Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում որոշում կայացրեց, որով եւս 6 ամսով երկարացվեց Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը:
Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։
«Հարկ է ընդգծել, որ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Ըստ այդմ, ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։
Նախագծի նպատակն է կանխարգելել թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը։
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ թուրքական ապրանքների ներմուժման 6-ամսյա արգելքի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին, եւ այն հիմա երկարացվում է մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: Նրա խոսքով, այս ընթացքում Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են մոտավորապես 70 տոկոսով:
Թե թուրքական ծագման որ ապրանքների վրա է տարածվում ՀՀ ներմուծման ժամանակավոր արգելքը, կարող եք ծանոթանայլ ԱՅՍՏԵՂ (հարց համար 28):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը