Քաոտիկ վիճակ է ստեղծվել Արդարադատության նախարարությունում, բողոք կա 2008թ մարտի 1-ի դեպքերի փոխհատուցումների գործընթացից: Մարդիկ պնդում են՝ «ակտիվ միտինգավոր են եղել» փող են ուզում, նախարարությունն էլ ոչ թե միտինգների մասնակցության, այլ տուժածի բժշկական հիմնավորումներ է պահանջում, բայց էպիկրիզ չկա:
«Լսել են 5 միլիոն ենք տալիս՝ թեթև վնասվածքի համար, ով ինչ վերք ունի՝ հեռախոսով նկարում-վազում է նախարարություն, որ փող պոկի պետությունից»,- դժգոհում է նախարարության պաշտոնյան: Ասում է՝ մարդիկ տեսնում են էսօրվա ցուցարարը պաշտոնյա է դառնում, ուզում են իրենք էլ 2008-ի Տեր-Պետրոսյանական ցույցերին մասնակցելու համար որոշակի վերաբերմունք ստանան։
Նշենք, խոսքը հեղափոխությունից հետո ընդունված օրենքի մասին է, որի շահառուները 2008-ի մարտի 1-2-ի քաղաքացիական բախումների ժամանակ տուժած անձիք են: Զոհվածների իրավահաջորդներին 30-ական միլիոն դրամ տրվեց, իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց առողջությանը հասցված միջին և ծանր վնասվածքները փաստերով կհիմնավորեն, կստանան պետական աջակցություն, համապատասխանաբար՝ 5 մլն կամ 15 մլն դրամի չափով:
Պաշտոնյայի խոսքով՝ շաբաթը 5-10 դիմում է մերժվում ԱՆ-ում, մարդիկ գալիս սրտաճմլիկ պատմություններով համոզում են, թե մարտի 1-ին ակտիվ ցուցարար են եղել, բախումների ժամանակ վնասվածք են ստացել, ու իբր էպիկրիզը չունեն, քանի որ վախեցել են էն ժամանակ բժշկի դիմել: «Բայց էս շանտաժներով մենք փողեր չենք կարող դուրս տալ, մեզ հիմքեր են պետք»,- ասում է ԱՆ աշխատակիցը:
Սակայն, սրան զուգահեռ, հակառակ իրականությունն էլ կա.
Պարզվում է՝ կան նաև այս աջակցությունից հրաժարվող անձիք, ովքեր չեն ցանկանում քաղաքական ենթատեքստով միլիոններ վերցնել այսօրվա իշխանության ձեռքից:
15 միլիոն դրամը, ընդունենք, լուրջ գումար է, բայց մարդիկ փաստացի հրաժարվում են ստանալ դրանք։ Հավանաբար խուսափում են՝ գիտակցելով, որ այդպիսով ներգրավվելու են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ծավալվող դատական գործընթացներում (կարող է ցուցմունք պետք լինի): Առայժմ միայն մեկ անձ է հրապարակայնորեն հրաժարվել իրեն հասանելիքից, Սոցապի նախկին փոխնախարար Աշոտ Մարգարյանը հայտարարել է, որ փոխարենն առաջարկում է այդ 5 կամ 15 մլն դրամը նվիրաբերել Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին: 2008-ի բախումների ժամանակ նա հատուկ ջոկատային զինծառայող է եղել, վիրավորում է ստացել ոտքից: Մյուս հրաժարվողը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն է, վստահաբար, նա օրերս ընտրվեց ֆինանսական համակարգի բարձր պաշտոնյա, ու թերևս այդ պատճառով էլ չի դիմի իր 15 միլիոնը ստանալու համար, ինչ է, թե քաղաքական հետագիծով, չդառնա մամուլի թիրախ:
Օրեր առաջ YerevanToday-ը հանրայնացրել էր ԿԲ պաշտոնյայի միտինգային անցյալից որոշ բացառիկ դրվագներ, հիշեցրել էր, թե ինչպես էր 2008-ի քաղաքական ընդզվումների ժամանակ ԿԲ վիճակագրության վարչության պետ Մարտին Գալստյանը օրվա մի կեսը անցկացնում Ազատության հրապարակում, մյուս կեսը՝ միտինգներից վերադառնում պետական համակարգ, հետագայում անգամ վիրակապած թևով: Նրա մասնակցությունը անհնազանդության ակցիաներին այնքան ակտիվ է եղել, որ վիրավորում է ստացել թևից՝ ցուցարարների ու ոստիկանաների միջև բախումների ժամանակ, իսկ դեպքերից հետո նրա հնարավոր պաշտոնանկությունը կանխել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Արդարադատության նախարարությունից պաշտոնապես հաստատեցին, որ ԿԲ նախագահ դարձած Մարտին Գալստյանը չի դիմել իր հասանելիք 5 կամ 15 մլն դրամի համար՝ որպես շահառու:
YerevanToday-ը դիմել է Արդարադատության նախարարություն՝ ստանալու սույն օրենքով իրենց աջակցությունից հրաժարված շահառուների, մերժված դիմումատուների ու հատուցվածների մասին տեղեկատվություն, սպասում ենք պատասխանին:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը