05 10 2020

Մեր պետությանը հարվածելու՝ սորոսականների հերթական պատրվակը

Մեր պետությանը հարվածելու՝ սորոսականների հերթական պատրվակը

Արցախում շարունակվող մարտական գործողություններին զուգահեռ Սորոսի դրամաշնորհներով սնվողները Հայաստանում շարունակում են հարձակումները Ռուսաստանի դեմ, այս անգամ պատրվակ դարձնելով ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման հնարավորությունը արցախյան հակամարտության գոտում։ Նրանց երկրորդում են սոցցանցային «գեներալները», որոնք իրենց տաք բնակարաններում նստած Բաքուն և Եվլախն են «գրավում», հայտարարում, որ «ռուսները վաբշե ով են, որ մեզ ասեն», «Ռուսաստանի ոտը պետք է ստեղից կտրել» և այլն։ Ասել, որ նման քարոզչությունը վաղուց արդեն պետք է համարվեր ազգային անվտանգությանը սպառնալիք և առավել ևս՝ հիմա պատերազմի ժամանակ, նշանակում է ոչինչ չասել։ Սակայն այդ շրջանակները իրենց հանգիստ ու ապահով են զգում, քանի որ վայելում են ներկայիս իշխանության աջակցությունն ու մասնակցություն ունեն այդ իշխանության մեջ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցներից մեկում չէր բացառել արցախյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը ԵԱՀԿ միջնորդական առաքելության շրջանակներում քննարկելը, ասելով որ դա ավելի լայն քննարկման առարկա է։ Սա չի նշանակում, որ հարցն արդեն քննարկման է դրված, բայց ցանկացած հարց, որ առնչվում է Ռուսաստանին, սորոսի վարձկանների կողմից անմիջապես ենթարկվում է հարձակման։ Նրանց բնականաբար չի հետաքրքրում Հայաստանի ճակատագիրը։ Նրանց չի հետաքրքրում, թե հայկական պատերազմող բանակը ո՞ր երկրից ստացված գործարանային գներով կամ շատ հաճախ անվճար հատկացվող զենքով է կռվում, ո՞ր երկրից է այս ծանր օրերին ստացվում այն ռազմամթերքը, որ անընդհատ՝ յոթ-ութ օր շարունակ կրակում է թշնամու վրա, այդքան զրահատեխնիկա ոչնչացնում, քանի՞ հազար տոննա այդպիսի ռազմամթերք է եկել Ռուսաստանից այս օրերին, ի՞նչ կլիներ եթե Ռուսաստանը հիմք ընդունելով խզմալյանբաբաջանյանխառատյանների բարբաջանքները, դադարեր մատակարարել, ինչո՞վ էին կռվելու մեր զինվորներն ու սպաները՝ Սորոսի դրամաշնորհներո՞վ, ի՞նչ կլիներ, եթե «ռուսի ոտը ստեղից» արդեն կտրած լիներ և ո՞վ էր ապահովելու մեր երկիրը Թուրքիայի կողմից արդեն ուղղակի Հայաստանի վրա հարձակման վտանգից։ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեն տրվում, սակայն հետևողականորեն մանիպուլացնում են հանրությանը։

Ինչ մնում է ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը, ապա այդ հարցը պետք է քննարկել՝ բացառելով սորոսական շրջանակների մասնակցությունը դրան և հիմք ընդունելով մեր ազգային պետական շահերը։ Խաղաղապահների տեղակայման հարցը դեռևս տեսական քննարկման առարկա է, իսկ ՌԴ նախագահի մամլո խոսնակը հայտարարել է, որ դա հնարավոր կլինի, եթե համաձայվեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Արդյո՞ք ցանկալի տարբերակ է դա մեզ համար։ Հարցին միանշանակ պատասխանելը դժվար է, քանի որ հայտնի չէ, թե ինչպե՞ս է դա լինելու, որտե՞ղ են տեղակայվելու և ընդհանրապես տեղակայվելո՞ւ են արդյոք։ Սակայն, մի բան հստակ է, որ ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում ռազմական գործողությունները հերթական անգամ վերսկսելը ինչ-որ չափով զսպող գործոն է լինելու։ Անշուշտ, դա չի բերելու հակամարտության կարգավորմանը։ Սակայն, անընդունելի է, երբ մերժում են այս գաղափարը՝ ասելով, որ մեր բանակը ապացուցեց, որ առանց Ռուսաստանի կարող ենք մեզ պաշտպանել։ Վերևում արդեն նշեցինք, թե մեր բանակն ում և ինչ աջակցության շնորհիվ է դա անում։ Չկրկնվենք։

Անընդունելի է, թաքնվելով պատերազմի ամեն օր մահվան աչքերի նայող սպաների և զինվորների հետևում, նրանց կյանքի գնով, սեփական ոչինչ չզոհաբերելով, նման հայտարարություններ անել։ Վատ չէր լինի, եթե փորձեն զինվորական տղա, ամուսին, եղբայր կամ հայր ունեցող մարդկանց ասել դա, որոնք ամենօրյա դաժանագույն տագնապի մեջ են և վայրկյան առ վայրկյան սպասում են ռազմաճակատում գտնվող իրենց հարազատներից լուրի, չխոսելով արդեն ողբերգական լուրը ստացածների մասին։

Զավեշտալի է ընդհարապես, երբ վտանգ են սպասում ռազմավարական դաշնակից երկրից և կոչ անում հրաժարվել նրանից։ Նման քարոզչությունը ուղղակի հարված է մեր անկախությանը, մեր պետությանը և վտանգում է մեր գոյությունն ընդհանրապես։ Կարծում եմ ժամանակն է գույքագրելու անվտանգությանը սպառնալիքներ ստեղծող մեր ներսի գործիչներին, թե չէ, միշտ միայն թուրքի կամ ադրբեջանի կողմնենք նայում, ներսը թերագնահատելով։

Արա Մարտիրոսյան   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ