Կառավարման բոլոր ոլորտներում տապալված Նիկոլ Փաշինյանը շարունակում է նույն անխռով խաբեությամբ իրականությունը գլխիվայր ներկայացնել։ Մեթոդները նույնն են՝ յուրացնել նախորդների կատարածը՝ հընթացս վատաբանելով նրանց։ Օրերս կառավարությունը մի տեսանյութ հրապարակեց Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և վերազինման համար» անվանմամբ, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց նաև Նիկոլ Փաշինյանը։
Անտեղյակ մարդու համար ցնցող տպավորություն կարող է թողնել կես միլիարդ դոլարի սպասվող ներդրումների մասին տեղեկատվությունը։ Մինչդեռ, իրականում խոսքը ոչ թե մասնավոր ներդրումների, այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի մասին է։ Այս տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների ավելի քան 25 տոկոս նվազման մասին արդեն անդրդարաձել ենք։
Վերոնշյալ ծրագրերն էլ սկսել են նախկին իշխանությունները։ Դրանք չեն ավարտվել այսպես կոչված «սիրո և հանդւորժողականության հեղափոխություն» կոչվող արկածախնդրության պատճառով։
Ինչ վերաբերվում է բուն ծրագրերին, ապա տեսանյութում հիշատակվող «Աշնակ», ինչպես նաև «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցման ֆինանսավորման ծրագիրը սկսվել է 2015 թ․-ի վերջից, ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի մաս կազմող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից։ Դրանք պետք է ավարտվեին 2018թ. վերջին։ Ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունեցել։ Արդեն ասվեց, թե որն է եղել պատճառը։ Սակայն, դա չի խանգարում կառավարությանը ներկայացնել որպես իր սեփական ծրագիր՝ ոչ մի անգամ չհիշատակելով, թե ե՞րբ է այն սկսվել, ե՞րբ են սկսվել բուն հիմնանորոգման աշխատանքները և ի՞նչն է խանգարել ավարտել դրանք նախատեսված ժամկետում։
Նույնը հարկ է ասել նաև կառավարության հրապարակած տեսանյութում հիշատակվող մյուս ծրագրերի՝ 2016 թ․-ին սկսված Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող՝ շուրջ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի, 220 կՎ «Հաղթանակ», «Աշնակ», «Երևանի ՋԷԿ»-ի և 110 կՎ՝ «Չարենցավան-3», «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցման աշխատանքների մասին։
2016 թ․-ին սկսված Հրազդան ՋԷԿ-Շինուհայր էլեկտրահաղորդման գծի, «Ագարակ-2» և «Շինուհայր» 220 կՎ ենթակայանների շինարարությունն էլ պետք է շարունակվեր Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և ավարտվեր դարձյալ 2018 թ․-ին։
Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի շինարարությունը սկսվել է 2015 թ․-ի վերջին և դարձյալ նախատեսվում էր ավարտել 24 ամսում: Այսինքն, 2016-2018 թվականների ընթացքում։ Դա նույնպես տեղի չի ունեցել։ Հիմա նոր նախատեսվում է դա սկսել և դեռ չսկսած ներկայացվում որպես խոշոր նվազճում։ Անցած երկու տարիների ընթացքում եթե ոչ հարյուրներով, ապա տասնյակներով նման «խոստում-նվաճումների» մասին ենք լսել և տեսել Նիկոլ Փաշինյանից, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվել։
Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծերի կառուցման և միացման ծրագիրը պետք է իրականացվեր մինչև 2019 թվականի վերջը։ Հիշեցնենք, որ այս ծրագրով հիմք էր դրվում չորս երկրների՝ Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Իրան միասնական էնեգետիկ համակարգ ստեղծելուն։ Մեր կառավարությունը դեռ նոր հայտարարում է, որ այն «շուտով» պետք է սկսվի։
Գործող իշխանության կողմից նախորդ կառավարության կողմից սկսված ծրագրերի սեփականաշնորհող տեսանյությում հիշատակվող ենթակայաններից միայն մեկի հիմնանորոգումն ավարտվել 2019 թ․-ի վերջին՝ «Հաղթանակ» ենթակայանի հիմնանորոգումը։ Այն ևս պետք է ավարտվեր 2018 թ․-ի վերջին, բայց ավարտվել է մեկ տարի ուշ։ Ենթակայանի գործարկման ժամանակ հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել, ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը՝ տպավորություն ստեղծելով, թե իր կառավարությունն է դա իրագործել։
Մի խոսքով, այսպիսին է Նիկոլ Փաշինյանը՝ գողանալ ուրիշի արածը, սեփական ձախողումը դնել ուրիշի վրա, ստել անդադար և տղամարդուն անվայել ձևով անվերջ փախչել պատասխանատվությունից։ Կառավարության վերոնշյալ տեսանյութը դրա ապացույցներից միայն մեկն է և հաստատապես ոչ վերջինը։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը