Չէ, բայց, իրոք, ո՞վ է խոսում «իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչության» մասին ու այն դադարեցնելու կոչ հնչեցնում: Ո՜վ է խոսում «պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը» չկորցնելուց կամ պահպանելուց: ՀՀ առաջին նախագահ, ՀՀՇ-ի առաջնորդ, ՀԱԿ ղեկավար ու, որոշակի իմաստով՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյա՞նը:
Այո, նախօրեին հրապարակված իր հոդված-հայտարարության մեջ հենց նա խոսում է հենց այդ մասին: Առհասարակ, ոչ միայն դրա մասին: Ըստ Տեր-Պետրոսյանի, կորոնավարակի պատճառով Հայաստանը հիմա պատերազմական իրավիճակում է, այդ իրավիճակում, որոշ սխալները չհաշված (դե, ո՞վ չի սխալվում), Փաշինյանի գլխավորած իշխանությունը պատասխանատվությամբ է գործում, իր գործն անում է: Ավելին, ըստ Տեր-Պետրոսյանի, մինչ իշխանությունն այդպես անձնուրաց զբաղված է վարակի «պատերազմին» դիմագրավելով, ուրեմն, «սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ»:
Դե, Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն ինքը չէր լինի, եթե մի նենգամիտ ու խարդավալի բան չասեր: Չնայած, այս դեպքում նենգության ու խարդավանքի տպավորություն է թողնում նրա հայտարարությունն ամբողջությամբ: Հա, ու ըստ էության, ասում է, թե այս օրերին ով կառավարությանը, իշխանությունների գործողությունները քննադատում է... «պետական դավաճանությամբ» է զբաղված:
Ինչպես կարող է, չէ՞, Տեր-Պետրոսյանը մի բան ասել ու ատելության նոր սերմեր չգցել, այլոց չվիրավորել ու չպիտակավորել, դավաճաններ չփնտրել: Ի դեպ, գրեթե մեկին՝ մեկ Նիկոլ Փաշինյանի գործելակերպն է: Ուսուցիչն ու աշակերտը միմյանց արժեն:
Բայց խնդիրն այն է, որ Տեր-Պետրոսյանի հայտարարության պրեամբուլան իրողությունների հիմնովին նենգափոխման վրա է հիմնված, ու մեկ-երկու պարզ հիշեցումները տապալում են այդ խախուտ հենքը:
Սկսենք թեկուզ այն բանից, որ կորոնավարակին լուրջ ու համարժեք վերաբերվելու կոչեր շարունակաբար անում էին հենց Նիկոլ Փաշինյանին ու նրա թավշյա կառավարությանը քննադատողները, ընդդիմադիրները, ըստ Տեր-Պետրոսյանի լեքսիկոնի՝ «պետական դավաճանները», եթե կուզեք՝ «ազգադավները»: Իսկ այ, իր սիրասուն քաղաքական սանն ու նրա գլխավորած իշխանությունը այդ վտանգի ու այն գնահատելու հարցում դրսևորում էին աններելի անփութություն, անլրջություն ու անհեռատեսություն: Ավելի՛ն, Նիկոլ Փաշինյանն այդ պայմաններում շարունակում էր հրահրած հանրաքվեի քարոզարշավը՝ փաստացի ստեղծելով վարակի տարածման ու վարակակիրների թվի ավելացման լրացուցիչ ռեալ վտանգներ:
Ավելին, «արտակարգ դրություն» հայտարարելն» էլ, մեծ հաշվով, տեղի ունեցավ միայն այն իրավիճակում, երբ այլևս վարակի հարցում բանը բանից անցել էր, իսկ մշտական քննադատողներին սկսում էին ավելի ու ավելի շատ մարդիկ միանալ, «թավշյա» իշխանության նկատմամբ հանրային վերաբերմունքում նկատելի տեղաշարժ էր կատարվում: Եթե կուզեք, «արտակարգ դրությունը» հենց «պետական դավաճաններիս» հանրային ճնշման ներքո հայտարարվեց: Այլ ճար կառավարությունը չուներ արդեն:
Եվ ով՝ ով, բայց Տեր-Պետրոսյանն այդ ամենը շատ լավ գիտե: Սակայն միտումնավոր խեղաթյուրում է պատկերը՝ ներկայացնելով մի երևակայական պատկեր, իբր իշխանությունը մի այլ կարգի գործում էր վարակը կանխելու ուղղությամբ, իսկ այ չարակամներն ու սադրիչները խանգարում էին:
Ի դեպ, չարակամության ու սադրանքի մասին: Իր նախանշած «անհրաժեշտ քայլերի» շարքում, Տեր-Պետրոսյանն, օրինակ, այսպիսի բան է ասում. «Հուսալ, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը»:
Դեռ մի կողմ թողնենք, լրատվամիջոցների վերահսկելիության վերաբերյալ նրա խիստ վիճարկելի, «սորտավորման» բացահայտ միտում ունեցող, բայց անվերապահ տոնայնությամբ ասվող արտահայտությունը: Ո՞վ է խոսում «պետական այրին վայել վարք» դրսևորելուց: Եվ ո՞ւմ հասցեին: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հասցեի՞ն: Ի՞նչ բարոյական իրավունքով:
Տեր-Պետրոսյա՞նն է խոսում «պետական այրին վայել» մտածողության մասին, այն նույն Տեր-Պետրոսյա՞նը, որ 2008-ին հետևողականորեն ցանկանում էր բանակային գեներալների, պաշտպանության փոխնախարարների ներգրավել ներքաղաքական իրադարձությունների թոհուբոհում: Ա՞յն Տեր-Պետրոսյանը, որ իր սև դղյակից դուրս չեկավ հայտնի դեպքերի օրը, նա՞, որ «մալադեց, մալադեց» էր ասում իր շտաբի պետին, երբ արդեն գիտեր, որ մարտի 1-ի երեկոյան արյուն է հեղվել, մարդիկ են սպանվել: Նա՞, որ անթաքույց լավ էր զգում այդ ամենից ու այդ գիշեր շատ լավ էլ քնել էր: Լավ էր քնել, երևի այն պատճառով, որ իր քինախնդրությունը որոշակիորեն հագեցրել էր:
Վերջապես դա այն նույն Տեր-Պետրոսյա՞նը չէ, որ տասնամյակներ շարունակ, մանավանդ՝ 1998-ի իր հրաժարականից հետո, մինչև օրս, թե՛ անձամբ, թե՛ իր քաղաքական ու քարոզչական արբանյակների միջոցով, հիմնականում հենց նրանով է զբաղվել, որ անձնավորված թշնամանք ու ատելություն է սերմանել, բազմապատկել ու քարոզել՝ թիրախավորելով օրվա իշխանությանը, երկրի ղեկավարներին:
Պետական այրին վայել պահվա՞ծք: Իսկ ի՞նչն էր խանգարում, որ նման պահվածք հենց ի՛նքը դրսևորեր: Օրինակ, քանի՞ քոռ գրոշ արժեն նրա այդ կոչերը, հատկապես՝ երկրորդ նախագահի հասցեին արած ակնարկը, առանց թեթևակի անդրադառնալու անգամ Ռոբերտ Քոչարյանի անհիմն կալանքին ու նրա դեմ իրականացվող փաստացի՝ քաղաքական հետապնդմանը:
Կամ, օրինակ, Տեր-Պետրոսյանի կոչը, թե պետք է «սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի՝ առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»:
Այդ անհեթեթ ու միմիայն քարոզչական նպատակներ հետապնդող «հանձնաժողովի» մասին շատ է խոսվել: Հետաքրքիր է, որ հիմա դա Տեր-Պետրոսյանն է առաջարկում: Երևի արդեն հասկացավ, որ լրիվ տանուլ է տվել այդ հարցում, մանավանդ հիմա, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կգնա այդ հանձնաժողով ու իր ասելիքը կասի: Էհ, պարոն Տեր-Պետրոսյան, ի՞նչ կարիք կար հրապարակավ ու այն էլ հիմա խոսել «ապրիլյան պատերազմի ԱԺ հանձնաժողովի աշխատանքը սառեցնելու մասին: Ի՞նչն էր խանգարում, որ հեռախոսը վերցնեիք, զանգեիք Ձեր վաղեմի ենթակա Անդրանիկ Քոչարյանին ու ասեիք՝ «Անդո ջան, սառեցրա, սիրուն չի, մալադեց չի...»:
Մի հատ ձեզ զննեք՝ հայելու առջև, հետո խոսեք «պետական այրի պահվածքից» ու նման բաներից:
...Բա մի անգամ ելնեիք Ձեր վեհապանծ բարձունքից, մի կես բերան դիտողություն անեիք Ձեր երբեմնի զինակից ու ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին, որ անձնավորված ատելություն ու թշնամանք չտարածի, գոնե իշխանության հասնելուց հետո, կորոնավարակի առիթով լայվերի ժամանակ: Իսկը տեղն է ասել՝ պարոն Տեր-Պետրոսյան, բա առաջ ինչո՞ւ նման կոչեր չէիք անում: Չնայած, անում էր, վերջին պատերազմական վիճակի ժամանակ, կոչ էր անում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Պետական Կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանին զինված ուժերը հանել Քելբաջարից, որի կոչին հակառակ՝ Աղդամն էլ մերոնք վերցրեցին։
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը