«Հրապարակ»-ը գրում է․ «Ահա եւ ավարտվեց 2019 թվականը՝ այսօր տպագրվում է մեր թերթի այս տարվա վերջին համարը։ Եվ մենք գնում ենք կարճատեւ արձակուրդ՝ հունվարի 14-ին վերադառնալու պայմանով։ Այսօր ես դեժավյուի զգացողություն ունեմ․ ինձ թվում է՝ ամեն տարեվերջին ես նույն բառերով եմ հրաժեշտ տալիս ընթերցողին՝ տրտնջալով, որ բարդ տարի էր անցնող տարին, եւ նույն մաղթանքներն եմ բարձրաձայնում՝ հույս հայտնելով, որ հաջորդն ավելի բարեկեցիկ ու խաղաղ, ավելի երջանիկ ու ներդաշնակ է լինելու։
Բայց մի բանով այս տարին, այնուամենայնիվ, տարբերվում է բոլոր նախորդներից։ Անցնող տարվա հետ կապված զգացողությունները գրեթե նույնն են, սակայն հաջորդ տարվա հետ կապված լավատեսությունը մի տեսակ նվազել է։ Հույսերը, որ մեզ առջեւում բարեկեցիկ, ներդաշնակ եւ մանավանդ՝ խաղաղ տարի է սպասվում, այնքան էլ վառ չեն։ Եվ դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ մենք՝ լրագրողներս, հանկարծ հոռետես ենք դարձել, այլ մեր շուրջը կատարվող իրադարձություններով, մեր իշխանությունների վարքուբարքով, մեր ընդդիմության որակով, մեր պետական ինստիտուտների ցաքուցրիվ վիճակով, մեր ժողովրդի շփոթվածությամբ, արտաքին աշխարհից եկող ազդակներով, աշխարհաքաղաքական իրողություններով։
Լավ կլիներ, որ 2020-ն իրոք տնտեսական վերելք ապահովեր մեր երկրի համար, սակայն դրա սաղմերը պետք է 2019-ին դրվեին, որ չեն դրվել։ Լավ կլիներ, որ Արցախի խնդրում բեկում արձանագրվեր, սակայն բանակցային գործընթացի այսօրվա իրողությունները դա չեն խոստանում։ Շատ լավ կլիներ, որ վերջապես մեր երկիրը դառնար իրական սոցիալական պետություն, սակայն սոցիալական քաղաքականության նշույլ անգամ չի նկատվում։ Եվ վերջապես՝ շատ լավ կլիներ, որ մենք դառնայինք իրավական պետություն, սակայն այստեղ էլ, ցավոք, ունենք ահռելի հետընթաց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը