Հայաստանի կառավարությունը վերջապես որոշեց արգելել թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը Հայաստան։ Դրա անհրաժեշտության մասին խոսվել է տարիներ շարունակ, թվարկվել բոլոր պոտենցիալ վտանգները, որոնք այս օրերին իրականություն դարձան։ Մեր նախորդ երկու հրապարակումներից առաջինում անդրադարձել էինք թուրքական ահագնացող ներմուծման հետ կապված սպառնալիքներին, իսկ մյուսում՝ թե ինչու և ինչպես պետք է հրաժարվենք թուրքական ապրանքների ներմուծումից։
Եվ ահա կառավարությունը որոշել է 2021թ․-ի հունվարի 1-ից արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Հիշեցնենք այդ երկրից Հայաստան ներմուծվող թուրքական հիմնական ապրանքախմբերը 2019թ․ տարեկան արդյունքներով։ Դրանք են՝ հագուստ՝ 69,4 մլն դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ 35,3 մլն դոլար, նավթ և նավթամթերք՝ 24,3 մլն դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ մաքրող լվացող միջոցներ, կոսմետիկա և այլն՝ 23,6 մլն դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանիցից պատրաստված իրեր՝ 21,6 մլն դոլար, ցիտրուսային մրգեր 10,3 մլն դոլար, շինանյութ և այլն՝ ընդհանուր առմամբ մոտ 268 մլն դոլար։ Ինչպես տեսնում ենք խոսքը բավականին բազմազան տեսականու մասին է, հետևաբար, կառավարության արդեն ընդունած որոշումը նոր հարցեր է առաջացնում։
Առաջինը այն է, իսկ հնարավո՞ր է տեղական արտադրության կամ այլ երկրներից ներմուծվող ապրանքներով փոխարինվեն թուրքական ապրանքները։ Միանշանակ հնարավոր է։ Եթե տեղական արտադրության փոխարինող ապրանքներ ոչ բոլոր թուրքական ապրանքների դեպքում ունենք, ապա այլ երկներից դրանց ներմուծելը առանձնապես խնդիր չի առաջացնում։ Առավել ևս, այժմ հնարավորություն ունենք ներմուծել ԵԱՏՄ երկրներից՝ ավելի հեշտ ընթացակարգերով։ Այնպես չէ, որ Թուրքիան աշխարհում ասենք՝ հագուստ կամ շինանյութ արտադրող միակ և անփոխարինելի երկիրն է։
Երկրորդ՝ հնարավո՞ր է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը սոցիալական հավելյալ խնդիրներ ստեղծի մեր երկրում։ Տարիներ, տասնամյակներ հենց այս՝ սոցիալական գործոնը հաշվի առնելով Հայաստանի իշխանությունները չէին գնում վճռական քայլերի թուրքական ներմուծումը եթե ոչ արգելելու, գոնե սահմանափակելու հարցում։ Ցավոք, դա բերեց նրան, որ մենք մեր մասնակցություն ունեցանք մեր դեմ մղվող պատերազմում թուրքական ակտիվ դերակատարման մեջ։ Այդուհանդերձ, սոցիալական խնդիրներ կառաջանային, եթե կառավարությունը որոշեր անմիջապես արգելել թուրքական ապրանքների ներմուծումը։ Մինչդեռ, առնվազն երկու ամիս ժամանակ է տրված այլընտրանքային ներմուծման կամ տեղական արտադրությունների կազմակերպման համար։ Հետևաբար, սոցիալական խնդիրներ այս պատառով չեն կարող առաջանալ։
Այո, կարող են դժվարություններ առաջանալ Թուրքիայից ապրանք ներմուծողների համար։ Ժամանակ կպահանջվի մինչ նրանք վերակողմնորոշվեն դեպի այլ շուկաներ։ Միաժամանակ, շեշտում ենք, որ արդեն Հայաստան ներմուծված թուրքական ապրանքները պետք է սպառվեն։ Հիմա արդեն, երբ դրանց հետագա ներմուծումն արգելված է, անիմաստ է արդեն ներմուծվածը բոյկոտելը։
Երրորդ հարցը, որ տարիներ շարունակ հնչեցվել է, թե արդյո՞ք մենք այսպիսի քայլով լուրջ վնասներ ենք ստեղծում Թուրքիայի տնտեսության համար։ Բնականաբար, աշխարհի հարուստ և բարեկեցիկ երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների ներմուծման արգելքի համեմատ Հայաստանի արգելքը աննշան ազդեցություն է ունենալու թուրքական տնտեսության վրա։ Սակայն, առնվազն մենք ինքներս չենք մասնակցի մեր դեմ մղվող պատերազմին և մեր չափով չենք նպաստի թշնամի երկրի տնտեսությանը։ Ի դեպ, տարեկան 250-300 մլն դոլարը, որ մենք ներդրում ենք կատարում թուրքական տնտեսության մեջ, ամեն դեպքում այնքան էլ փոքր գումար չէ և եթե որևէ մեկն այդքան ներդրում կատարի որևէ երկրում, այդ թվում Թուրքիայում, հաստատապես հատուկ ուշադրության կարժանանա։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը