05 05 2020

Ի՞նչ կամ ինչե՞ր բացահայտեց Մարտի 1-ի «նորացված» գործը

Ի՞նչ կամ ինչե՞ր բացահայտեց Մարտի 1-ի «նորացված» գործը

Ուղիղ երկու տարի առաջ փողոցային հուզումների հրահրմամբ ու այդ «տեխնոլոգիական ալեկոծության» ալիքների վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի հիմնական պրոբլեմներից մեկն այն է, որ նա ամեն կերպ ձգտում է կյանքի կոչել բոլոր այն հիմնական քարոզչական, հաճախ ուղղակիորեն «փուչիկ» թեզերը, որոնցով թունդ ընդդիմադրի անուն է հանել: Այդ գործելակերպը նրան դեռ ոչ մեկ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու որպես վարչապետի պաշտոնն զբաղեցնողի: Ալան-թալանի, անողոք բռնապետության, «հանցագործ վարչախմբի» ու այլևայլ նման լոզունգային «թեզերը» գուցե ձեռնտու կամ շահեկան (երբեմն նաև եկամտաբեր) են որևէ թերթի խմբագրի կամ նույնիսկ ԱԺ ընդդիմադիր պատգամավորի համար, բայց նույն մոտեցումները կարող են ուղղակիորեն կործանարար լինել որևէ վարչապետի համար, որքան էլ նա իշխանափոխական կամ հեղափոխական լինի: Մտահոգիչը տվյալ քաղաքական ֆիգուրի հետագա ճակատագիրը չէ, որը բավականին պարզ ուրվագծվում է: Մտահոգում է պետության ու հասարակության հետագա ճակատագիրը՝ նման վարչապետի դեպքում: 

Ի դեպ, նախկին, ինչպես հաճախ ասում էին՝ «օդիոզ դեմքերից» գեներալ Սեյրան Սարոյանը, երկու տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու առաջին արարն էր խաղարկվում դեռ նախորդ գումարման ԱԺ-ում, մի ֆրազ ասաց, որը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի դիպուկացավ, որպես բնորոշում: Ասաց՝ «Նիկոլը վարչապետ էլ դառնա, մեկ ա՝ ընդդիմադիր ա»: Ինչևէ: 

Տարիներով ու խնամքով Նիկոլ Փաշինյանի ու ոչ միայն նրա հյուսած քարոզչական առասպելներից մեկն էլ մեր նորագույն պատմության ամենից ցավալի և ամոթալի էջերից «մարտի 1»-ին է վերաբրեվում: Պատահական չէ, որ իշխանական անսահմանափակ լիազորություններ ստանալով, առաջին քայլերի շարքում Նիկոլ Փաշինյանը լծվեց «մարտի 1-ի գործը» նորացնելուն, հասկանալի է՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 2008թ. այդ ժամանակահատվածում պետական ու զինվորական բարձր պաշտոններ զբաղեցրած բարձրաստիճան գործիչների դեմ մեղադրանքներ ներկայացնելով: Հընթացս նկատենք, որ այդ, արդեն կարելի է գրեթե համոզված ասել՝ շինծու գործով դատական մոտակա նիստը նշանակված է Մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը: Շուշիի ազատագրման ու Արցախի ազատագրական պատերազմում անուրանալի ավանդ ունեցած գործիչներին՝ Ռուբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հենց այդ օրը դատարան տանելն այն կարգի ցածր արարք է, որ նույնիսկ ամենախիստ բնորոշումներն են խամրում: 

Կոնկրետ «մարտի 1-ի գործով» հիմնական տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այդպիսով անձնական վրեժ է լուծում: Բայց ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ նաև, որ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով բանտարկված պահելու, նրա նկատմամբ մտասևեռուն քաղաքական հետապնդում իրականացնելու այդ «թավշապետական» մարմաջը նաև այլ դրդապատճառներ ունի: Դրանցից մեկը այն է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վերադառնալով ակտիվ քաղաքական գործունեության, կարող էր և կարող է լուրջ միավորող գործոն ու, ժամանակի ընթացքում, նախընտրելի այլընտրանք ընկալվել, մանավանդ, նորիշխանավորների համընդգրկուն անձեռնահասության ու անլրջության և դրա հետևանքների պայմաններում: Կա ևս մեկ էական դրդապատճառ, որի մասին՝ վերջում: 

Լավ, արդեն շուրջ մեկ տարի ու 10 ամիս է, ինչ ծեծվում է այս «գործի» խմորը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուս պաշտոնյաներին ներկայացված առանցքային մեղադրանքն այն է, թե 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու որոշմամբ տապալվել է սահմանադրական կարգը: Ավելի անհեթեթ ու խոցելի մեղադրանք անհնար էր երևակայել: Եթե այլ բան չլինի էլ, ապա այն զանգավածային շփոթից ու արյունահեղությունից, որ հրահրվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա այն ժամանակվա կոմիսարների, մասնավորապես նույն Նիկոլ Փաշինյանի զգալի ջանքերով, հնարավոր էր ելնել ու էլ ավելի մեծ արյունահեղությունը կանխել հենց արտակարգ դրություն մտցնելով: Եթե Ռոբերտ Քոչարյանին կարելի է այդ հարցում որևէ բանի մեջ հետին թվով մեղադրել էլ, ապա երևի միայն այն առումով, որ շատ ավելի շուտ ու շատ ավելի կոշտ քայլեր չձեռնարկեց նախքան մարտի 1-ը: Բայց կա այն՝ ինչ եղել է: 

Այս «նոր» գործին, ինչպես դա երևաց նաև դատական նիստերի ընթացքում, երևի ամենից ուշադիրը հենց Ռոբերտ Քոչարյանն է ծանոթացել: Ոչ թե միայն նրա փաստաբանական թիմը, այլ ինքը՝ անձամբ: Ու միանգամայն տեղին և դիպուկ է նրա, դեռ կալանավորվելուց առաջ տված բնորոշումը, որ այդտեղ քրեական գործ չկա, դա ջուր է և իրավական թափոն: Ընթացքը ապացուցեց՝ Ռոբերտ Քոչարյանի բնորոշումը հիմնավորված է և ճիշտ: 

Իսկ «մարտի 1-ի», այսպես ասենք՝ «նորացված» գործով ոչ միայն, ոչինչ էլ չբացահայտվեց, այլ մեկ անգամ ևս հաստատվեց, որ կոնկրետ տվյալ իրավիճակում ու պայմաններում Ռոբերտ Քոչարյանը, որպես նախագահ, գործել է իր օրինական լիազորությունների սահմաններում ու, որ սահմանադրական կարգի տապալման մասին որևէ խոսք չի կարող լինել, հակառակը՝ կանխվել է սահմանադրական կարգի տապալման փորձը:   

Չնայած, այլ բացահայտումներ էլ եղան: Բացահայտվեց, օրինակ, որ իրականում զանգվածային անկարգությունների մասնակիցների («խաղաղ ցուցարարների») կողմից հրազենից կրակ է արձակվել, բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի միջոցով անձամբ է հետևում Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում դատավորին պարտադրելու գործընթացին: Բացահայտվեց, որ չնայած «թավշապետերի» կողմից սպառնալիքներին ու ճնշմանը, երկրի դատական համակարգում կան համարձակ դատավորներ, որոնք կարողանում են նույնիսկ այդ պայմաններում առաջնորդվել օրենքով, այլ ոչ թե կամայական պարտադրանքով: Բացահայտվեց, որ միայն այն մտքից, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել չկալանավորված, Նիկոլ Փաշինյանը հիստերիկանում ու անկառավարելի է դառնում: Այն աստիճան, որ գնում է բացահայտ սահմանադրական կարգի հերթական տապալման, անձամբ առաջնորդելով ու հրահրելով հարձակում բոլոր դատարանների վրա: 

Հետո, արդեն, բացահայտվեցին Փաշինյանի ասած «վնգստացող» դատավորներ: 

Իսկ վերջին բացահայտումն էլ, կարելի է ասել, «բանակցային սեղանից» եկավ: Տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի գլխավջորությամբ քննարկվում է Արցախի խնդրի կարգավորման փուլային տարբերակը, հայկական կողմից տարածքներ զիջելու, նույնիսկ կարելի է ասել՝ նախապայմանով, շատ պարզ ցույց է տալիս կամ բացահայտում է, թե ինչու և ում է անհրաժեշտ Ռոբերտ Քոչարյանին պահել քաղաքական պատանդի կարգավիճակում: Քոչարյանը պետք է մնա կալանավորված, եթե նրանք ուզում են իրագործել Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակը։ Կալանքի տակ պահվող երկրորդ նախագահը այդ պրոյեկտը ի զորու է արգելակել․․․

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ