05 06 2020

Հարկային եկամուտները նվազել են, իսկ անցած տարվա խաբեությունը՝ ակնհայտ դարձել

Հարկային եկամուտները նվազել են, իսկ անցած տարվա խաբեությունը՝ ակնհայտ դարձել

Վերջերս Նիկոլ Փաշինյանը ինչ-որ դադարել է խոսել բյուջեի եկամուտների աճի մասին, այն դեպքում, երբ մինչև վերջերս մտքին եկած թվերն էր հրապարակում։ Թվեր, որոնք սովորական կեղծիքներ էին և որոնց անհամապատասխանությունը իրականության հետ բազմիցս ենք բացահայտել և ներկայացրել։

Ինչ մնում է ներկայիՆ, ապա այս ապրիլ ամսին հարկային եկամուտներն արդեն իսկ նվազել են, ըստ պետեկամուտների կոմիտեի՝ կազմելով 151 մլն դրամ՝ նախորդ տարվա ապրիլի 166 մլրդ դրամի փոխարեն։ Նվազումը շուրջ 14 մլրդ դրամով։ Ոմանք կասեն, թե ճգնաժամ է սկսվել, բնականաբար հարկային եկամուտները պետք է նվազեն և այլն։

Նախ՝ հիշեցնենք, որ կորոնավիրուսի և նրա ընձեռնած «տնտեսական հեղափոխությունն» իրականացնելու, 30 մլրդ դոլարի արտահանման հասնելու հնարավարության մասին  հիացմունքով խոսում էր հենց Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, կորոնավիրոսուվ պայմանավորված ճգնաժամի վրա ոչինչ թող չգցի ոչ նա, ոչ էլ նրա հետ «քայլածները»։

Երկրորդ՝ տեղեկացնենք, որ ապրիլ ամսին վճարվում են նախորդ ամսվա և եռամսյակի գործունեության արդյունքում առաջացած հարկերը։ Հետևաբար, կորոնավիրուսն ու նրա հետևանքները աննշան ազդեցություն պետք է ունենային ապրիլի ցուցանիշի վրա, այլ ոչ թե անկում արձանագրեին։  Հարց է առաջանում, ինչո՞ւ է դա տեղի ունեցել և արդյո՞ք կորոնավիրոսոն է դրա պատճառը եղել։ Հասկանալու համար դա, դիտարկենք հունվար-մարտ ամսվա հարկային եկամուտները։

Այս դեպքում ականատես ենք լինում յուրաքանչյուր հարկատեսակից առանձին-առանձին հարկային մուտքերը նվազման, բայց բոլոր մուտքերի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացման։ Ներկայացնենք աղյուսակով հիմն ական մուտքեր ապոհավող հարկերի ցուցանիշները․

                                                         2019 թ․ հունվար-մարտ        2020 թ․ հունվար մարտ

Ավելացված արժեքի հարկ                 142 մլրդ դրամ                       119 մլրդ դրամ

Ակցիզային հարկ                               34 մլրդ դրամ                         24 մլրդ դրամ

Շահութահարկ                                   72 մլրդ դրամ                        37 մլրդ դրամ

Եկամտային հարկ                              126 մլրդ դրամ                       109 մլրդ դրամ

Շրջանառության հարկ                       10 մլրդ դրամ                          9 մլրդ դրամ

Մի քանի այլ՝ աննշան մուտքեր ապահովող հարկատեսակները, որոնք այստեղ չկան, պատկերը էապես չեն փոխել։ Ինչպես տեսնում եք, այս տարի հարկային եկամուտները նվազել են դեռ մինչև կորոնավիրուսային ճգնաժամը, քանի որ մարտ ամսին էլ վճարվում են նախորդ՝ փետրվար ամսվա գործունեությունից առաջացած հարկերը, երբ կորոնավիրուսը «ում շունն  էր» և որևէ սահմանափակում չկար։ Սակայն հարկերի ընդհանուր գումարը 2020թ․-ի առաջին եռամսյակում ավելի մեծ թիվ է կազմել՝ 349 մլրդ դրամ, քան 2019 թ․-ի նույն եռամսյակում՝ 299 մլրդ դրամ։ Ինչպե՞ս կարող էր մաթեմատիկայի կանոների հակասող նման բան լիներ։ Նիկոլ Փաշինյանի «կախարդական փայտի՞կն» էր աշխատել։ Ի դժբախտություն «հպարտ» քաղաքացիների՝ ոչ։ Պարզապես Նիկոլ Փաշինյանն հայտնվել է իր իսկ հորինած թվային կեղծիքի թակարդում։

Հպարտանալով բյուջեի եկամուտների «աննախադեպ» աճով, Նիկոլ Փաշինյանը դրանց մեջ ընդգրկում էր նաև «հարկերի անցումային գերավճար» տողում անցած եռամսյակում «օդից» հայտնված 136 մլրդ դրամը։ Միայն այս տարի ՊԵԿ նախագահը բացատրություն գտավ, ասելով, որ այդ գումարը «մարվել է գեներացված հարկային եկամուտների հաշվին»։ Ի՞նչ է դա նշանակում, նա չի ասում։ Սակայն ակնհայտ է մեկ բան, այդ գումարը որպես այդպիսին չի մտել պետական բյուջե և չի վերադարձվել այնտեղից որևէ մեկին, այն չի եղել պետեկամուտների հրապարակած պաշտոնական ցուցանիշներում։ Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն այդ 136 մլրդ դրամը մշտապես ընդգրկել է թե բյուջե մտած, թե տնտեսվարողներին հետ վերադարձված գումարի մեջ։ Այդ պատճառով էլ, 2020 թ․-ի ցուցանիշների հետ համեմատելիս, ակնհայտ է անցած տարվա խաբեությունը։

Չլիներ այս 136 մլրդ դրամ հավելյալ հարկային մուտքերի խաբեությունը 2019 թ․-ին, Նիկոլ Փաշինյանը կարող էր հայտարարել այս տարվա առաջին եռամսյակում հարկային եկամուտների իրական ավելացման մասին։ Սակայն այդ դեպքում նա չէր կարող հայտարարել երկու տարվա՝ 2018-2019 թթ ընթացքում «աննախադեպ» 1 մլրդ դոլարով հարկային  եկամուտների ավելացման մասին, ինչը նա մշտապես առանց աչքը թարթելու անում էր՝ այդ թվի մեջ ընդգրկելով գոյություն չունեցող 199 մլրդ դրամ, որի մի մասն էր 136 մլրդ դրամը, իսկ մնացածը՝ իր նախորդած կառավարության կողմից հավաքված, ապա տնտեսվարողներին հետ վերադարձված գումարն է եղել։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ