Թուրքական արտադրության ապրանքներից Հայաստանում հրաժարվելու անհրաժեշտության մասին անդրադարձել ենք նախորդ հրապարակմամբ՝ ներկայացնելով մեզ համար դրա բացասական տնտեսական հետևանքները:
Անցած մեկ ամսվա և մասնավորապես վերջին օրերի իրադարձությունները՝ լայնածավալ պատերազմը Արցախում և Թուրքիայի ակտիվ մասնակցությունը դրան, վերջապես մեզանում տեղաշարժ արձանագրեց թուրքական ներմուծումից հրաժարվելու հարցում։ Նախ՝ բեռնափոխադրող ընկերություններից մեկը հայտարարեց թուրքական ապրանքների ներմուծմամբ զբաղվելուց հրաժարվելու մասին, ապա՝ չորս խոշոր սուպերմարկետների ցանցերը հայտարարեցին թուրքական ապրանքների վաճառքից հրաժարվելու մասին։ Սա անշուշտ, դրական զարգացում է, բայց ոչ բավարար։ Անհրաժեշտ է պետական հստակ քաղաքականություն այս ուղղությամբ, այդ թվում՝ հասարակական գիտակցության ձևավորման առումով։
Նախևառաջ, թուրքերի և Թուրքիայի նկատմամբ, այսպես ասենք, պլատոնական ատելությունը պետք է վերածել կոնկրետ արդյունքի։ Նվազագույնը, որ պետք է անենք՝ չօգնենք թշնամուն։ Տարօրինակ է իհարկե, որ մենք փաստացի օգնում ենք մեզ ցեղասպանության ենթարկած պետությանն ու ժողովրդին, բայց փաստ է, որ այսօր նման իրականություն գոյություն ունի։
Առաջին հերթին, պետք է տեղյակ լինել ապրանքների գծիկավոր կոդի Թուրքիայի թվերին։ Թուրքական ապրանքների համար այդ կոդը սկսվում է 8 69-ով կամ էլ պիտակներին գրված է լինում Made in Turkey։ Այսինքն, ցանկացած ապրանք գնելիս ստուգել պիտակի վրայի գրությունը կամ գծիկավոր կոդը և թուրքական լինելու պարագայում հրաժարվել գնել այն։ Մեր բազմաթիվ հայրենակիցներ հենց այդպես էլ վարվում են, բայց դա համատարած չէ։ Դրա համար անձնազոհության կամ խիզախության կարիք չկա՝ պարզապես պետք է հրաժարվել։
Անցած տարվա տվյալներով, 268 մլն դոլարի թուրքական ապրանք է ներմուծվել Հայաստան։ Նշանակում է այդ ամբողջ գումարը գնացել է թուրքական տնտեսության մեջ, մտել այդ երկրի պետական բյուջե, ստեղծվել աշխատատեղեր և զարգացրել արտադրություններ։ Եթե մենք զերծ մնայինք թուրքական ապրանքներ գնելուց, բիզնեսը չէր ներմուծի դրանք՝ թուրքական ամենաբազմազան տեսակի հագուստ, պատրաստի սննդամթերք և գյուղմթերքներ, լվացող և մաքրող միջոցներ, էլեկտրական սարքեր, կենցաղային սպառման ապրանքների լայն տեսականի, կոսմետիկայի լայն տեսականի, շինանյութեր և այլն։ Նրանց մեջ հայտնի թուրքական ապրանքանիշեր կան, որոնց մասին բոլորը գիտեն, բայց շարունակում են գնել։ Մեկ անգամ ևս շեշտենք, բոլոր թուրքական ապրանքներին համարժեք, այլ երկրներում արտադրված, իսկ որոշ դեպքերում նաև հայկական արտադրության ապրանքները վաճառվում են մեր երկրում։ Այնպես չէ, որ եթե չլինի թուրքական այս կամ այն ապրանքը, ապա այն ոչնչով հնարավոր չի լինի փոխարինել։
Պետությունը պարտավոր է նաև կարգավորումներ մտցնել թուրքական ապրանքների ներմուծման մասով։ Եթե մինչև արցախյան ներկա պատերազմը իրատեսական էր դրանց ներմուծման համար մաքսատուրքերի մինչև 15 տոկոս բարձրացումը, ապա ներկայիս իրողությունների պարագայում պետք է պարզապես արգելել թուրքական ապրանքների ներմուծումը։ Այդ ոլորտում ընդգրկված փոքր բիզնեսի ներկայացուցիչներն էլ պետք է հասկանան, որ այն գումարը որ իրենք վճարում ենք իրենց թուրք գործընկերներին ապրանքներ ձեռք բերելու համար, դրա մի մասը մտնում է այդ երկրի պետական բյուջե, դառնում զենք, փոխանցվում Ադրբեջանին, և դրանով սպանվում են մեր բանակի զինվորներն ու սպաները։ Պետք է հասկանան, որ մենք մեր ձեռքով մասնակցում ենք այդ գործին։ Անշուշտ, որոշակի ժամանակ է պահանջվում այլ երկրներում նոր գործընկերներ ձեռք բերելու համար։ Կառավարությունը կարող է որոշակի ժամկետ սահմանել և հայտարարել, որ ենթադրենք երկու կամ երեք ամիս հետո արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։
Կա այսպիսի արդարացում, թե Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքներն այդ երկրի արտահանման չնչին տոկոսն են կազմում և չեն կարող ազդել նրա տնտեսության վրա։ Թուրքական արտահանումն անցյալ տարի 180 մլրդ դոլար է կազմել։ Դրա միայն 0,15 տոկոսն է Հայաստան մտել։ Սակայն, ինչպես արդեն նշեցինք, խոսքն այն մասին է, որ մենք մեր ձեռքով չօգնենք մեր թշնամուն, որքան էլ այդ օգնությունը չնչին լինի, քանի որ մեղմ ասած, պարզապես, աննորմալ պետք է լինել այդպես վարվելու համար։ Երկրորդն էլ, անգամ այդ 0,15 տոկոսը կամ 268 մլն դոլարը այնքան էլ փոքր գումար չի, որքան որ ասվում է, առավել ևս եթե դա դիտարկենք Հայաստանի տնտեսության ծավալներով։ Հավելենք, որ այդ «փոքր գումարը» անկախության ամբողջ տարիների ընթացքում կազմել է մոտ 3,5 մլրդ դոլար։ Այդքան է կազմել Հայաստան մտած թուրքական ապրանքների ընդհանուր ծավալը և այդքան գումար Հայաստանից հոսել է դեպի Թուրքիա։
Ի դեպ, վերոնշյալը վերաբերվում է նաև իրենց հանգիստը թուրքական ծովափերում անցկացնող մեր հայրենակիցներին և առավել ևս՝ Թուրքիայի հետ համատեղ դրամաշնորհային ծրագրեր իրականացնողներին։ Վերջինս, սակայն, առանձին խոսակցության թեմա է։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը