20 03 2020

Ինչպե՞ս մեղմել փոքր բիզնեսի կորուստները

Ինչպե՞ս մեղմել փոքր բիզնեսի կորուստները

Այն, որ Հայաստանի տնտեսությունը համաշարհային տնտեսության թիվ 1 սպառնալիք կորոնավիրուսին բախվել է արդեն թուլացած, ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակմամբ:

Նիկոլ Փաշինյանի կառավարման երկու տարիներն անհետևանք չեն անցել մեր երկրի համար՝ պարբերաբար քաղաքական և դրանից բխող տնտեսական ցնցումների մեջ հայտնված երկրում վատթարացել է գործարար միջավայրը, նվազել են և շարունակում են նվազել ներդրումները, ընկել է բնակչության գնողունակությունը, նվազել են տնտեսվարողների շջանառություններն ու եկամուտները։  Տնտեսության համար որոշ աշխուժություն ապահովող ավտոմեքենաների զանգվածային ներմուծումը այս տարի այլևս չկա, մետաղների միջազգային գներն անկում են ապրում։ Միակ հույսը մնում է խաղային բիզնեսը, որը ոչ միայն արդյունք չի ստեղծում, այլ կլանում է բնակչության  միջոցները։ Եվ այս ամենի ֆոնին, ի դժբախտություն բոլորիս, երկրի վարչապետի պաշտոնին հայտնված մարդը վարդագույն պատկերներ է ներկայացնում կորոնավիրուսի հետևանքով սպասվող «տնտեսական հեղափոխության հրաշքի» մասին։ Տպավորությունն այնպիսին էր, որ «տնտեսական հեղափոխություն» կոչվող նրա հորինվածքը մինչ օրս կյանքի չէր կոչվում, քանի որ կորոնավիրուսը չկար։ Այս ելույթին առիթ կունենանք առաջիկայում անդրադառնալ։ Այժմ կորոնավիրոսուվ վատթարացած կացության վերաբերյալ կառավարության կողմից նախատեսված ծրագրի մասին։

Խոսվում է բիզնեսին 150 մլրդ դրամ (մոտ 300 մլն դոլար) աջակցության մասին։ Ըստ էության, նախատեսվում է տնտեսվարողներին անտոկոս վարկ տալ, որպեսզի վերջիններս կատարեն իրենց հարկային, աշխատավարձային և այլ պարտավարությունները։ Որքանո՞վ այն կմեղմի տնտեսվարողների կացությունը, դժվար է ասել, իսկ որ որևէ կերպ չի նպաստելու հեռանկարային և զարգացմանը նպաստող ծրագրերին, միանշանակ է։ Նման ծավալի գումար կարելի էր և պետք էր ուղղել հենց զարգացման ծրագրերին։ Ինչո՞ւ դա չի արվում։ Պատասխանը առավել քան պարզ է՝ Հայաստանի կառավարությունը չունի ոչ զարգացման ծրագրեր, ոչ դրանք կյանքի կոչող ներդրողներ և ոչ էլ անգամ նման ծրագրերի տեսլական։

Մինչդեռ, այս ճգնաժամային պահի համար առկա է փոքր բիզնեսին աջակցելու առավել օպտիմալ և իրատեսական տարբերակ՝ առանց պետական բյուջեից գումարների հանելու։ Այն է՝ շրջանառության հարկի դաշտում գործողներին ազատել այս տարի այդ հարկը վճարելուց (այս առաջարկը նախկինում էլ ենք արել): Միաժամանակ, ապրիլից սկսած մինչև տարեվերջ եկամտային հարկի արձակուրդ տրամադրել դարձյալ նույն փոքր բիզնեսին։  Իհարկե, սա չի ծածկի այն կորուստները, որ փոքր բիզնեսը կրում է հիմա, չխոսելով արդեն նախորդ մեկուկես տարում շրջանառությունների նվազման պատճառով կրած կորուստների մասին։ Սակայն որոշ չափով դրանք կմեղմի։ Հարկային բեռից ժամանակավոր ազատ լինելը նաև խթան կհանդիսանա գործունեությունը շարունակելու համար։ Այսինքն, գործարարը չի մտածի, «եթե սկսեմ աշխատել և եկամուտ չունենամ, ինչպե՞ս եմ հարկերը վճարելու»։

Ի՞նչ է ասում հարկային արձակուրդի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը․ «Հարկային արձակուրդի գաղափարը վատն ենք համարում. բա ծախսերն ինչո՞վ պետք է անենք»։ Նախ նշենք, որ անցյալ տարվա ծախսերը թերակատարվել են, իսկ բյուջեի եկամուտներից էլ ահռելի գումարների Կենտրոնական բանկում են դրվել։ Վերցրեք այդ գումարը և կատարեք ծախսերը։

Մյուս կողմից, եթե միայն փոքր բիզնեսին հարկերից ազատելու մասին  խոսենք, ապա դա շատ ավելի քիչ գումար է, քան վերոնշյալ 150 մլրդ դրամը։ Անցյալ տարի՝ 2019 թ․-ին պետական բյուջեն շրջանառության  հարկից ստացել է 31 մլրդ դրամ։ Դա պետական բյուջեի եկամուտների մոտ 2 տոկոսն է։ Այս տարի, ելնելով ներկա վիճակից, ակնկալվող գումարը շատ ավելի փոքր է լինելու, քան անցյալ տարվանը։ Ի՞նչն է խանգարում այդ գումարը զիջել փոքր բիզնեսին։

Եկմատային հարկի մասով․ անհատ ձեռնարկատերը վճարում է ամսական 5 հազար դրամ եկամտային հարկ, եթե կուտակային կենսաթոշակային համակագրում է ընդգրկված՝ ևս 5 հազար դրամ էլ վճարվում է կուտակային հիմնադրամին։ Այսինքն, առավելագույն 10 հազար դրամ՝ եթե չունեն աշխատողներ։ Եթե հաշվի առնենք, որ միկրոձեռնարկատիրությունը (այս տարվանից մինչև 24 մլն դրամ, մինչ այդ` մինչև 18 մլն դրամ գործունեության որոշակի ոլորտներում շրջանառություն ունեցողները) վաղուց արդեն ազատվել է հարկերից, ապա շրջանառության հարկի դաշտում գտնվողներին տարվա մնացած 9 ամսիներին եկամտային հարկի վճարումից ազատելուց պետական բյուջեն նույնպես չնչին կորուստ կունենա։

Այսինքն, երկու հարկատեսակից այս տարի ազատվելու դեպքում փոքր բիզնեսի մեջ ընդգրկված մի քանի տասնյակ հազար մարդ փոքր-ինչ թեթևացած կզգա իրեն և կտրամադրվի շարունակել գործունեությունը այս ծանր վիճակից իրեն և իր ընտանիքը հանելու համար։ Դա էլ իր հերթին կնպաստի տնտեսական ակտիվության վերականգնմանը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ