26 08 2020

Ի՞նչ կրակ կա Արսեն Թորոսյանի արձակուրդի ծխի տակ

Ի՞նչ կրակ կա Արսեն Թորոսյանի արձակուրդի ծխի տակ

Տարբեր լրատվամիջոցներում, ապա սոցցանցերում շրջանառված լուրերը, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անսպասելի արձակուրդը պայմանավորված է նրա ֆեյսբուքյան նամակագրությամբ ու այդ «նամականիում» Փաշինյանի հասցեին արած արտահայտություններով, իսկապես հետաքրքիր է: Մեծ է գայթակղությունը, իհարկե, պարզելու համար, թե ինչ է գրել կամ չի գրել ֆեյսբուքներում Արսեն Թորոսյանը: Չնայած, նա արդեն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը: Ու շատերը իսկապես ցանկանում են ճշտել, պարզել, ասե՞լ է նա «գերագույնի» հասցեին ինչ-որ բաներ, թե՞ դրանք ընդամենը «թշնամական մամուլի» սենսացիաներ են:

Ծուխը, ինչպես հայտնի է, անկրակ չի լինում:

Իսկ թե ի՞նչ կրակ կա առողջապահության նախարարի՝ «Ֆեյսբուքից» ապաակտիվանալու, ապա՝ արձակուրդ մեկնելու շղարշի ետևում, դժվար է ասել: Ասելը՝ դժվար է փաստական կամ ապացուցողական առումով, բայց առատ ենթադրությունների տեղիք տալիս է այս ամենը:

Ի վերջո, այդ ի՞նչ հանկարծ պատահեց, որ Արսեն Թորոսյանը, առանց բացատրությունների, ոչ այս, ոչ այն՝ «Ֆեյսբուքից» ապաակտիվացավ: Եվ ուշադրություն դարձնենք, խոսքը զուտ անձնական էջի մասին չէ, ինչն իր անհատական գործն է, այլ պաշտոնական էջի: Այն էջի, որին հղումով, ամիսներ շարունակ տարբեր լրատվամիջոցներ լուրեր են տարածել, օրինակ, կորոնավարակի կամ դրա հետ կապված ինչ-ինչ նախարարական քայլերի, հայտարարությունների մասին:

Երկրորդ հարցը: Իրենք էին, չէ՞, ասում, որ կորոնավարակի դեմ պայքարը պատերազմ է: Հետաքրքիր է, ինչպե՞ս է լինում, որ «պատերազմի» պայմաններում, ի պաշտոնե այն վարելու պարտականություն ունեցող գլխավոր գործող անձանցից մեկը՝ առողջապահության նախարարը արձակուրդ է մեկնում: Ի՞նչ խնդիր կա: Եթե առողջական, ապա ինչո՞ւ չասել դրա մասին: Դա՞ է «բաց ու թափանցիկ» (իբր թե, էլի) գործող «թավշյա» կառավարության «բացության» ընկալումը:
Այս և նմանօրինակ հարցերը, անպատասխան մնալով, ավելի են ուժեղացնում զանազան ենթադրությունների պահը: Տարածված լուրերի մեջ առանձնահատուկ ուշադրություն գրավեց վերը արդեն հիշատակված «ֆեյսբուքյան նամակագրությանը» ԱԱԾ կողմից տեղեկանալու դրվագը:

Այստեղ ամենից հետաքրքրականը ոչ այնքան այն էր (առնվազն՝ ուրիշի նամակներ կարդալ չսիրողիս համար), թե Արսեն Թորոսյանը, ենթադրաբար ինչ է ասել Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ամենից հետաքրքրականն այլ բան է. այն, որ Փաշինյանի թիմի անդամների, կառավարության անդամների վիրտուալ նամակագրությունն անգամ կարող է կամ գտնվում է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում կամ տեսադաշտում:

Հարցը նույնիսկ մարդու իրավունքների, անձնական նամակագրության գաղտնիության սկզբունքի խախտումը չէ: Չնայած, եթե իրոք նման բան է կատարվել, ապա խայտառակություն է, անկասկած: Այստեղ շատ ավելի շատ հետաքրքիր է այլ բան. այն, թե ինչ բարձր աստիճանի են անվստահությունն ու փոխադարձ կասկածամտությունը իշխող «կամանդի» ներսո՛ւմ: Չէ, դուք միայն պատկերացրեք մի «թիմ», որի ներսում բոլորն առերես միմյանց ժպտում են, բայց հենց առանձնանում են, սկսում են մեկը մյուսի հասցեին «փիս-փիս բաներ» ասել, իրարից բամբասել... Ու գլխավորը՝ բոլորը կասկածի տակ են, չկա վստահություն սեփական թիմի ոչ մի անդամի նկատմամբ: Իսկ գուցե նրանք դավե՞ր են նյութում «գերագույնի» դեմ: Նույնիսկ չես ուզում պատկերացնել, թե ինչ ճահճամաղձ միջավայրում են նրանք կառավարում, եթե իսկապես էլ այդ կարգի կասկածամտություն, միմյանց հետևելու, մեկը մյուսի վրա «գործ տալու» կամ «գլխին սարքելու» վիճակ է:

Չնայած, ինչ-որ տեղ նաև օրինաչափ է, որ Փաշինյանի գլխավորած իշխանության ներսում նման անառողջ խմորումներ լինեն: Նախ, օրինաչափ է այն առումով, որ Փաշինյանը ոչ միայն ուզուրպացրել է պետական ամբողջ իշխանությունը, այլև հաստատել է բացարձակ անձնիշխանական կառավարման կարգ: Ի լրումն, ծայրահեղ անհանդուրժողական ու թշնամական է տրամադրված ցանկացած ընդդիմադիր տրամադրության նկատմամբ իսկ: Նման բռնատիրական, քաղաքական դաշտը մենաշնորհած ու «իրենով արած» իշխանությունն, անխուսափելիոերն, բախվում է ներիշխանական խմորումների, ավելին՝ գզվռտոցի, իրարուտոցու երևույթի հետ: Ու այս օրերին ծավալվող «սորոսականներն ընդդեմ՝ Ալենի» ներիշխանական սկանդալն ասվածը հաստատող դրսևորումներից մեկն է, եթե Արսեն Թորոսյանի «պատմությունը» մի կողմ դնենք:

Երկրորդ. օրինաչափ է, որ այս իշխանության ներսում նման երևույթներ լինեն, հաշվի առնելով այն «տեսակային» կազմը, որ հավաքվել է Նիկոլ Փաշինյանի շուրջ ու գլխավորությամբ: Նման անձանցից ինչ ասես սպասելի է ոչ միայն ժողովրդի, երկրի, պետության համար, այլև՝ հենց իրենց միջև հարաբերություններում: Իշխանությունը, որն ընդունակ է հատուկ ծառայությունների միջոցով ահաբեկել իր քաղաքական ընդդիմախոսներին կամ «իրեն խանգարող» պետական բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներին, հարազատներին (հիշեք թեկուզ Հրայր Թովմասյանի դեմ Փաշինյանի սանձազերծած կեղտոտ արշավանքը), այդ իշխանությունը ընդունակ է ցանկացած ցածր արարքի:

Ի դեպ, նման իշխանությունները կամ շատ երկար չեն «ձգում», մեկ-երկու նման ներքին գզվռտոցից հետո ուղղակի փլուզվում են՝ քաղաքական դաշտում ու պետության կառավարման առումով թողնելով ավերակներ, որոնց վերականգնման համար երբեմն մեծ ջանքեր ու երկար տարիներ են պահանջվում:

 Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ