Կենտրոնական բանկի հրապարակած ՀՀ վճարային հաշվեկշից տեղեկանում ենք, որ այս տարվա 2020թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումները կազմել են ընդհամենը 26,7 մլն դոլար։
Փաստենք, որ ներդրումների նման ցածր ծավալ տարվա առաջին եռամսյակում չենք ունեցել 2003 թ․-ից ի վեր։ Ընդ որում, անգամ ճգնաժամային 2009 թ․-ի առաջին եռամսյակում օտարկերյա ներդրումների ծավալն շատ ավելի մեծ է եղել՝ 63,9 մլն դոլար, հետճգնաժամային առաջին տարում՝ 2010 թ․-ի առաջին եռամսյակում այդ ցուցանիշն ավելի մեծ է եղել՝ 122,7 մլն դոլար։ Սա թույլ է տալիս զուգահեռներ անցկացնել և հասկանալ, թե ինչ աղետալի վիճակում ենք անգամ համաշխարհային տնտեսական ճգնաժամ արձանագրված 2009 թ․-ի համեմատ։
Միաժամանակ, սա հնարավորություն չի տալիս Նիկոլ Փաշինյանին կամ նրա իշխանության որևէ ներկայացուցչի ամեն ինչ բարդել կորոնավիրուսի վրա, քանի որ 1․ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարում անգամ շատ ավելի մեծածավալ ներդրումներ են կատարվել Հայաստանում, 2․ այս տարվա առաջին եռամսյակում կորոնավիրուսը դեռ նոր էր ի հայտ եկել և գործնականում չէր կարող ազդեցություն ունենալ նախապես ծրագրված որևէ խոշոր ներդրումային ծրագրի վրա։
Վերջին տարիների ցուցանիշների հետ համեմատությունը նույնպես 2020 թ․-ի օգտին չէ։ Այսպես օտարերկրյա ներդրումները կազմել են․
2016 թ․-ի առաջին եռամսյակում՝ 37,1 մլն դոլար
2017 թ․-ի առաջին եռամսյակում՝ 68 մլն դոլար
2018 թ․-ի առաջին եռամսյակում՝ 94,4 մլն դոլար
2019 թ․-ի առաջին եռամսյակում՝ 35,2 մլն դոլար
2020 թ․-ի առաջին եռամյսակում՝ 26,7 մլն դոլար
Ներկայացվածից երևում է, որ մինչև, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը», Հայաստանում կատարվող ներդրումները տարեց տարի ավելանում էին։ Սկսած 2018 թ․-ի երկրորդ եռամսյակից դրանք սկսել են նվազել։ Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված ներդրումների ծավալը նվազել է անգամ «հեղափոխական» կառավարման՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։
Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը ինչ-որ գրառում էր արել տնտեսական ազատության ինդեքսի մասին և դա ներկայացրել որպես ներդրումների ներգրավման խթան։ Սակայն, իրականությունը, ինչպես տեսնում ենք, տրամագծորեն հակառակն է։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը