02 09 2020

Թուրքական ահագնացող ներմուծումը` ազգային անվտանգության սպառնալիք

Թուրքական ահագնացող ներմուծումը` ազգային անվտանգության սպառնալիք

Թուրքական ապրանքներով Հայաստանի շուկայի հեղեղված լինելը, առանց չափազանցության, ազգային անվտանգության խնդիր է։ Ներմուծելով և գնելով թուրքական արտադրության ապրանքները, առաջինը՝ խրախուսում ենք թշնամի երկրի արդյունաբերությանը, փաստացի ներդումներ կատարում դրա մեջ, ստեղծում աշխատատեղեր եւ մեր կողմից համալրում Թուրքիայի պետական բյուջեն, երկրորդը՝  վտանգի ենք ենթարկում մեր կյանքն ու առողջությունը, քանի որ բացառված չեն թունավորումներն ու այլ թշնամական գործողությունները այդ ապրանքների միջոցով, երրորդը՝ դժվարություններ ստեղծում այն ապրանքների  արտադրության ստեղծման եւ զարգացման համար, որոնց տեղում արտադրելու հնարավորություններն առկա են։

Բավական է նշել, որ համաձայն վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի անկախության տարիներին Հայաստան ենք ներմուծել եւ սպառել գրեթե 3,5 մլրդ դոլարի թուրքական ապրանք։ Այն դեպքում, երբ դեպի այդ երկիր հայկական ապրանք չի արտահանվում։ Թուրքիան բարձր՝ 1000 տոկոս մաքսատուրքեր է սահմանել Հայաստանում արտադրված ապրանքների նկատմամբ, որի հետեւանքով ցանկացած ապրանք թանկանում է մոտ 10 անգամ եւ անմրցունակ դառնում թուրքական շուկայում։ Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը համարժեք միջոցառումներ չի կիրառում եւ սահմանափակում թուրքական ապրանքների մուտքը Հայաստան։ Պատճառաբանությունները մի քանիսն են եղել տարիներ շարունակ, որոնց մեծ մասը չեն դիմանում քննադատության։

Հիմնականը, որ Թուրքիայից ներմուծվում են զանգվածային սպառման ապրանքներ, որոնք էժան են եւ մեր սոցիալական վիճակը թույլ չի տալիս դրան խչընդոտել։ Իրականում թուրքական ապրանքներն ամենեւին էլ էժան չեն, ի տարբերություն ասենք չինական կամ պարսկական ապրանքների։ Հետեւաբար, այս արդարացումը հիմնավոր չէ։

Մյուս պատճառը, որ մենք Առեւտրի համաշխարային կազմակերպության անդամ ենք եւ չենք կարող մաքսատուրքեր կիրառել թուրքական ապրանքների նկատամամբ։ Նախ, արդեն նշեցինք, որ Թուրքիան մեր նկատմամբ կիրառում է աստղաբաշխական մաքսատուրքեր եւ փակում իր շուկան մեր առջեւ։ Երկրորդ, Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը հնարավորություն է տալիս մինչեւ 15 տոկոս մաքսատուրք կիրառել ներմուծվող ապրանքների նկատմամբ, եթե այդ պատճառով վտանգվում են ներքին շուկան եւ ներքին արտադրողները։ Այսինքն, այս պատճառը նույնպես հիմնավոր չէ։

Հաջորդը, որ հազարավոր մարդիկ զբաղված են թուրքական ապրանքների ներմուծմամբ, դրանով են ապրում եւ իրենց եկամուտները վաստակում։ Անշուշտ, դա ճշմարտություն է, բայց ամեն ինչ իր լուծումն  ունի։ Կառավարությունը նախապես, ասենք վեց ամիս կամ մեկ տարի առաջ հայտարարում է, որ այդքան ժամանակ հետո թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվելու են մաքսատուրքեր եւ դրանք հայկական շուկայում դառնալու են անմրցունակ կամ սակավ մրցունակ։ Այդպես, նա հնարավորություն է տալու ներմուծողներին փնտրել այլ գործընկերներ այլ երկրներից եւ ներմուծել նույն ապրանքները։ 2015 թ․-ին Հայաստանի ԵԱՏՄ մտնելը առավել քան նպաստավոր պայմաններ է ստեղծել դրա համար։ Կասկած չկա, որ թուրքական ներմուծմամբ զբաղվողները, թեեւ կկրեն որոշ դժվարություններ, բայց մեկ տարվա ընթացքում կգտնեն նոր գործընկերներ այլ երկրներից։

Հաջորդ պատճառաբանությունն այն է, որ պետք է տարբերակներ գտնել թուրքական ներմուծմանը փոխարինող արտադրություններ ստեղծելու համար, որոնք կկարողանան մրցունակ լինել նախ՝ տեղական շուկայում, ապա՝ արտաքին շուկաներում։ Մասսամբ փաստարկված մոտեցում, որի կողմնակիցները սխալ են համարում թուրքական ապրանքների նկատմամբ սահմանափակումներ կիրառելը, ասելով, որ դրան փոխարինող տեղական ապրանքները առանց մրցակցության ժամանակի ընթացքում կդառնան ոչ մրցունակ։

Սակայն, տեղական արտադրության ապրանքները գոնե սկզբնական շրջանում պետք է ունենան որոշակի առավելություն ներմուծվողի նկատմամբ, որպեսզի կայանան, ճանաչելի դառնան եւ կարողանան մրցակցել ներմուծվողի հետ։ 2017 թ․-ին Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծմանը փոխարինման քայլեր սկսեց իրականացնել, որոշվեցին այն ապրանքները, որոնց տեղական արտադրությունը հնարավոր է կազմակերպել Հայաստանում։ Սակայն դրան գործնական քայլեր չհաջորդեցին, իսկ 2018 թ․-ի ապրիլ-մայիսի իրադարձությունները իրենց հետ վերջնականապես թաղեցին նաեւ այս նախաձեռնությունը։

Ի՞նչ է անում «հեղափոխական» իշխանությունը այս հարցի առնչությամբ։ Բնականաբար՝ ոչինչ, բացառությամբ էժան պոպուլիստական քայլերի։ Նիկոլ Փաշինյանը երբեմն հայտարարում է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները կրում են այս կամ այն տեղական արտադրանքը կամ էլ Նիկոլ Փաշինյանը եռագույն փողկապ է կրում եւ եռագույն գուլպաներ նվիրում այլ երկրի վարչապետին։ Բնական է, որ այս ձեւով տեղական արտադրությունը չեն խրախուսում։ Ավելին, դատելով իշխանության նկատմամբ դժգոհության աճից, նրա ղեկավարի կրած հագուստը կամ կոշիկը հակագովազդ են դառնում այդ ապրանքների համար։ Գուցե դրանք արտադրող ընկերություններն արդեն զգացե՞լ են դա ․․․ Ինչեւէ։ 

Մնում է միայն ավելացնել, որ 2018-2019 թթ․-երին թուրքական արտահանումը նախորդ տարիների համեմատ էապես աճել է, կազմելով համապատասխանաբար 252 մլն դոլար եւ 268 մլն դոլար։ Այս տարվա առաջին կեսին փոքր-ինչ նվազում կա, ինչը սակայն պայմանավորված է ընդհանուր տնտեսական ակտիվության եւ ներմուծման ծավալների նվազմամբ։ Ներմուծվող թուրքական ապրանքների մեջ գերակշռում է հագուստը՝ մանկական կանացի, տղամարդու, տարբեր տեսակի կտորներից, բազմազան տեսականիով, տարբեր սդեզոնների համար եւ այլն։ Այնուհետև գալիս են շինանյութերը, էլեկտրական սարքերը, լվացող և մաքրող միջոցները, սննդամթերքը՝ առավելապես գյուղմթերքներ, կենցաղային սպառման ապրանքների լայն տեսականին։ Ընդգծենք, որ մեզ մոտ վաճառվում են վերոնշյալ բոլոր ապրանքներին համարժեք, այլ երկրներում արտադրված կամ տեղական արտադրության ապրանքներ։ Այսինքն, այնպես չէ, որ թուրքական ապրանքները բացառիկ են եւ դրանցից բացի ուրիշները չկան։

Հետևաբար և հաշվի առնելով նաև, որ պետության կողմից չկա թուրքական ներմուծման վտանգի և դրա փոխարինման անհրաժեշտության գիտակցումը, մենք որպես հանրություն պետք է անենք նվազագույնը՝ զերծ մնանք թուրքական արտադրանք գնելուց, այդպիսով հարևան երկրի տնտեսության մեջ ներդրումներ անելուց, մեր սահմանների մոտակայքում զորավարժություններ անող և մեզ սպառնացող նրա բանակի զինմանը մասնակցելուց, մի խոսքով մեր ձեռքով մեզ կործանման տանելուց։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ