Երբ 2018 թ․-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից սկսած, վիճակագրական կոմիտեն սկսեց Հայաստանի տնտեսական ցուցանիշների խայտառակ աղավաղումը, թվում էր, թե նրա ղեկավարն ու խորհուրդը դա անում են ճարահատյալ՝ չցանկանալով դեմ գնալ երկրի վարչապետի պաշտոնում հայտնված մարդու հրահանգներին։ Սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ վիճկոմի ղեկավարն ու խորհրդի անդամները տվյալների խեղաթյուրումն ու իրականության գլխիվայր պատկերելը անում են հաճույքով և ձգտում «շեֆին» դուր գալ նրա պահանջածից ավելի լավ ցուցանիշներ «արձանագրելով»։ Ասվածի վառ վկայությունն է 2019 թ․-ի հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական ցուցանիշները և մասնավորապես՝ տնտեսական ակտիվության աճի «փառահեղ» ցուցանիշը՝ 7,8 տոկոս։
Հիշեցնենք, որ անցած տարվա ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը ուղղորդում էր վիճակագրությանը՝ իր ֆեյսբուքյան էջում և ուղիղի եթերների ժամանակ տնտեսական ցուցանիշների մասին «ցնցող» տվյալներ հրապարակելով, որոնք հետո դառնում էին վիճակագրություն։ Զուգահեռաբար, վճարովի հոդվածներ էին պատվիրվում արտերկրի պարբերականներում «նոր Հայաստանի» տնտեսական հաջողությունների և մասնավորապես «վագրային թռիչքի» մասին։ Չափից շատ էր Նիկոլ Փաշինյանը ցանկանում արժանանալ Համաշխարահային բանկի այն գնահատականին, որ տրվել էր Հայաստանի տնտեսական զարգացմանը 2000-կաններին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների երկնիշ տնտեսական աճին։ Քանի որ ՀԲ-ն այդ ժամանակ մեր տնտեսության զարգացումը բնորոշեց որպես վագրային թռիչք, իսկ հիմա, բնականաբար, նման բնորոշում տալու համար հիմք չկա, իշխանությանը մնում էր մուրալ այդ բնորոշումը գումարներ վճարելով այս կամ այն ամսագրին։
Վերադառնանք վիճկոմի հրապարակած տարեկան ցուցանիշներին։
Այսպիսով, վարչապետական հրահանգը՝ տարեկան 7-7,5 տոկոս տնտեսական աճ ցույց տալու վիճկոմը գերակատարել է, ցույց տալով 7,8 տոկոս տնտեսական ակտիվության աճ։
Առաջին հայացքից նման աճ հնարավոր է եղել առավելապես երկու ճյուղերի՝ արդյունաբերության 9 տոկոս և ծառայությունների ոլորտի 15 տոկոս աճերով։
Արդյունաբերության աճը մեծամասամբ պայմանավորվել է հանքարդյունաբերական արտադրանքի արտադրության աճով։ Այն հանքարդյունաբերության, որը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների համաձայն, մեր տնտեսության ապագան չէ։ Հանքանյութի արդյունահանումից և խտանյութի արտահանումից անցում կատարել մետաղի մշակում, դրանից պատրաստված արտադրանքի ստացում, գիտելիքահենք արտադրության և այլն՝ այս ամենը Նիկոլ Փաշինյանի դատարկ հայտարարությունների շարքում են մնացել։
Ծառայությունների ոլորտում աճի մեծ բաժին ունի դեռ 2018 թ․-ի կեսերից սկսած բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքների ծավալների ավելացումը, որի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «մեզ նման աճ պետք չէ»։ Այսինքն, աճ է արձանագրվել այն ոլորտներում, որտեղ աճը ցանկալի կամ հեռանկարային չի համարվել այս իշխանության կողմից և որի հետ այս իշխանությունը որևէ առնչություն փաստացի չունի։ Սակայն տնտեսական ընդհանուր բարձր աճ ցույց տալու համար միայն այս ճյուղերում արձանագրված ցուցանիշները կարող էին չբավարարել։ Ուստի, գործի են դրվել մյուս երեք ճյուղերի ցուցանիշների խեղաթյուրումը։
Գյուղատնտեսությունում անկումը խորանում է, և, ինչպես առիթ ենք ունեցել նշելու անսանապահների զանգվածային դժգոհությունները սպանդանոցների խնդրի հետ կապված մեծ հաշվով արտացոլում էին ճյուղում անկման խորացումը։ Եթե նրանց շրջանառությունները ավելանային, այլ ոչ թե նվազեին, ապա սպանդանոցներում մորթ անելու պարտադիր պահանջը նման զանգվածային դժգոհություններ չէր առաջացնի։ Մսի արտադրության ծավալների 4 տոկոսանոց նվազումն արձանագրվել է անգամ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2019 թ․-ի 11 ամիսներին ցուցանիշի մեջ (հավաբանաբար այս «վրիպումը» վիճկոմը հաջորդ անգամ ջանասիրաբար կուղղի)։ Ընդ որում, ոչխարի և խոզի մսի արտադրության ծավալները նվազել են մոտ 16-21 տոկոսով։
Ինչ վերաբերվում է բուսաբուծությանը, ապա այստեղ անկումը վերջին՝ 9 ամիսների տվյալներով 7 տոկոս էր։ Այդուհանդերձ, ըստ վիճկոմի, գյուղատնտեսությունում անկումը 4,2 տոկոս է կազմել՝ այսինքն վերջին տվյալների հրապարակումից երեք ամիս անց որոշ չափով նվազել է։ Այստեղ նշենք, որ գյուղատնտեսության վիճակագրությունը միշտ էլ ծառայել է օրվա իշխանություններին՝ որոշակի բարելավված ցուցանիշներ ցույց տալու համար։ Սակայն, չի եղել այնպես, որ երկրի ղեկավարը հայտարարի, որ գյուղատնտեսությունը պետք է մինչև տարեվերջ անկում չունենա, իսկ վիճծառայությունը թևերը քշտած 4-5 տոկոս անկման շարունակվող խորացումը թղթի վրա փոքրացնի։Հետևաբար, ընդհանուր տնտեսական 7,8 տոկոս աճի մեջ իր դերն է ունեցել նաև գյուղատնտեսության ցուցանիշների հետ կատարված այս աճպարարությունը։
Հաջորդ աճպարարությունը կատարվել է շինարարությունում։ Քանի որ այս ոլորտում մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինայնի խոստացած «բումն» այդպես էլ տեղի չունեցավ, եղած աճի տեմպն էլ սկսեց նվազել, վիճկոմը առավելագույն ջանքեր է գործադրել չստացված «բումը» պատկերել գոնե դեկտեմբեր ամսվա ցուցանիշի մեջ։ Պարզվում է, որ միայն շինարարության համար ոչ սեզոնային դեկտեմբեր ամսին ․․․ 85 տոկոս աճ է արձանագրվել։ Գումարային առումով 89 մլրդ դրամի շինարարություն է իբր կատարվել, որը մոտ 41 մլրդ դրամով ավելի է քան նոյեմբերին և մոտ նույնքան էլ քան անցած տարվա մնացած բոլոր՝ այդ թվում շինարարության համար սեզոնային ամիսներին։ Պատկերացնելու համար, թե ի՞նչ է նշանակում 41 մլրդ դրամ հավելյալ շինարարություն, տեղեկացնենք, որ այդ գումարով հնարավոր է կառուցել 40-50 բազմաբնակարան շենք՝ մեկ ամսում։ Իսկապես, որ անհեթեթությունը սահմաններ չունի։ Արդյունքում, շինարարությունը նույնպես իր «ավանդն» է ունեցել ֆեյսբուքյան գլխավոր գրառողի պահանջած ընդհանուր տնտեսական աճի մեջ։
Առևտրում պատկերած աճի մասին բազմիցս ենք ասել՝ առնվազն վերջին մեկ տարում առևտրի ոլորտում գործունեություն ծավալողները փաստում են իրենց շրջանառութոյւնների էական նվազումը, որը հետևանք է տնտեսական կացության վատթարացման և բնակչության գնողունակության նվազման։ Պետական եկամուտների կոմիտեն, անշուշտ, տիրապետում է հարկային հաշվետվություններիչ մեջ ցույց տրված իրական շրջանառութոււններիցուցանիշին, բայց, բնականաբար, չի խոսում դրա մասին։ Վիճակագրությունն էլ նշում է առևտրի շրջանառության 8,9 տոկոս աճ։ Հաշվի առնելով, որ առևտրի ոլորտը մեր տնտեսության ամենամեծ ծավալ ունեցող ճյուղն է, պարզ է, որ այտեղ կատարվող «պատկերազարդումը» ցանկալի տնտեսական աճ ցույց տալու համար հատուկ կարևորություն է ստանում։
Այդուհանդերձ, որքան էլ փորձ կատարվի վիճակագրության մեջ ցանկալին իրականություն ներկայացնել, բնակչության գերակշիռ մեծամասնության մոտ հասունանում է այն համոզմունքը, որ իր սոցիալական վիճակը, հետևաբար տնտեսական կացությունը ոչ միայն չի բարելավվում, այլ ավելի է վատանում։ Եվ դա ավելի է խորացնում իրականության և ներկայացվող պատկերի միջև անջրպետը։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը