Մեկ ամիս առաջ անդրադարձել էինք այն խնդիրներին, որոնց բախվելու էին Երևանի հասարակական տրանսպորտը և մենք բոլորս դպրոցներում ու բուհերում դասերի վերսկսման ժամանակ: Նշել էինք վերստին գերբեռնված երթևեկելու մասին, առաջարկել էինք հարկային արտոնություններ տրամադրել երթուղիները սպասարկող տրանսպոտային ընկերություններին, որպեսզի կարողանան շահութաբերությամբ աշխատել առանց մարդկանց իրար գլուխ լցնելու, հաշվի առնելով նաև կորոնավիրուսի տարածման վտանգը։ Ի՞նչ ենք տեսնում այսօր, մեր այդ հրապարակումից մեկ ամիս անց։
1․ Բնականաբար, Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային կազմակերպություններին չազատեց հարկերից, որպեսզի նրանք կարողանան առանց գերբեռնելու աշխատեն, մենք էլ՝ քաղաքակիրթ երթևեկենք։
2․ Հասարակական տրանսպորտը գործում է, այսպես ասած, հովհարային եղանակով։ Կամ գերբեռնված է երթևեկում, կամ՝ ընդհանրապես չի երթևեկում։ Շաբաթ-կիրակի օրերին Երևանը վերածվում է անապատի և անգամ քաղաքապետարանի ենթակայության «Երևանի ավտոբուս» ՓԲԸ ավտոբուսները եթե երթուղի դուրս էլ են գալիս, ապա դա անում են ժամանակային այնպիսի հաճախականությամբ (40-60 րոպե միջակայքով), որ դրանց սպասելն անմիաստ է դառնում։
3․ Երթուղիները ակնհայտորեն պակասել են։ Վերջին 7 տարվա ընթացքում փակված մոտ 30 երթուղիներին ավելանում են նորերը, որոնք պարզապես առանց հայտարարելու չեն գործում։ Պատճառը նույնն է՝ ոչ շահութաբեր լինելը։
4․ Անհայտ է, մաշված և այլևս վտանգավոր դարձած միկրոավտոբուսները շարունակում են աշխատել, թե՞ ոչ։ Եթե հաշվի առնենք, որ դրանք Երևանում գործող մոտ 900 միկրոավտոբուսների կեսն են, տպավորությունն այնպիսին է, որ շարունակում են շահագործվել։ Համենայնդեպս, քաղաքապետարանը որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել այդ մասին, և, ամենայն հավանականությամբ, մենք բոլորս ամեն օր մեզ վտանգի ենք ենթարկում օգտվելով այդ միկրոավտոբուսներից։
5․ Հայկ Մարությանը երկու տարի է տեղի-անտեղի խոսում է շուրջ 400 նոր մեծ տարողությամբ ավտոբուսների և նոր երթուղային ցանցի գործարկման մասին։ Ամեն անգամ, նա կամ նրա տեղակալները հայտարարում են, որ դա տեղի կունենա երկու տարի հետո։ Այդպես երկու տարին դառնում է չորս, հետո էլ կարելի է ասել ևս երկու տարի հետո և այդպես շարունակ։
6․ Փոխարենը մեզ փորձում են խաբել ինչ-որ 100 փոքր ավտոբուսների մասին խոսելով, որոնք իրականում նույն միկրոավտոբուսներն են, պարզապես դրանցում առանց ծռմռվելու կանգնելու հնարավորություն կա։ Սակայն, դրանք չենք կարող փոխարինել ոչ խոստացված 400 մեծ տարողությամբ ավտոբուսներին, ոչ էլ շահագործումը դադարեցնելու կոչված 450 միկրոավտոբուսներին։ Սակայն, անգամ այդ 100 փոքր ավտոբուսների խոստումը շարունակում է չիրականացված խոստում մնալ։
Այս ամենից հարց է առաջանում, ինչո՞ւ ոչինչ չի արվում գերբեռնված երթևեկելը բացառելու համար՝ ոչ թե մարդկանց կանգառներում սպասեցնելու միջոցով, այլ ավելի շատ մեքենաներ երթուղի դուրս բերելու միջոցով։ Կամ՝ գուցե մասնավոր կազմակերպությունների փոխարեն Երևանի քաղաքապետարանն ինքը շահագործի հասարակական տրանսպորտը իրեն պատկանող շարժակազմով և քաղաքային բյուջեից էլ վճարվի դրա ամբողջ ծախսը։ Ի վերջո, քաղաքի բյուջեն ձևավորում են նրա բնակիչները և ճիշտ կլինի այդ գումարներն էլ ուղղել նրանց տրանսպորտային խնդրի լուծմանը, այլ ոչ թե ամեն ինչ տապալած քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ որպես աստղաբաշխական պարգևավճարներ։
Ի դեպ, գերբեռնված տրանսպորտն այլևս կորոնավիրուսի տարածման վտանգ չի՞։ Այս մասին համաճարակի դեմ պայքարը ձախողած և համաճարակի ընթացքում արձակուրդի մեկնող առողջապահության նախարարն ինչ-որ չի արտահայտվում։ Հայկ Մարությանն ընդհանրապես լուռ է, երբ պետք է խոսի և չափազանց շատախոս, երբ պետք է լռի ու գործ անի։ Հիշեցնենք, որ նույն Հայկ Մարությանը 7 տարի առաջ դեմ էր ուղեվարձը 150 դրամ դարձնելուն, որն այս օրերին որոշակիորեն կմեղմեր տրանսպորտի խնդիրները, իսկ քաղաքապետ դառնալուց հետո «հանկարծ» կողմ դարձավ՝ ցույց տալով իր անազնվությունն ու երեսպաշտությունը։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը