03 06 2020

Համընդհանուր հայտարարագրումը՝ մարդկանց գրպանը մտնելու ուղիղ ճանապարհ

Համընդհանուր հայտարարագրումը՝ մարդկանց գրպանը մտնելու ուղիղ ճանապարհ

Մարդկանց գրպանը մտնելու Նիկոլ Փաշինյանի՝ մոլագարության հասնող ցանկությունը նոր դսրևորումներ է ստանում։ Առանց դատարանի որոշման գույքի բռնագանձումից, բանկային գաղտնիքի բացահայտումից, գույքահարակի բազմակի բարձրացումից հետո, նա ձեռնամուխ է եղել այս ուղղությամբ իր հերթական «քայլին»՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը։ Ընդ որում, այս անգամ անհնար է դա բացատրել «ունևորներին հարկելու» կամ «թալանը հետ բերելու» տհասների համար նախատեսված արդարացումներով։ Համընդհանուր հայտարարագրումը բացառապես միջին, միջինից ցածր և սոցիալապես անապահով խավերին է վերաբերվելու, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաները վաղուց արդեն օրենքով պարտավոր են իրենց եկամուտները հայտարարագրել։

Եկամուտների համընդհանուր՝ 18-65 տարեկան քաղաքացիների հայտարարագրման և 23 տոկոս եկամտային հարկով հարկելու մասին «թավշյա» կառավարությունը, ի դեմս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի, հայտարարեց դեռևս մեկուկես տարի առաջ։ Սովորական պես դա արվեց խաբեությամբ համեմաված, ասելով, որ քաղաքացիների ID քարտերը դառնալու են կուտակային քարտեր և գնումներ կատարելիս նրանք կարող են ստանալ գնումների 1-3 տոկոսի չափով գումար։ Հետագայում պարզ դարձավ իրական նպատակը, որը ստացավ «խոպանչիների հարկելու» նախաձեռնություն։ Սակայն իրականում խնդիրը միայն արտագնա աշխատանքի մեկնածների և նրանց Հայաստան ուղարկած գումարները հարկելու մասին չէր։ Այդ պատճառով էլ հասարակական դժգոհության ալիք բարձրացավ, և Նիկոլ Փաշինյանը առժամանակ հետաձգեց ուրիշի փողերը հաշվելու իր այս մտադրության իրագործումը։ Եվ ահա, կորոնավիրուսի մոլեգնման, տնտեսական ճգնաժամի խորացման, սոցիալական վիճակի աղետալի անկման պայմաններում նա որոշել է կյանքի կոչել իր այս երազանքը։ Ի՞նչ է տեղի ունենալու այդ դեպքում։

Եթե մարդն ինքնազբաղված է և ստանում է որոշակի գումար, որով կարողանում է գոյատևել, ապա մի օր նրան հարցնելու են, թե որտեղի՞ց քեզ այս իրը կամ ինչպե՞ս ես կատարել այս ծախսը։ Ասենք, եթե նա տանը ասեղնագործում է կամ հուշանվերներ է պատրաստում, կամ ինչ-որ առարկայի մասնավոր դասեր տալիս, կամ համակարգչային ծրագրերով մասնավոր պատվեր կատարում, կամ որպես մասնավոր անձ բնակարաններ է նորոգում, կամ բեռնակրությամբ է զբաղվում և այլն, նրանք բոլորը պետք է ասեն, թե ինչքան գումար են  վաստակել։ Եթե հանկարծ հայտնաբերվի անհամապատասխանություն, ապա մարդու՝ ֆիզիկական անձի վրա ցանկացած ճնշում գործադրելու հրաշալի առիթ է ստեղծվում։ Անգամ եթե մարդը ոչ թե ինչ որ բան վաճառել է այլ փոխանակել, եթե գյուղմթերք է հանձնել և ազատված է հարկերից, ապա դարձյալ պետք է ներկայացնի հայտարարագիր։ Այսինքն, այս նախաձեռնությունը առաջին հերթին քաղաքական ենթատեքստ ունի և նպատակը մարդկանց աքցանների մեջ պահելն է։

Ինչ մնում է «խոպանչիներին հարկելուն», ապա այստեղ նախաձեռնության քաղաքական ենթատեքստին միանում է նաև տնտեսականը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական քաղաքականության բացակայության պատճառով երկու տարի շարունակ մեր տնտեսության վիճակը միայն վատթարանում էր, որն արդեն վերածվել է տնտեսական ճգնաժամի և հարկային եկամուտների նվազման, անհրաժեշտություն է առաջացել Հայաստան մտնող ոչ փոքր գումարներից հարկ գանձել։  Մարդու գրպանը մտնելն էլ ինչպե՞ս է լինում։

Նախորդ տարվա տվյալներով, Հայաստան է մուտք գործել գրեթե 2 մլրդ դոլար։ Այդքան գումար արտերկրում ապրող մեր հայրենակիցները ուղարկել են Հայաստանում բնակվող իրենց ազգականներին։ Եթե  դրա 23 տոկոսը հարկվի որպես եկամտային հարկ, ապա դա կկազմի մոտ 460 մլն դոլար։ Սա լուրջ գումար է և առնվազն հնարավորություն է տալու, որ Նիկոլ Փաշինյանի հետ «քայլած» նախարարները, փոխնախարարները, պատգամավորներն և մյուսները շարունակեն անխափան ստանան իրենց աստղաբաշխական պարգևավճարները։ Այո, տանից հեռու, արտերկրում աշխատող մարդկանց քրտինքի հաշվին։ Մտածո՞ւմ էին այս մասին «դուխով» քաղաքացիները երկու տարի առաջ՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, «թավշյա» զառանցանքի մեջ գտնվելիս։ Համենայնդեպս, հիմա արդեն ստիպված կլինեն մտածել։  

Ինչպիսին կլինեն հետևանքները, եթե, այդուհանդերձ, համընդհանուր հայտարարագրում կյանքի կոչվի։ Արտերկորւմ ավելի բարենպաստ վիճակում գտնվողները կնախընտրեն իրենց հարազատներին տանել այն երկիր, որտեղ բնակվում և աշխատում են։ Այսինքն, սա կխթանի արտագաղթը։ Երկրորդ, նրանք ովքեր դա չեն կարող անել, փոխանցումները կկատարեն շրջանցելով բանկերը, որը կվնասի և կորուստներ կպատճառի բանկային համակարգին։ Սա կնվազեցնի նաև տնտեսական ակտիվությունը, քանի որ կնվազեցնի այն եկամուտները, որոնք արտերկրից  Հայաստան գալով ուղղվում են մեր տնտեսության մեջ։ Սրանք թերևս այս գաղափարի միայն առաջին հայացքին տեսանելի բացասական հետևանքներն են, իսկ մնացածը ի հայտ կգա այն գործարկելուց հետո։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ