05 04 2021

Ներդրումների արտահոսքը Հայաստանից տագնապեցնող է

Ներդրումների արտահոսքը Հայաստանից տագնապեցնող է

Տնտեսական զարգացումն ու սոցիալական վիճակի բարելավումն անհնար է առանց ներդրումների։ Չկան ներդրումներ՝ տնտեսությունը գտնվելու է անընդհատ անկման, իսկ բնակչությունը՝ շարունակական աղքատացման գործընթացում։ Այն, որ Հայաստանում ներդրումների առումով աղետալի վիճակ է, մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք։ Դրա  ապացույցն է նաև խորացող տնտեսական անկումը։ Մեր նախորդ հրապարկմամբ ներկայացրել էինք Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, որոնք փաստում էին օտարերկրյա ներդրումների արտահոսքը Հայաստանից։ Ընդգծում ենք, խոսքը ոչ թե ներդրումների նվազման, այլ Հյաաստանից դրանց դուրս հանելու մասին է։ Ընդ որում, դա տեղի է ունեցել մինչև պատերազմը՝ անցած տարվա երրրոդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր)։ Կանխատեսել էինք նաև, որ 2020թ․-ի վերջին՝ չորրոդ եռամսյակում իրավիճակը նույնն է լինելու։

Եվ ահա, Կենտրոնական բանկը հրապարակել է նաև 2020 թ․-ի վերջին՝ չորրոդ եռամսյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշը։ Ըստ այդ հրապարակման, անցած տարվա վերջին չորրորդ եռամսյակում Հայաստանից ներդումները շարունակել են «փախչել»։ Գրանցվել է բացասական ցուցանիշ՝ մեր երկրից դուրս է եկել 2,7 մլն դոլար։ Դրան նախորդած եռամսյակում Հայաստանից ներդրողների դուրս բերած գումարը կազմել է 10,3 մլն դոլար։ Նկատի ունենալով, որ արդեն հայտնի է անցյալ ներդրումների տարեկան ցուցանիշը, ներկայացնենք, թե ինչպես է այն փոխվել վերջին հինգ տարիներին, ներառյալ «հեղափոխական» իշխանության տարիներին։ Այսպիսով օտարկերկրյա ներդրումները կազմել են․

2016 թ․

2017 թ․

2018 թ․

2019 թ․

2020 թ․

333 մլն դոլար          

250 մլն դոլար        

254 մլն դոլար         

254 մլն դոլար    

117 մլն դոլար

Հարկ է նշել, որ 2018 թ․-ի ներդրումների ավելի քան կեսը կատարվել էին տարվա առաջին եռամսյակին՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, իսկ ներդրումների սրընթաց աճը ընդհատվեց ապրիլ-մայիսի «թավշյա» իշխանազավթման հետևանքով։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանում կատարված ներդրումները տագնապալի տեմպով հալվում են՝ հասնելով «նախաթավշյա» ժամանակաշրջանի կեսից պակասին։ Ի՞նչ է անում կառավարությունն այս տագնապեցնող վիճակագրության հետ կապված։ Վիճակը բարելավելու համար՝ ոչինչ, վատացնելու համար՝ ամեն ինչ։

Ժամանակ առ ժամանակ այս թեմայով հարցերին պատասխանելիս, զավեշտալի հայտարարություններով հանդես է գալիս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա մեկ ասում է որ «ներդրումներին խանգարող հանգամանքեր կան», մեկ էլ՝ «3-4 մլրդ դոլար ներդրողներ ամեն օր կան»։ Թե որտե՞ղ են այդ 3-4 մլրդ դոլար ներդրողները, որ այդպես էլ ի հայտ չեն գալիս, իսկ ներդրումներն էլ չեն արձանագրվում, անհայտ է։ Պարզապես Վահան Քերոբյանը, ինչպես արդեն նշել էինք, դարձել է Նիկոլ Փաշինյանի ուշիմ աշակերտը՝ ստելու և անմեղսունակ հայտարարություններ կատարելու առումով։

Այսպես, թե այնպես մեր երկրի տնտեսությունը շարունակում է անկասելի ընթացքով սլանալ դեպի անդունդ, ստեղծելով ոչ միայն  բնակչության կենսամակարդակի անկման, այլև երկրի անվտանգության և գոյատևաման հետ կապված խնդիրներ։

Արա Մարտիրոսյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ