13 11 2020

Երբ դասալիքը մեղադրում է ուրիշներին

Երբ դասալիքը մեղադրում է ուրիշներին

Այն, որ արցախյան պատերազմի նման անփառունակ ավարտը, որը ազգային ողբերգություն է մեզ համար, պետք է դրդեր Նիկոլ Փաշինյանին և հեղափոխական թիմին անմիջապես հրաժարական տալ, աներկբա է։ Սակայն զավթած իշխանությունը պահելու տենչը լիովին կլանել է նրանց։ Հայրենիք հանձնած իշխող վարչախումբը ոչ միայն մտադիր չէ հրաժարական տալ, այլև սկսել է քարոզչական գրոհ ձեռնարկել իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմադիր դաշտի և տեղի ունեցածի վտանգավորությունը գիտակցող հանրության նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանի գլխավոր թեզը այն է, թե հանրահավաքների մասնակցողները ավելի լավ կլիներ գնային կամավոր ռազմաճակատ։ Մի կողմ դնենք, որ սա ասում է մարդ, որ խուսափել է զինվորական ծառայությունից ԽԱՂԱՂ ժամանակ։ Ինչ մնում է նրա՝ «կամավոր գնայիք կռվեիք»-ին, ապա հարկ է ասել հետևյալը․

1․ Հազարավոր կամավորներ գնացել  են ռազմաճակատ, հարյուրավորներն էլ ներկայացել են զինկոմիսարիատներ, որտեղ նրանց ասել են «սպասեք»։ Սակայն այդպես էլ չեն ստացել ռազմաճակատ մեկնելու ծանուցագիրը։ Հարց է առաջանում ինչո՞ւ՝ դիտավորյա՞լ, թե՞ անկազմակերպ աշխատանքի պատճառով։ Երկու դեպքում էլ մեղավորը և պատասխանատուն իշխանությունն է, որը, սովորության համաձայն, փորձում է մեղքը բարդել ուրիշի վրա։

2․ Այդ ո՞ր պետությունն է, որ պատերազմը վարում է կամավորներով։ Ունենք բանակ, պաշտպանության նախարարություն, զինկոմիսարիատներ։ Եթե բանակը համալրելու խնդիր կար, ապա պետության ղեկավարը ոչ թե պետք է ասի տանից ձեր հետ վերցրեք սաղավարտ ու տաք հագուստ, եկեք հավաքակայան, այլ իրականացնի համընդհանուր կամ մասնակի զորահավաք։ Ենթադրենք՝ զորակոչի 20-45 կամ անհրաժեշտության դեպքում 20-60 տարեկան արական սեռի աձանց, վարժեցնի, զենք հատկացնի, ստորաբաժանում ձևավորի, հրամանատար նշանակի և ուղարկի ռազմաճակատ։ Արվե՞լ է սա՝ ոչ։ Այդ դեպքում ոչ թե Նիկոլ Փաշինյանը պետք է ինչ-որ մեկի վրա «մուննաթ» գա, այլ մենք բոլորս՝ իր վրա։  

3․Ներկայում հանրահավաք անող ընդդիմադիր կուսակցությունները կամ ձևավորել են իրենց կամավորական ջոկատները (ՀՅԴ, Հայրենիք, ԲՀԿ, Ադեկվատ) կամ նրանց անդամակցողները որպես կամավորներ և պահեստազորայիններ մյուսների հետ մեկնել են ռազմաճակատ։ Սա, ի տարբերություն իշխանական կուսակցության՝ ՔՊ-ի, որի ջոկատը այդպես էլ Հայաստանից դուրս չեկավ և սահմանափակվեց իբր թե սահմանից արված լայվերով։

4․ Ի դեպ, չգիտես ինչու ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ դեռևս նրան պաշտպանողները չեն ասում, թե 2018 թ․-ին փողոցներում ու հրապարակներում թափառող մի քանի տասնյակ հազար ցուցարարներից կամ նրան ձայն տված գրեթե 900 հազար մարդկանցից քանի՞սն են որպես կամավոր մասնակցել պատերազմին։ Եթե Նիկոլ Փաշինյանին ձայն տվածներիգոնե1 տոկոսը կամավորագրվեր, ապա մենք կունենայինք մոտ 9 հազար հավելյալ կամավոր։ Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։ Եթե մարդիկ իրենց «գերագույն գլխավոր հրամանատարի» կոչը բանի տեղ չեն դնում, ուրեմն չեն հարգում, չունի վստահություն։

5․ Անկախ նրանից, որ կուսակցությունները կազմավորել էին իրենց կամավորական ջոկատները, ակնհայտ է, որ դա նրանց պարտավորությունների մեջ չէր մտնում։ Ավելին, օրենքը թույլ չի տալիս կուսակցություններին ունենալ ռազմականացված մաս։ Սակայն օրհասական պահին կուսակցությունները արեցին նաև դա, իսկ կառավարությունը տապալեց համընդհանուր զորահավաքը։ Տապալելուց  հետո էլ ստորագրեց այն խայտառակ համաձայնագիրը, որով մեր հայրենիքի մի հատվածը 25 տարի անառիկ պահած բանակը, զանգվածային հերոսություններ ցուցաբերած մեր զինվորներն ու սպաները, կամավորներն ու պահեստազորայինները ստիպված են թողնել թշնամուն։ Դա իրականացրած իշխանությունը չի կարող շարունակել պաշտոնավարել։ Այն պետք է հեռանա, իսկ նոր իշխանությանը բաժին է ընկնելու ծանրագույն ճգնաժամում գտնվող հայոց պետականությունը դուրս բերելու այս կացությունից։ Եթե ներկա պահին Արցախը ամբողջությամբ կորցնելու վտանգն է կախված մեր գլխին, ապա ոչ հեռու ապագայում՝ նաև Հայաստանի Հանրապետությունը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ