03 08 2020

Կենտրոնական բանկը ձգտում է «շառ ու փորձանքից» հեռու մնալ

Կենտրոնական բանկը ձգտում է «շառ ու փորձանքից» հեռու մնալ

 

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 4,5 տոկոս։ Մինչ այդ որոշմանն անդրադառնալը, ոչ մասնագետ ընթերցողներին ամփոփ հիշեցնենք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը և ի՞նչ ազդեցություն է ունենում տնտեսության վրա։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը գործիք է, որով երկրների Կենտրոնական բանկերը կիրառում են բարձր գնաճի կամ տնտեսական ակտիվության անկման պարագայում։ Այսինքն, երբ գնաճը բարձր է, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում են այն զսպելու համար։ Սակայն, դրա հետ մեկտեղ զսպվում է նաև տնտեսական ակտիվությունը։ Մյուս կողմից, երբ տնտեսական ակտիվությունը նվազում է կամ առավել ևս անկում է ապրում, ինչպես հիմա Հայաստանում, վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվում է, որը նպաստում է տնտեսական ակտիվության խթանմանը։ Սակայն այս դեպքում էլ խթանվում է նաև գնաճը։ Այդ պատճառով էլ Կենտրոնական բանկերը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշում ընդունելիս, ձգտում են, որ այն հավասարակշռի վերոնշյալ գործոնները։

Վերջին անգամ ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսով իջեցրեց հունիսի 16-ին։ Ապրիլին ԿԲ-ն արդեն իսկ 0,75 տոկոսով իջեցրել էր այն։ Արդյունքում, ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասել է իր պատմական նվազագույն մակարդակին՝ 4,5 տոկոս։ Անգամ ճգնաժամային 2009 թ․-ին ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը չէր հասել այդ ցուցաշինին։ Միանշանակ է, որ ապրիլին և հունիսին ԿԲ այս առթիվ ընդունած որոշումներն արտացոլում են մեր տնտեսության օբյեկտիվ իրականությունը։ Այսինքն, տնտեսական անկման ներկա տեմպն այսօր շատ ավելի լուրջ է, քան ճգնաժամային 2009-ին, և ԿԲ-ն փորձում է իր հնարավորություններով խթանել տնտեսական ակտիվությունը։ Քանի որ տնտեսական անկման պարագայում գնաճը ցածր է, վերաֆինսասավորման տոկոսադրույքի իջեցումը էական ազդեցություն գնաճի վրա չի ունենա։

Այդուհանդերձ, ինչպես տեսնում ենք, Հայաստանում տնտեսական անկումը խորանում է։ Չնայած մարտի կեսերին սահմանված սահմափակող միջոցառումների մեծ մասը հանվել է և տնտեսական գործունեությունը երկրում վերսկսվել է, բայց տնտեսական ակտիվության տեմպը նվազել է։ Բնակչության եկամուտները կտրուկ նվազել են, համապատասխանաբար՝ նվազել են նաև բիզնեսի շրջանառությունները։ Այսինքն, ԿԲ կողմից ձեռնարկվող վերոնշյալ քայլերը դեռևս էական ազդեցություն չեն ունեցել իրավիճակի վրա։ Հայաստանի տնտեսական անկումը խորացել և տարվա առաջին կեսի տվյալներով կազմել է 4,7 տոկոս, իսկ բյուջեի եկամուտները միայն վերջին երեք ամիսներին անցյալ տարվա համեմատ 81 մլրդ դրամով պակաս են ստացվել։ Նման պայմաններում և ընդհանրապես վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն գործիքը չէ, որ որոշիչ ազդեցություն ունենա։ Այն միայն մասնակի նպաստում կամ զսպում է այս կամ այն գործընթացին։ Սակայն, նախադեպը չունեցող ներկայիս ճգնաժամային կացության պարագայում անգամ այդ մասնակի ազդեցության կարիքը կա, և անհասկանալի էր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու հուլիսյան որոշումը։

Նման իրավիճակում, թեկուզ զգուշորեն, 0,25 տոկոսի չափով հարկ է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և ընդլայնողական քաղաքականություն վարել։ Տնտեսության մեջ շրջանառվող գումարների կտրուկ նվազումը ավելի ու ավելի է դեպի հատակ քաշում տնտեսության բոլոր ճյուղերին։ Կրճատվում են նաև բանկերից վերցող վարկերը։ Խոսքը ինչպես բիզնեսր վարկերի, այնպես էլ բնակչության  կողմից վերցվող սպառողական, այդ թվում հիպոթեկային վարկերի մասին է։ Ինչն, ի դեպ, ԿԲ-ն արձանագրել է իր մեկ այլ որոշուման մեջ։ Այս պայմաններում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը կօժանդակեր բանկերին՝ վարկերի ավելի նպաստավոր պայմաններ ձևավորելուն և դրանց կրճատման տեմպը մեղմելուն։ Ինչն էլ իր հերթին որոշակիորեն կմեղմացներ տնտեսական անկման տեմպը։

Այդ դեպքում ինչո՞ւ այս քայլին չի գնում ԿԲ-ն։ Պատասխանը մեկն է՝ զգուշանում է գնաճի բարձրացումից։ Դա բնակչության վրա ամենացավոտ ազդեցություն ունեցող հանգամանքն է և կարող է վնասել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Չնայած, գյուղատնտեսական մթերքների ներկայիս բարձր գներն (առաջիկայում առանձին կանդրադառնանք այս հարցին) ամենևին էլ կապ չունեն ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ, և հետևանք են կառավարության 2018 թ․-ին թույլ տված կոպիտ սխալներին։ Իսկ սխալվելու անսահմանափակ իրավունք ունի միայն կառավարության ղեկավարի պաշտոնում հայտնված մարդը։ ԿԲ-ի հնարավոր սխալի պարագայում այդ նույն մարդը չի ների ոչ ԿԲ նորանշանակ նախագահին, ոչ էլ խորհրդի մյուս անդամներին։ Այդ պատճառով էլ գնաճի հնարավոր բարձրացման «շառ ու փորձանքից հեռու» ԿԲ-ն դեռևս չի շտապում թեկուզ փոքր չափով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ