Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը երեկ՝ դեկտեմբերի 15-ին տեղեկացրեց, որ որոշում է կայացրել արդեն այսօր հրաժարական տալու մասին: Ասել է, թե ինքն է այդպես որոշել: Հատկանշական է, որ իր աշխատասեղանին տեղադրված «Դուխով» գրությամբ Փաշինյանի փոքրիկ արձանի ֆոնին Ղուկասյանը խոսում է սեփական որոշում կայացնելու մասին՝ չկարողանալով այդպես էլ տրամաբանական բացատրություն տալ, թե ինչպես է հանգել այդ որոշմանը:
Անդրեյ Ղուկասյանի մասին վերջերս մամուլը սկանդալային բացահայտումներ էր արել, որ փորձել է սեփականաշնորհել պատերազմի օրերին արտերկրից ուղարկված հումանիտար օգնությունը (մարզպետը հերքել է), նաև հայտնի դարձավ, որ Ղուկասյանը Լոռու մարզում նոր շինություն է կառուցում: Գուցե թվա՝ այս բացասական ֆոնը վերացնելու համար է արվում այս պաշտոնանկությունը, քանի որ Փաշինյանը չգիտես ինչու որոշել է, որ կապիտուլյացիայից հետո թիմի ներսում փոփոխություններ, ավելի շուտ՝ տեղափոխություններ անելով կարող է ինչ-որ բանի հասնել:
Սակայն, Լոռու մարզպետի փոփոխությունը այլ դրդապատճառ ունի: Yerevan.Today-ը օրեր առաջ գրել էր, որ շուտով տեղի է ունենալու մարզպետի հրաժարական և Անդրեյ Ղուկասյանին փոխարինելու է իմքայլական Արամ Խաչատրյանը, ով վերջերս վայր դրեց մանդատը:
Մենք նշել էինք նաև պատռճառը, Արամ Խաչատրյանը հանձն էր առել ցրել մարզում իշխանության դեմ ակցիաները: Նրա մերձավորներից մականունավոր «Բատատն» ու «Դոդոշը» սադրանքներ էին հրահրում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ակցիաների ժամանակ:
Նույն տրամաբանությամբ էլ Արարատի մարզպետի պաշտոնն էլ խոստացել էին «Իմ քայլի» պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հորը՝ գործարար Ռազմիկ Թևոնյանին, ով արդեն Արարատի մարզում էր նույն գործառույթը անում: Նա դարձավ մարզպետ։
Բազմաթիվ են դեպքերը, որ այս երկուսուկես տարվա ընթացքում, երբ թիմի ներսում անհամաձայնություններ են լինում կոնկրետ Փաշինյանի հետ, լինում են պարզապես հեռացումներ: Կապիտուլյացիայից հետո էլ իմքայլական պատգամավորներից եղան մի քանիսը, որոնք իրենց անհամաձայնությունը արտահայտեցին իշխանական ֆրակցիան լքելով:
Տվյալ դեպքում Ղուկասյանը ակնարկում է, որ չի բացառվում, որ նոր պաշտոն կստանա: Մեկ անձը որոշել է, դասավորել, տեղափոխություններ արել, հետո հավաքել իրար գլխի և տեղեկացրել: Եվ այս իրավիճակում, Անդրեյ Ղուկասյանը ոչ միայն կամազուրկի տպավորություն է թողնում, այլ ծիծաղելի վիճակում է հայտնվում՝ մեկ անձի կուսակցության և թիմի անդամը խոսում է սեփական, ինքնուրույն որոշման մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը