Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները կոչ են անում իրենց դիմել առցանց։ Եվ ահա Եվ լեզվի պետական կոմիտեն տխուր իրականություն է բացահայտել՝ ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ պատկան մարմիններին հայերեն էլեկտրոնային նամակներ են հղում, որոնք գրված են օտար տառերով: Հայտարարություն տարածելով՝ լեզվի անաղարտությանը հետևող կառույցը շեշտում է, որ սա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի նկատմամբ: Կոմիտեն կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացված հայերեն օտարատառ էլեկտրոնային նամակներին ընթացք չտալ:
Լեզվի պետական կոմիտեն իր գործն է անում, բայց անում է տարօրինակ հերթականությամբ։
Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոն զբաղեցնող անձանց բառապաշարում ոչ հայկական բառամթերքն առավել շատ է, և դա օգտագործում են ոչ թե տեքստերում, քաղաքացիների հետ այդ նամակագրություններում, այլ՝ հենց եթերում։
Օրինակ՝ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի օգտագործած բառապաշարը՝ հանրային հեռուստաընկերության եթերում։
«Կարամ ասեմ․․․», «Պատրաստ ենք աջակցել ավիաընկերություններին, որ չվերթներն արագի մեջ վերակագնվեն» և այլն։ Սրանք հայերեն չեն, իսկ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189․6 հոդվածի համաձայն․ «Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով»։
Տարօրինակ է, բայց հայերենի իմացությամբ չի փայլում նաև կրթության, գիտության, մշակույթի և ստորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Հղման մեջ ներկայացված ելույթում «կարամ ասեմ» ԿԳՄՍ նախարարն ասում է․ «Շնորհավորում եմ շրջանավարտներին այս ուրախ օրի կապակցությամբ» և այլն։ Քանի որ նման դեպքերը բազմաթիվ են, բոլորը ներկայացնելու կարիք չկա։
Եթե Հայաստանում կոռուպցիան, հովանավորչությունը վերացել են, ինչպես բազմիցս ավետել է վարչապետ Փաշինյանը, եթե օրենքի առջև բոլորը հավասար են և ունենք 3 միլիոն վարչապետ, այդ դեպքում ինչո՞ւ է լեզվի տեսչության «վարչապետ» Դավիթ Գյուրջինյանն առաջարկում ընթացք չտալ շարքային «վարչապետների» ոչ հայեցի գրառումներին, իսկ, ինքն էլ զուգահեռաբար ընթացք չի տալիս «վարչապետներ» Արայիկ Հարությունյանի և Տաթևիկ Ռևազյանի լեզվական թռիչքներին։
Ավելին, եթե լեզվի անաղարտությունը խախտելու համար տուգանքներ սահմանեին, ապա Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը չէր բավականացնի ամեն օր եթերից ոչ հայեցի բառապաշարի համար տուգանքների մուծմանը։
Եթե պաշտոնյաներն իրենց բառապաշարի համար պատասխանատվություն չեն կրում, նշանակում է, որ Հայաստանում կա կոռուպցիա՝ հովանավորչության դրսևորումներով։
Ի վերջո, պաշտոնյաներին հետևելը շատ ավելի հեշտ է, քան քաղաքացիներին, փոխարենը պահանջում է համարձակություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը