03 11 2020

Հակառուսները Հայաստանում և, իհարկե, գրանտներ՝ Թուրքիային աջակցողից

Հակառուսները Հայաստանում և, իհարկե, գրանտներ՝ Թուրքիային աջակցողից

Արդեն անդրադարձել ենք, թե այս օրերին հիմնականում ինչ շրջանակներ են ակտիվորեն լծված հակառուսական տրամադրություններ տարածելուն և քարոզելուն, ներկայացրել ենք նաև հիմնավորումներ, թե որքանով է դա վտանգավոր այս օրերին հատկապես: Այս անգամ կներկայացնենք որոշ մանրամասներ Արսեն Խառատյանի մասին, որն ակտիվ հակառուսական գործունեությամբ է զբաղված, պարզվում է՝ ԱՄՆ-ից։ Վարչապետի նախկին խորհրդականը պատերազմական այս ծանր օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում և ակտիվորեն զբաղված է հակառուսական քարոզով, գրառումներ է անում, ապա ջնջում։

Արսեն Խառատյանը սովորել է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի կոնֆլիկտաբանության մագիստարտուրայում: Բանակում չի ծառայել, ծառայության մեկնելուն նախօրոք մեկնել է արտերկիր, երբ Հայաստանում օրենք է ընդունվել որը հնարավորություն է տվել վճարել և ազատվել քրեական հետապնդումից դասալքության համա, նաև հետագա զինվորական ծառայությունից, վերադարձել՝ վաճարել է և այդպիսով խուսափել է պարտադիր զինծառայությունից:

2014 թվականից հանդիսանում է «Ալիք մեդիա»-ի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: Նշենք, որ այդ լրատվամիջոցը ֆինանսավորում են Ժողովրդավարության աջակցության հիմնադրամը (ԺԱՀ) (ամերիկյան կազմակերպություն է) և «Բաց հասարակություն հիմնադրամներ-Վրաստան»-ը (Սորոսի Վրաստանի գրասենյակ):

2012 թվականից անդամակցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին (ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից), իսկ Խորհրդի անդամ է եղել 2014 և 2020 թվականներին:

Հիշեցնենք, որ ՌԴ թշնամի Ջորջ Սորոսը, որի հիմնադրամը Հայաստանում բազմաթիվ նախագծեր է ֆինանսավորում, այս տարվա գարնանը հոդված էր հրապարակել որով կոչ էր անում եվրոպական պետություններին աջակցել Թուրքիային Ռուսաստանի դեմ պայքարում։

2007 թվականին ընկերների հետ հիմնել է «Սկսել ա», իսկ 2008-ին՝ «Հիմա» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունները, եղել է նաև «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, որի անդամներից էին նաև Արթուր Սաքունցը, Մարո Մաթոսյանը և ակնառու այլ սորոսական ներկայացուցիչներ: Այդ նախաձեռնությունը գործունեության ընթացքում Հայկական Զինված Ուժերը թիրախավորել է, վարկաբեկել, ոչ դրական լույսի ներքո ներկայացրել։   

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Նշենք, որ բանակում չծառայած Խառատյանը, բարձրաձայնում էր բանակի խնդիրները և լուծումներ էր առաջարկում:

Մեջբերենք մի հատված նրա մտքից (2011թ․ հոկտեմբերի 17) - «Մենք երիտասարդ, 18,19  մինչև 27 տարեկան երիտասարդներին փակում ենք մի տարածքում, որտեղ իրենք երկու տարի, ըստ էության, հասարակական այլ հարաբերություններից ամբողջությամբ կտրված են և իրենք այդ թվում գողական արժեքներից ելնելով իրար հետ հարցեր են լուծում»:

Իսկ, ահա 2017 թվականին, այս կարծիքն էր արտահայտում (նոյեմբեր 15, 2017թ․) - «Վազգեն Սարգսյանի` «սաղիդ բռնեմ տանեմ բանակ»-ի ժամանակներն անցել են, պարոն Վիգեն Սարգսյան: Մեր ունեցած խնդիրների առանցքում հենց Ձեր ու ձեր վարչակարգի կառավարման ոչ արդյունավետ, անարդար ու երկերեսանի համակարգն է, ուստի առնվազն ազնիվ չէ հետեւանքների վերացման փորձերը ներկայացնել որպես բարեփոխում կամ արդարության հաստատում: «Պատիվ ունեմ»-ի մակարդակի աղքատիկ սովետական երեւակայությունը համահունչ չէ Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին, քանի որ նախեւառաջ քաղաքացուն դիտարկում է որպես ռեսուրս և ոչ որպես արժեք»:

Արսեն Խառատյանը մշտապես աչքի է ընկել հակառուսական քարոզչությամբ: Նա, որպես ՔՊ կուսակցության առաջամարտիկ, պնդում էր, որ պետք է դուրս գալ ԵՏՄ-ից, որովհետև այն անորոշ ճակատագիր է խոստանում Հայաստանին: «Ես կարծում եմ, որ նույնիսկ ՀՀ իշխանություն ներկայացող մարդիկ են դեմ մաքսային միությանը, պարզ չի, թե սա ինչ գործընթաց է լինելու: Այնտեղ, որտեղ այսօր Հայաստանը հայտնվել է, մենք որևէ ինտեգրացիոն գործընթացի չհասկացված էն կերպով, որ կերպով որ գնում ենք, դեմ ենք» (մայիսի 15, 2014թ․)։

Արսեն Խառատյանը համացանցում ստացել է «թուրք ներող» մականունը։ Պատճառը նրա՝ Հայոց ցեղասպանության համար թուրքերին ներելու հայտարարությունն էր․ «Ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրվան նախորդող օրը, ես ասել եմ հետևյալը. «Հիշում ենք, պատրաստ ենք ներել, բայց երբեք չենք մոռանա»: Նաև նշում է, որ ներողամտությունը ազնվական առաքինություն է:

2018 թվականին իշխանափոխությունից հետո Արսեն Խառատյանը 100 օրով ստանձնեց ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը, հետո շատ անհասկանալի պատճառաբանությամբ հրաժարական տվեց:

Ներկայացնենք մի քանի ուշագրառ գրառումներ արդեն պաշտոնաթողությունից հետո:

Ապրիլ 25, 2020թ․ - «Այն, որ ներկայիս քաղաքական իշխանությունը, կամ` չի ցանկանում, կամ` անկարող է մաքրել համակարգը արտաքին ուժերի, իսկ մասնավորապես Ռուսաստանին ծառայողներից, չափազանց վտանգավոր է դառնում, սա չգիտակցելը դարձել կամ դառնում է պատուհաս: Պետական պաշտոններ զբաղեցնող տիկնայք եւ պարոնայք, եթե չեք վերցրնելու Ձեր վրա այս խոսակցությունը ծավալելու պատասխանատվությունը, ապա մենք` հասարակ քաղաքացիներս ենք ստիպված լինելու դա անել»:

30.07.2020թ․ - «Արդյո՞ք Հայաստանի շահերից է բխում ռուս-թուրքական դուոյի միջոցով խնդիրները լուծելը, թե` որպես հակակշիռ պետք է ջանքեր ներդնել Արևմուտքի ներգրավման ուղղությամբ»:

10.08.2020թ․ - «Ո՞ւր ենք շտապում

Մինչ հետընտրական Բելառուսում իրավիճակը շարունակում է անկանխատեսելի լինել, ընդդիմությունը պատրաստվում է վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները, մարդիկ գործադուլների են պատրաստվում, Երեւանը շտապում է շնորհավորել Լուկաշենկոյին հաղթանակի առիթով:

Այսպիսով արձանագրում ենք, որ Հայաստանը Լուկաշենկոյին շնորհավորողների հետեւյալ երկրներին է միանում. Ռուսաստան, Չինաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան ու Տաջիկստան»:

Հակառուս քարոզչության մեկնարկը պատերազմի օրերին տվեց հենց Արսեն Խառատյանը, ով իր ՖԲ էջում գրեց. «Путин капут в Карабахе»: Այնուհետև ջնջեց իր գրառումը, բայց այն արդեն լայնորեն տարածվել էր։

29 սեպտեմբերի 2020թ․ - «ՀԱՊԿ-ն եղել ու շարունակում է լինել Ռուսաստանի Դաշնության դոմինանտությամբ ու բացարձակ ղեկավարմամբ մեծ հաշվով ֆիկտիվ կառույց: Այո, այն ունեցել է տարածաշրջանային եւ գլոբալ ռազմահոգեբանական քաղաքականություն իրականացնելու որոշակի ազդեցություն:

Հատկապես, երբ խոսքը գնում է ղարաբաղյան հակամարտության մասին, սակայն եթե խոսում ենք դրա իրական ֆունկցիոնալության մասին, ապա այն առավելապես ֆորմալություն է»:

Եվ հիմա ռուսական քաղաքական-քաղաքագիտական շրջանակները Հայաստանին օգնել-չօգնելու հարցում միշտ նշում են, որ Հայաստանի ղեկավարությունն իրեն շրջապատել է հակառուս, սորոսական գործիչներով, և նրանց շարքում առաջին հերթին տալիս են Արսեն Խառատյանի անունը, չնայած որ նա պետական պաշտոն չի զբաղեցնում, սակայն որոշ շրջանակներում ներկայանում է որպես ՀՀ կառավարության արտաքին հարցերով խորհրդատու։

Դժվար է ասել, թե հատկապես այս պատերազմական ծանր օրերին նման գործիչների ելույթները որքանով են խաթարում հայ-ռուսական հարաբերությունները, մանավանդ այն գործիչների, որոնք համարվում են իշխանության ներքո գործող։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ