19 08 2020

Սեպտեմբերի 15-ից դասերը սկսվում են, իսկ 450 միկրոավտոբուսներ դադարում գործել՝ ի՞նչ անել

Սեպտեմբերի 15-ից դասերը սկսվում են, իսկ 450 միկրոավտոբուսներ դադարում գործել՝ ի՞նչ անել

Մեկ ամիս հետո կսկսվեն դասերը դպրոցներում և բուհերում։ Դա նշանակում է, որ Երևանի հասարակական տրանսպորտը պետք է վերադառնա մինչ կորոնավիրուսային բեռնվածության աստիճանին կամ գոնե դրա մոտ։ Մինչդեռ, սեպտեմբերին այլևս երթուղի դուրս չեն գա մոտ 450 միկրոավտոբուսներ, քանի որ դրանք սպառել են իրենց շահագործման համար թույլատրելի ժամկետը։ Հաշվի առնելով, որ մինչև կորոնավիրուսը Երևանը սպասարկող միկրոավտոբուսների թիվը, ըստ Հայկ Մարությանի, 900 էր, նշանակում է, որ միկրոավտոբուսների մոտ կեսը այլևս չի գործելու։  Երեւի դժվար չէ պատկերացնել, թե դա ի՞նչ վիճակ է ստեղծելու եւ ի՞նչ ռիսկեր առաջացնելու կորոնավիրուսի տարածման առումով։

Կարանտինից հետո հասարակական տրանսպորտի աշխատանքը ոմանց մոտ մակերեսային  տպավորություն է ստեղծել, որ խնդիր այստեղ այլեւս չկա։ Մինչդեռ, առանց գերբեռնման մեր ավտոբուսների եւ միկրոավտոբուսների երթեւեկելու միակ գաղտնիքը ուղեւորահոսքի կտրուկ՝ տարբեր գնահատակններով 60-70 տոկոսով նվազումն է։ Պատճառը՝ տասնյակ հազարավոր կրճատված աշխատատեղեր եւ համալսարաններ ու այլ կրթական հաստատություններ չգնացող սովորողներ։ Սեպտեմբերի 15-ից դասապրոցեսը սկսվում է, դրան զուգահեռ 450 մկրոավտոբուսներ դադարում են գործել։ Մեծ հավանականությամբ, դրա հետեւանքով նորից ենք բախվելու գերբեռնված երթեւկելու իրականությանը։  

Կարանտինից հետո հասարակական տրանսպորտը վերսկսեց գործել առանց գերբեռման՝ միայն նստելու տեղերի թվին համապատասխան։ Արդյունքում, մի քանի օր գործելուց եւ կիսադատարկ երթեւեկելուց հետո, բազմաթիվ երթուղիներ դադարեցին գործել։ Առանց այդ էլ վերջին 6-7 տարիներին մոտ 30 երթուղիներ փակվել էին ոչ շահութաբերության պատճառով։ Գաղտնիք չէ, որ Երեւանում միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիները շահույթով կարող են աշխատել միայն տրանսպորտի գերբեռնման հաշվին։ Դա, բնականաբար, թույլ չի տրվելու՝ համաճարակը դեռեւս չի ավարտվել։ Հետեւաբար, պետք է ուղիներ փնտրել, որպեսզի հասարակական տրանսպորտը շարունակի գործել առանց գերբեռնման եւ կարողանան շահույթ ստանա։ Ոչ կառավարությունը, ոչ Երևանի քաղաքապետարանը առայժմ ոչինչ չեն առաջարկել այդ ուղղությամբ։

Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված հաշվարկների համաձայն, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ուղևորափոխադրման ծախսերի մոտ 10-15 տոկոսը հարկերն ու պետական տուրքերն են։ Հենց այս հնարավորությունը պետք է օգտագործվի ճգնաժամային ներկա կացության պարագայում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանոնավոր գործունեությունն ապահովելու համար։ Անհրաժեշտ է հարկային արտոնություն տալ և ազատել տրանսպորտային կազմակերպություններին այդ 10-15 տոկոս ծախսերից, որից հետո միայն նրանից պահանջել երթեւեկել առանց մեքենաները գեբեռնելու։  Կա մեկ այլ տարբերակ եւս՝ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով եւ իր ենթակայության տրանսպորտային ձեռնարկության՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի միջոցով ապահովի տրանսպորտային ամբողջ հոսքը։ Սակայն վերջինս չունի այդքան ավտոբուսներ, հետեւաբար մնում է առաջին տարբերակը։ Դժվար է հուսալ, թե ներկայիս իշխանությունները կարող են հրաժարվել այն եկամուտներից, որոնք իրենց համար աստղաբաշխական աշխատավարձեր եւ պարգեւավճարներ է ապահովում։ Այդուհանդերձ, ներկայացնում ենք առաջարկը, հնարավորություն տալով իշխանությանը ընտրություն կատարել ժողովրդին ծառայելու եւ սեփական գրպանը լցնելու միջև։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ