Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ նշանակվելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց մանրամասնել առաջիկա անելիքների մասին, հրաժարվեց խոսել նաև հոր և կնոջ դեմ հարուցված քրեական գործից:
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Լոռու մարզպետարանում գործող կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտների երեք հիմնադրամներն էլ հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամներից ամենամեծը՝ «Լոռու դպրոցը», հիմնադրումից ի վեր ղեկավարել է մարզպետ Արամ Խաչատրյանի հայրը՝ Մայիս Խաչատրյանը։ Հիմնադրամում աշխատում էր նաև նորանշանակ մարզպետի կինը՝ Մայա Մուրադյանը։ Ոստիկանությունը հիմնավոր փաստեր էր ձեռքբերել, որ տասնամյակներ շարունակ այդ հիմնադրամներին հանգանակություններ արած ուսուցիչներն ու բուժաշխատողները ոչ թե կամավոր են վճարումներ կատարել, այլ ամեն ամիս նրանց աշխատավարձից պարտադրաբար գանձումներ են արվել։
Հարուցվել էր քրեական գործ, բայց երկուսուկես տարվա ընթացքում որևէ զարգացում չկա, որոշ իրավապաշտպաններ էլ ասում են, որ գործը կարճվել է: Արամ Խաչատրյանի հայրը շարունակում է ղեկավարել հիմնադրամը, իսկ կինն էլ չորս աշխատակիցներից մեկն է: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի տարեկան հաշվետվությունից, որը հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կողմից: Ի դեպ, խոսքը գնում է 2019 թվականի հաշվետվության մասին, որը ներկայացվել է նախորդ տարի, իսկ 2020-ի հաշվետվությունը բացակայում է: Վերջին հաշվետվության մեջ բացակայում է նաև աշխատակիցների աշխատավարձերի չափը, նշված են միայն ծախսերը: Իսկ, օրինակ 2017 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ Հիմնադրամի տնօրենը տարեկան ստացել է մոտ 2 միլիոն 492 հազար դրամ աշխատավարձ, իսկ Արամ Խաչատրյանի կինը՝ մեկուկես միլիոն դրամ:
Ամենից հետաքրքրականը, սակայն, այստեղ այն փաստն է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ի պաշտոնե Լոռու մարզպետն է, այս դեպքում արդեն Արամ Խաչատրյանը, որին, ստացվում է՝ հաշվետու է հայրը: Ակնհայտ է շահերի բախումը։
Թե ինչքանով է ողջամիտ, այս գործով սպասել զարգացումների, և որ ամենակարևորն է՝ օբյեկտիվ գնահատականի, դժվար է ասել, բայց այստեղ անզեն աչքով իսկ տեսանելի է շահերի բախումը։ Թողնում է ընտանեկան բիզնեսի տպավորություն:
Այս մասով հրավիրում ենք էթիկայի հանձնաժողովի ուշադրությունը, որը կարծես թե շատ ուշադիր է պաշտոնյաների քայլերում և գործողություններում: Ավելին, նրա եզրակցությունների հիման վրա անգամ իշխող խմբակցությունը ուզում էր մանդատից զրկել խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարին, բայց ՍԴ-ն դիմումը վարույթ չէր ընդունել:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ նշանակվեց անցած տարեվերջին՝ հին կադրերով կառավարության «ռեսթարթ» անելու շրջանակներում։ Նախկինում փոխմարզպետ էր, հետո էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր: Թե ինչու հատկապես Արամ Խաչատրյանը նշանակվեց մարզպետ, Yerevan.Today-ն արդեն անդրադարձել է։ Իսկ նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ հեռացավ, որովհետև չէր կարողանում ճնշել տեղի բողոքի ալիքը և արդեն իսկ հասցրել էր հայտնվել սկանդալների կենտրոնում: Գրել էինք, որ անհայտ միջոցներով Լոռու մարզում իր համար նոր շինություն է կառուցում, բացի այդ, նաև պատերազմի օրերին հավաքված հանգանակություններն էր իր նկուղներում պահել։
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը