23 11 2020

Հիմա ՀԱԿ-ը գո՞հ է, Փաշինյանից թե՞ դժգոհ

Հիմա ՀԱԿ-ը գո՞հ է, Փաշինյանից թե՞ դժգոհ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը օրերս հարցազրույց տվեց վերջին իրադարձությունների մասին։ Թեև Փաշինյանին՝ իր երբեմնի թիմակցին քննադատում էր, սակայն բավականին անհասկանալի ու անհավասարակշիռ զրույց էր։

Լևոն Զուրաբյանի խոսքը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանը լավ գիտեր, որ զենքը քիչ է, զորքը քիչ է, պետք է որպես պատասխանատու՝ բոլոր հողերը տար առանց պատերազմի, ՀԱԿ-ն էլ, որպես քաղաքական միավոր, կօգներ։ Բայց չարեց, որովհետև մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էին, Սերժ Սարգսանը, Դաշնակցությունը ու մյուս ոչմիթիզականները։ Նա նշում է, որ Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հասան ու տարան ստատուս քվոյի պահպանումը՝ ի հակառակ Տեր-Պետրոսյանի, որ ասում էր՝ նույնիսկ մեկ տարի չեք կարող պահել ու զարգանալ։ Ու հիմա Զուրաբյանը խղճուկ փորձ է անում ներկայացնել, իբր Տեր-Պետրոսյանի կոնցեպտը, այն է՝ ԼՂ-ն պետք է հանձնել Ադրբեջանին, որ Սերգոն լավ ապրի, իրականացավ։ Չնայած նրան, որ մենք այսօր ունենք բոլորովին այլ իրավիճակ՝ Արցախը, ամբողջությամբ հանձնված չէ, մի մի մասը հայկական և ռուսական զինվորականների վերասկողության ներքո են, այլ ոչ ադրբեջանցիների։

Այսինքն, ըստ Լևոն Զուրաբյանի, Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի մոեցումները Արցախի հարցում ոչ պակաս դավաճանական են, քան Նիկոլ Փաշինյանինը, տարբերությունն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր հանձնել ամբողջը, Նիկոլը տվեց պատերազմով և նաև Հայաստանից է տարածք տալիս Ադրբեջանին սուվերեն ճանապարհի համար։

Բայց Լևոն Զուրաբյանին Ազատության լրագրողը չուղղեց կոնկրետ հարցեր՝ ամբողջ պատկերը հասկանալու համար, մտքերը հախուռն էին, հակասական։

Իսկ հնարավո՞ր էր պատերազմ թույլ չտալ և արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Դաշակցության ու ոչմիթիզականների քայլերն են բերել պատերազմի, ինչպես նշում է ՀԱԿ ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ Արցախ և 7 շրջաններ է ազատագրել, նրա պաշտոնավարման շրջանում ստատուս քվոն բարեհաջող պահպանվել է, այնքան բարեհաջող, որ անգամ մեկ թիզ հողի մասին խոսք լինել չէր կարող, բանակցային փաստաթղթում ամրագրվել է որ Արցախը պետք է ունենա կարգավիճակ, Ադրբեջանի կազմից դուրս և այլն։ Սերժ Սարգսյանը պահպանել է ձեռքբերվածը, խաղաղությունն ու ստատուս քվոն։ Հնարավոր էր խաղաղությունը դեռ երկար պահպանել, միայն թե պետք է իշխանության չգային Տեր-Պետրոսյանի հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը։ Փաստ է, նրանց իշխանությունը Արցախի կործանում էր։ Ռոբերտ Քոչարյանը տասը տարի, հետո Սերժ Սարգսյանը կարողացան ապացուցել, որ անգամ երկու սահմանի փակ լինելով Հայաստանը կարող է զարգանալ, հնարավոր է զարգանալ ու չզիջել։ Եկավ Նիկոլ Փաշինյանը ու մոտեցրեց պատերազմը։ Նա հայտարարեց, որ բնակցությունները սկսում է իր կետից ու դա այն է, որ խնդիրը պետք է լուծվի նաև Ադրբեջանին ընդունելի տարբերակով։ Դա նրանց ազդակ էր՝ եկեք ձեզ համար ընդունելի տարբերակով լուծեք։ Գնում էր բնակցելու հողերը տալու շուրջ, բայց գեղական խորամանկութամբ խաբում էր, հայտարարում՝ Արցախը Հայաստան է ու վերջ, մտքում ունենալով տրամագծորեն հակառակը։ Պատերազմի հերոսներին ու գեներալներին կտրում էր Ացախից, գործեր սարքում, կալանավորում։ Պատերազմ չէր լինի, եթե պատերազմ հրահրող չլիներ, իսկ այդ հրահրողը, ցավոք, հենց Նիկոլ Փաշինյանն էր՝ իր տգիտությունը, դիլենտանտիզմը և անպատասխանատվությունը։

Ասացեք տեսնեմ, չէի՞նք կարող ունենալ ղեկավար, որը հեռու կպահեր պատերազմից։ Արդեն փաստ է, որ ունեցել ենք նման ղեկավարներ։ Պատերազմից հեռու պահելու համար պետք էր լինել հմուտ դիվանագետ, լրջագույն պետական մտածողություն ունեցող գործիչ, ոչ թե արկածախնդիր դիլետանտ։

Լևոն Զուրաբյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը հեռացրին Լևոն Տեր-Պետրոսյանին ու վիժեցրին հանձնման գործընթացը։ Այո, վիժեցրին ու հայրենիք շենացրին։ Իսկ Փաշինյանի շնորհիվ կորցրեցինք Արցախի մեծամասնությունը և Շուշին։ Անվանել սա Տեր-Պետրոսյանի կանխատեսում հիմարություն կլինի, բայց եթե դիտարկենք այս ամենը որպես պլանավորված ծրագիր՝ հնարավոր է։

Լևոն Զուրաբյանը, ըստ ամենայնի, չի հասկանում, թե ինչ է կատարվում այսօր, Հայաստանի ներքաղաքական դաշտում, մյուս կողմից Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում ևս, և սնանկ վերլուծություններով է հանդես գալիս՝ խախտելով քաղաքական էթիկայի նորմերը։ Ենթադրում եմ, որ իր քաղաքական ղեկավարն այս հարցազրույցում տեղ գտած որոշ մտքերի համար նրան նկատողություն է տվել։ Ըստ ամենայնի, նաև հաշվի առնելով նրա կողմից հաճախ հնչեցրած՝ «սա, իմ կարծիքն է» եզրույթը, կնշանակի, որ մարդը առաջ է ընկնում իր քաղաքական թիմից, միգուցե ղեկավարից՝ ուզենալով դիրքավորվել մի կողմից առանձին, մյուս կողմից իր կարծիքն ունենալով որպես Տեր-Պետրոսյանի թևի հիմնական և միակ փոխարինող, հաշվի առնելով մոտալուտ ընտրությունները։

Բայց կարևոր է հստակ իմանալ՝ հանրությունն այսօր ատում է հող տվողներին ու հող տալու կողմնակիցներին, խելացի մարդիկ հասկանում են, որ անհնար է հանձնել Արցախը ու կարողանալ անվտանգ պահել Հայաստանը։ Պարտվողական ու ոչմիբանի դիմաց հող տալու պատրաստ ուժերը Հայաստանի քաղաքական ապագայում տեղ չունեն։ Այսօր ծայրաստիճան անհրաժեշտ է, որ իշխանության լինեն ուժերը, որ կարողանան երկիրը ճգնաժամից հանել, ուղիներ փնտրեն այս ծայրաստիճանի հասած վտանգավոր և կատաստրոֆիկ անվտանգային համակարգերը վերականգնելու համար, առանց Արցախը վերջնականապես տալու երկիրը զարգացնելու, Հայաստանը պատերազմից հեռու պահելու ընդհատված գիծը։ 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ