17 07 2020

«Ռազմավարական օբյեկտները հանձնեցին ռուսներին»-ի ապամիֆականացումը․ ՀԷՑ

«Ռազմավարական օբյեկտները հանձնեցին ռուսներին»-ի ապամիֆականացումը․ ՀԷՑ

Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերը էներգետիկ համակարգի բաղկացուցիչ մասն են։ ԽՍՀՄ տարիներին մեզանից քչերն էին հասկանում, թե դրանք ի՞նչ դեր էին կատարում և ի՞նչ կենսական նշանակություն ունեն։ ԽՍՀՄ փլուզումն ու դրան հաջորդած 1992-1995 թվականների էներգետիկ ճգնաժամը ծանր իրավիճակ ստեղծեց նաև էներգոբաշխիչ ցանցերի համար: Լրջագույն խնդիրներ առաջացան՝ օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների ցածր մակարդակ, հսկողության և հաշվառման բացակայություն, համատարած հափշտակումներ, ցանցերի բազմակի գերբեռնվածություն և որպես դրա հետևանք` վթարներ, որոնք ուղեկցվում էին ուժային և օժանդակ սարքավորումների (տրանսֆորմատորներ, կաբելներ և այլն) շարքից դուրս գալով՝ ամբողջական թաղամասեր և շենքեր թողնելով առանց էլեկտրաէներգիայի շաբաթներ և անգամ ամիսներ: Չկային դրանց փոխարինող սարքավորումները, և այդ ամբողջ ժամանակահատվածում մարդիկ մնում էին առանց հովհարային անջատումներով տրամադրվող սահմանափակ՝ 2-4 ժամով տրվող էլեկտրականության։

Իրավիճակի շտկման նպատակով 1996 թ.-ին ստեղծվեցին 64 ցանցային պետական ձեռնարկություններ, որոնք օժտվեցին հատուկ պարտավորություններով և պատասխանատվությամբ էլեկտրաէներգիայի վաճառքի համար: Սակայն, դա էլ իրավիճակը չփոխեց։ Մի քանի վերակազմավորումներից հետո, ստեղծվեց միասնական ձեռնարկություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: 90-ականներին քայքայված ցանցերը վերազինման և անխափան գործունեության կարիք ունեին։ Բազմաթիվ հատվածներում 30-40 տարվա հնության սարքավորումներ էին շահագործվում, որոնք մաշվել էին ֆիզիկապես և բարոյապես։ Կառավարության կողմից խնդիր դրվեց մասնավորեցնել ընկերությունը ներդրումներ ներգրավելու և բաշխիչ ցանցերը արդիականացնելու նպատակով։ Հայտարարված մրցույթով 2002 թ․-ին «ՀԷՑ» սեփականատեր դարձավ «Midland Resources Holding» ընկերությունը: Վերջինս իրականացրեց շուրջ 42 մլն դոլար ներդրումային ծրագիր։

2006 թ.-ին «ՀԷՑ» ՓԲ ձեռք բերեց «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը: Վերջինիս կողմից 10 տարվա ընթացքում իրականացվեց ավելի քան 100 մլրդ դրամ ներդրումներ, հիմնանորոգվեցին  բազմաթիվ ենթակայանններ և սարքավորումներ Հայաստանի ամբողջ տարածքում, տեղադրվեցին նորերը՝ հաշվիչներ, ռելեներ, անջատիչներ և այլն։

Այսինքն, ինչպես և «Հայռուսգազարդի» դեպքում, «ՀԷՑ»-ում նույնպես 2000-ականներին կատարվեցին մեծածավալ օտարերկրյա՝ ռուսական ներդրումներ։ Դրանց շնորհիվ ապահովվեց էլեկտրական ցանցերի անխափան և անվտանգ աշխատանքները, կարգավորվեց օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները, տարեց տարի էապես նվազեցին տեխնիկական և ոչ նորմատիվային՝ չարաշահումների հետևանքով կորուստները։ Բնակչությունը շատ շուտ՝ ընդամենը տարիներ անց մոռացավ «ցուտ ու մութ» տարիները, ստանալով շուրջօրյա կայուն էներգամատակարարում։ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի միայն որոշ ներդրումային ծրագրերին է մասնակցել ՀՀ կառավարությունը՝ համաֆինանսավորելով դրանք միջազգային ֆինանսական կազմակերպությունների ստացած վարկերով։ Հետևաբար, ինչ-որ մեկին «մեր ստեղծածը հանձնելու» մասին հայտարարությունները «ՀԷՑ»-ի դեպքում ևս սովորական շահարկումներն են և իրականության հետ կապ չունեն։

Ի դեպ, վիճակագրական կոմիտեի հրապարակումները ուշագրավ իրողություն են բացահայտում՝ ցույց տալով մեր էներգետիկ համակարգի, առավելապես էներգաբաշխիչ ցանցերի աշխատանքի արդյունավետությունը 90-ականներին և 2000-ականներին։ Բանն այն է, որ արտադրելով նույն ծավալի էլեկտրաէներգիա, 90-ականներին մենք այն ստանում էինք օրական 2-4 ժամ, արդյունաբերությունը դադարել էր գործել, իսկ 2000-ականներին ստանում էինք շուրջօրյա էներգամատակարարում և տարիների անկումից հետո սկսել էին աշխատել արդյունաբերական որոշ ձեռնարկություններ, գործարկվել էին նորերը։

Այսպես, եթե ճգնաժամային 1993 թ․-ին Հայաստանում արտադրվել էր 6,311 մլրդ կվտ/ժ, ապա 2000թ․-ին ավելի քիչ՝ 5,191 մլրդ կվտ/ժ, իսկ 2000-2008 ականներին արտադրվող էլկետրական էներգիայի տարեկան միջին ծավալը եղել է 5,8 մլրդ կվտ/ժ։ Սա Նշանակում է, որ արտադրելով այնքան և անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան 90-ականներին, 2000-ականներին կտրուկ բարձրացել էր համակարգի գործունեության արդյունավետությունը, նվազագույնի հասել տեխնիկական և չարաշահումների հետևանքով կորուստները։  

2015 թ. սեպտեմբերի 30-ին «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը «ՀԷՑ»-ը վաճառեց «Տաշիր» ընկերությունների խմբին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ էլեկտրաէներգիայի սակագնի 9 դրամով բարձրացումից հետո Երևանում դրա դեմ ցույցեր կազմակերպվեցին։ Դժգոհության ալիքն ուղղորդվեց կամ ուղղորդված էր մասնավորապես «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի դեմ, իսկ ընդհանրապես՝ Ռուսաստանի դեմ։ Կարծիք կա, որ այդ հակառուսական գունավորում ունեցող շարժումը 2018 թ․-ի «թավշյա» հեղափոխության բեմականացման գլխավոր փորձերից էր։ Ի՞նչն էր այստեղ նաև ուշագրավ։

9 դրամով հոսանքի թանկացումը հայկական յուրաքանաչյուր ընտանիքի միջին ամսական ծախսն ավելացնելու էր 800 դրամով։ Այդ թանկացման դեմ բողոքողներից շատերն այսօր փրփուրը բերանին արդարացնում են գույքահարկի սպասվող թանկացումը, որը յուրաքանչյուր հայկական ընտանիքի միջին տարեկան ծախսն ավելացնելու է մի քանի հազարից մինչև մի քանի տասնյակ հազար դրամով։ Ինչևէ։

Փաստենք, այսօր ունենք շուրջ 36 հազար կմ ցանց և 1 մլն բաժանորդ սպասարկող էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ զբաղվող «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որտեղ վերջին երկու տասնամյակում կատարված խոշոր ներդրումների արդյունքում ունենք կայուն և անխափան էներգամատակարում։ Ընկերությունը նաև խոշորագույն գործատուն է՝ մոտ 7 հազար աշխատատեղերով և խոշոր հարկատու` 2019 թ․-ին վճարած ավելի քան 12 մլրդ դրամ հարկերով։

Արա Մարտիրոսյան  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ