաստանի ամենից կայացած ու վստահություն վայելող կառույցը, Նիկոլ Փաշինյանի կողմից հետևողականորեն ոչնչացվել է, ըստ որում՝ ստամոքսային՝ «կոտլետ-կլուբնիկ» քողածածկույթով: Ավելին, Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «տարօրինակ պատերազմում» մեր իմացած բանակը կանխամտածված կերպով տարվել է իսպառ ոչնչացման ու քայքայման: Բնութագրական է, որ տասնամյակներ առաջ կամավորական ջոկատներից անցում կատարվեց կանոնավոր բանակի ձևավորման (այդ առումով անուրանալի է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Վազգեն Մանուկյանի դերակատարումը), իսկ այ, Նիկոլ Փաշինյանը այս «տարօրինակ պատերազմի» հենց սկզբում, ունենալով ձևավորված կառույցներ, արեց հնարավորը՝ կանոնավոր բանակը, որպես այդպիսին կամավորական ջոկատների վերածելու, փսորելու համար:
Բնական է, որ առաջիկայում, եթե հաջողվի այս թշնամական խմբոնին հեռացնել իշխանությունից, ապա դրանց պատասխանատվության ենթարկելուն զուգահեռ, ամենից առաջնահերթ խնդիրը լինելու է հենց պետականության, պատական կառույցների վերականգնումը:
Խնդիր, որը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն կարող է լուծել, բնականաբար, համախոհների թիմով ու լայն աջակցույթամբ, այլև իր պետական-քաղաքական գործունեության ընթացքում առնվազն երկու անգամ ապացուցել է, որ կարողանում է լուծել ու ապահովել զարգացում ու արդյունքներ:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը