Հայաստանում ամենաարագ տեմպերով աճում է ոչ թե թոշակը, նվազագույն աշխատավարձը, ժողովրդի բարեկեցությունը, այլ՝ կոռուպցիան․ դա փաստ է, որը արձանագրում են անգամ միջազգային կառույցները։ Ընդ որում, զարգանում են կոռուպցիայի բոլոր տեսակները, իսկ ամենաշատը՝ հովանավորչությունը, ԽԾԲ կոչվածը։ Սրանք, կարելի է ասել, կոռուպցիայի ամենավատ դրսևորումներից են, որոնք արդեն բերում են բիզնեսի ու քաղաքականության սերտաճում ու պաշտոնյաների շրջանում համակարգային կոռուպցիայի։ Կարող է պատահի, որ դուք ուզենաք ինչ-որ գործ, բիզնես անել, բայց անգամ կաշառքով, մաղարիչով չկարողանաք, բայց էն մյուսը հեշտությամբ ու առանց փողի կանի, միլիոնների օգուտներով դուրս կգա, որովհետև, օրինակ ԱԺ նախագահի եղբայր է, վարչապետի եղբայր է, պաշտպանության նախարարի ազգական է, այսինչի զոքանչն է, մայրը, հայրը, քույրը և այլն։ Ընդ որում, հովանավորչությունը առկա է ամենացածր օղակից մինչև ամենաբարձրը։ Իհարկե՝ իրենք ասում են, որ ոչ թե շահհերի բախում է, ոչ թե հովանավորչություն է կամ այլ բան, այլ ընդամենը մրցակցություն։ Բայց դե՝ իրենք շատ բան կարող են ասել․ ակնհայտ է, որ այդպես չէ։ Բերեմ մի քանի օրինակ, թող հեռուստադիտողն ինքը դատի՝ հովանավորչությո՞ւն է, թե՞ արդար բիզնես մրցակցություն։
Նիկոլ Փաշինյանը, երեկ կառավարության նիստում մի ժամ ժողովրդին համոզում էր, թե ինչու է ոստիկանությունը պարեկների ավտոմեքենաների ֆուլ ապահովագրությունը անում խոշոր բիզնեսմեն, ԱԺ պատգամավոր, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի ընկերությունից։ Կաշվից դուրս գալով արդարացնում էին դա․ դրանից հետո կհամոզեն, թե ինչու են ՔՊ-ական պատգամավորերը նրա բանկից վարկ վերցնում, ինչու են ԱԺ-ում նրա բանկի տերմինալները, ինչու են նրա ավիաընկերությունից տոմս առնում, ինչու են բոլոր հիմնարկներում օգտվում հենց նրա կազմակերպությունների ծառայություններից և այլն։ Նա խոշոր տրամաչափի խաղացող է, բայց պաշտոնյա կոչվող բազմաթիվ անձինք, ամեն մեկը իր պաշտոնի թույլ տված յորղանի գյորա կարողանում է անել։ Մամուլը գրում է, որ Սննդամթթերքի անվտանգության փորձաքննությունը անում է տեսչական մարմնի ղեկավարի մտերիմը։ Ղեկավարն ասում է՝ ի՞նչ անեմ, մրցույթը ինքն է շահել։ Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքում իր կնոջ ընկերության հետ։ Հիմա էդ խեղճ քաղաքապետը մեղք ունի՞, որ իր կինն է շահում մրցույթները կամ իրեն են վստահում ու հանձնարարում։ Հեղափոխությունից հետո պաշտոնի եկածները բացում են ընկերություններ կամ նրանց ազգականները, աներ-զոքանչները, մոտիկ-հեռու բարեկամները և շահում են պետական մրցույթներ։ Նրանք կարողանում են անգամ նվազագույն արժեք տալ, հաղթել մրցույթը և դուրս գալ միլիոններ շահած, որովհետև կա կոռուպցիայի «աստվածային» ձև հովանավորչությունը, խնամի-ծանոթ-բարեկամի անմահ սկզբունքը, որը այս իշխանությունը ոչ միայն չարաշահում է, այլ դարձրել է իր գործելաոճի հիմնասյուն։ Դրանից բացի, կարող են էս կողմ, էն կողմ էլ չընկնել, առանց մրցույթի, մեկ հոգուց գնում են անում, միանգամից իրենց մարդկանցից։
Մամուլը բացահայտում է, որ ջրային կոմիտեն շուրջ 350 մլն դրամի գնումներ է անում կոմիտեի նախկին փոխնախագահի ընկերությունից, որը փոխնախագահ էր դարձել հեղափոխությունից հետո, իսկ ընկերությունը հիմնադրել էր 2020 թվականին։ ՊՆ-ն 4,5 մլն դոլարի վառելիք է գնում ՏՄՊՊՀ անդամի եղբոր ընկերությունից, 14 միլիոն դոլարի վառելիք է գնում Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից։ Մամուլը գրում է, որ «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի ընկերությունը պետական մարմիններից առանց մրցույթի խոշոր պատվերներ է ստանում։
Եթե դուք առողջապահության ներկա ու նախկին նախարարների հետ կապված չեք որևէ ազգակցական կապերով, բայց ունեք բժշկական կենտրոն կամ էդ ոլորտում գնումներ անելու հնարավորություն ունեք, հլը դիմեք՝ տեսնենք ինչ ճակատագիր կունենաք․ ներկա ու նախկին նախարարների ընտանիքները, օրինակ, լավ էլ անում են։ Առողջապահության նախարարը, նախարարության բյուջեից գնումներ է անում իր ամուսնու հիմնարկից։ 250-ից ավելի պայմանագիր է շահում պետհիմնարկներից, կեսը՝ հենց Առողջապահության նախարարության հետ: Նախարարն էլ իբր հերքում է, ասում է ամուսինս չէ, մամաս է։ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը միլիոնավոր դոլարների պայմանագրեր է կնքում իր կնոջ հիվանդանոցի հետ։ Նիկոլ Փաշինյանի քավորի ու նրա եղբոր ազգականը կարողանում է հանգիստ շահել Երևանի քաղաքապետարանի մրցույթները՝ մեծ գումարների։ Ալեն Սիմոնյանի եղբոր եվրոասֆալտապատման մասին էնքան շատ է խոսվել, որ այլևս ասելու կարիք չկա։ Ինչո՞ւ է կառավարությունը էդքան ասֆալտ փռում, որ լավ երթևեկե՞ք, թե՞ որովհետև ամենաշատ փողը հենց ասֆալտից է մնում։ Ալեն Սիմոնյանին հարցնում են բա ոնց ա տենց ստացվում, ասում է՝ բայց ինչի՞ չեք գրում, որ տենդերներ էլ կա՝ չի շահում։ Այսինքն՝ սաղ պտի շահեր, մեծահոգի են։ Ոչ էլ կարիք կա խոսելու Նիկոլ Փաշինյանի եղբոր՝ 4 տեղ միաժամանակ տնօրեն աշխատելու մասին։ ԱԺ ամբիոնից, երբ Նիկոլին հարց են տալիս իր մերձավորի բիզնեսից, ասում է՝ բա նախկինում․․․ Ու հասկանում ես, որ չէ, էս մարդը մերժել է ընդամենը անձանց, ոչ թե երևույթները։ Այդ երևույթները նորմալ են, երբ իրենք են անում, մերժելի էր երբ նախկիններն էին։
Ալեն Սիմոնյանի ընկերոջ կահույքի ցեխը 4 տարում 160-ից ավելի պայմանագրեր է կնքել պետական հիմնարկների հետ։ Տարածքային կառավարման փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ընտանիքին պատկանող ընկերությունը, ըստ մամուլի, 170 հազար դոլարից ավելի գումարի պայմանագիր է կնքում Շիրակի մարզպետարանի հետ․ իսկ մարզպետարանները հենց այս նախարարության տրամադրության տակ են։ Չեմ խոսում շինարարական, դպրոցաշինական տենդերներից, ՊՈԱԿ-ների գնումներից, արդյունաբերական կանեփի աճեցումից ու զանազան բիզնեսներից, որոնց բոլորի կողքին տրվում են բազմաթիվ պաշտոնյաների անուններ։ Չեմ խոսում այն մասին, որ կառավարության ամեն նիստի առանց բացառության հարկային արտոնություններ են տալիս, մաքսատուրքից ազատում ընկերությունների, ու երբ ուսումնասիրում ես, նրանց մի մասը այսինչ օլիարխինն են, նախարարի ընտանիքինը, ՔՊ-ի հետ փոխկապակցվախծ այսինչին ու անգամ՝ անգամ փոխվարչապետի օգնականինը։ Կան մարդիկ մեր երկրում, որ կարող են ապօրինի հանքեր շահագործել կամ հանգստյան գոտի, որովհետև ունեն տանիք։ Դեպքերն այնքան շատ են, որ անհնար է թվարկելը, ու բոլոր դեպքերով ասում են դե արդար մրցակցություն է, ժողովրդի իշխանություն է, կոռուպցիա չկա։ Ուզում եմ հավատալ, բայց սրանց ի՞նչ կասեք։ Ես, իհարկե, չեմ պնդում, թե սրանք շահերի բախում են, հովանավորչություն են կամ կոռուպցիայի այլ դրսևորում, ես ասում եմ՝ ո՞ւր կլինեին այդ նորօրյա խոշոր բիզնեսմենները ու ինչով կզբաղվեին, եթե իրենց եղբայրը, փեսան, ընկերը կամ ընկերուհին չլիներ ԱԺ պատգամավոր, նախարար, վարչապետ, ԱԺ նախագահ, ՊԵԿ նախագահ և այլն։
Առանձին թեմա են պետական գնումներն ընդհանրապես ու հատկապես մեկ անձից գնումները, որոնք բազմապատիկ աճել են․ դրանց դեռ կանդրադառնանք ու նաև՝ թե ովքեր ու ում բարեկամներն են։ Դրա համար էլ պաշտոնյաների հայտարարագրերը ամեն անգամ յուղոտ են դառնում, մեծանում է ունեցվածքը, տները, ավտոները, դղյակները, և ավանդները աճում են, միլիոնավոր դոլարների զարդեր ու կանխիկ գումար է հայտարարագրում, կլինի ՊԵԿ փոխնախագահի հաշվապահ զոքանչ, զինվորի տրուսիկ չգողացած նախկին թիկունքի պետ, ԱԺ նախագահ, ԱԳ նախարար, թե տաքսիստ, որի բախտը բերեց ու դարձավ պաշտոնյա։
Մի րոպե։ Բայց իրենք եկել էին ոնցոր քո բարեկեցությունը բարձրացնելու, միամիտ ժողովուրդ։ Այ քեզ բան։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի քավորի պաշտոնյա եղբոր ընտանիքին պատկանող նորաբաց ռեստորանը, որը կառուցեց 2018 թվականից ու նախորդ տարի բացեց, շատ խորհրդանշական անուն ունի․ կոչվում է «Ոսկե ձկնիկ»։ Ինչի՞ ոսկե ձկնիկ․ որովհետև հենց ոսկե ձկնիկի օգնությամբ նրանք կարող էին անել այն, ինչ անում են։ Ոսկես ձկնիկը ձկնորսին աղաչում է բաց թողնել, 3 ցանկությունները կկատարի։ Ցանկությունները կատարում է ու բաց է թողնում։ Սրանք ոսկե ձկնիկին բաց չեն թողել ու նա 5 տարի շարունակ կատարում է անգամ ամենաանհեթեթ, ամենաանսպասելի ցանկությունները։ Որովհետև միայն ոսկե ձկնիկի ու կախարդական փայտիկի օգնությամբ նրանք կարող էին դառնալ այն, ինչ դարձել են։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը