17 03 2020

Մեր տնտեսությունը կորոնավիրուսին է բախվել արդեն իսկ թուլացած

Մեր տնտեսությունը կորոնավիրուսին է բախվել արդեն իսկ թուլացած

Մեր նախորդ հրապարակմամբ ներկայացրել էինք այն կացությունը, որ ստեղծվել էր Հայաստանի տնտեսության մեջ մինչև կորոնավիրուսի տարածվելը։ Հիմա արդեն ունենք այլ իրավիճակ՝ տնտեսական վիճակի էլ ավելի վատթարացում։

Անցած ժամանակահատվածում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար աշխարհը համակած վարակի նկատմամբ կառավարության և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի անլուրջ վերաբերմունքի արդյունքում։ Կորոնավիրուսը տարածվեց Հայաստանում, և հիմա իշխանությունը ուշացումով վազում է իրադարձությունների հետևից, փորձելով չեզոքացնել դրա ավելի լայն տարածումը։ Մինչդեռ, պետք էր և հնարավոր էր այն կանխել, եթե ներկայումս ձեռնարկվող քայլերը սկսվեին իրականացվել գոնե 15-20 օր առաջ։ Ինչևէ։

Վերադառնանք տնտեսական կացության վատթարացմանը։ Ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ հետևանքների է սա բերելու։

Ընդհանուր տնտեսական ակտիվությունը նվազել է։ Առևտրի ոլորտում շրջանառությունը՝ նույնպես։ Դա բերելու է այդ ոլորտում ընդգրկված տասնյակ հազարավոր առևտրականների եկամուտների նվազմանը և նրանց մի մասի գործունեության դադարեցմանը։ Առանց այն էլ ավելի քան մեկ տարի է, ինչ այս ոլորտում եկամտաբերությունն ընկած էր։ Դրան ավելացել էր ՀԴՄ կտրոնների տրամադրման վարչապետական մոլուցքը, ապա առևտրային օբյեկտների աշխատակիցների բացահայտումն ու վճարվող եկամտային հարկի ավելացումը։ Հարկային կամ վարկային պարտավորություններ նրանց չեն զիջվելու։ Առավելագույնը, որ կարող են անել բանկերը, տնտեսվարողսների վարկերի վերաձևակերպումն է։ Նման կոչով բանկերին դիմել է Կենտրոնական բանկը։ Սակայն կոչը մնում է կոչ, այլ ոչ թե պահանջ։ Մյուս կողմից էլ բանկերի առջև պահանջ դնելը նույնպես բարդ է՝ նրանք ևս կորուստներ են ունենալու այս վիճակից։ Նշենք, որ վերջին մեկ-երկու տարում տնտեսության վարկավորման ծավալները նվազում են։ Բնակչությանը տամադրվող սպառողական կամ հիպոթեկային վարկերի վերադարձն էլ առաջիկայում դառնալու է ռիսկային։ Նոր վարկերի տրամադրումը՝ մշուշոտ։

Առևտրային գործունեությամբ զբաղվողները ունեն ևս մեկ լուրջ խնդիր՝ իրենց գործունեության տարածքի վարձակալման գումարի վճարումը։ Երբ առևտրում աշխուժություն է, նրանք կարողանում են և վարձակալության վճարը վճարել և շահույթ ստանալ։ Երբ շրջանառության ծավալները նվազում են, առևտրային օբյելտները սկսում են փակվել և սնկի նման բուսնում են «տրվում է վարձով» հայտարարությունները։ Ակնհայտ է, որ այս խնդրին իր ողջ սրությամբ հիմա բախվելու են մի քանի տասնյակ հազար մարդիկ, քանի որ տարածքների սեփականատերերը որպես կանոն զիջումների չեն գնում՝ պահանջում են «տեղի վարձը»։ Ի՞նչ կարող է անել կառավարությունը այս հարցում։ Ոչինչ։ Սակայն գոնե առժամանակ հարկ է դադարեցնել հարկային տեռորը՝ ՀԴՄ կտրոնների պատժիչ մահակի տեսքով։

Քանի որ մեր բոլորիս եկամուտներից և հետևաբար՝ առևտրի շրջանառությունից է կախված ներմուծման և տեղական արտադրության ծավալները, նշանակում է, որ մենք ականատես ենք լինելու շուտով թե՛ ներմուծման, թե՛ տեղական արտադրության ծավալների նվազմանը։ Ընդ որում, նվազելու են ոչ միայն այն ապրանքները, որոնք արտադրվում և սպառվում են Հայաստանում, այլև արտահանվողները։ Համաշխարհային սպառումը նույնպես նվազել է։ Մասնավորապես, նավթի գների անկման և ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանումը նվազելու է։ Եթե խոշոր արտադրողներն ու ներմուծողները ունեն բավարար ֆինանսական միջոցներ, որ կարողանան դիմագրավել այս դեպքում, ապա նույնը չես ասի միջին և հատկապես փոքր ձեռնարկությունների դեպքում։ Հենց վերջիններիս, այսինքն շրջանառության հարկի դաշտում գործողների համար՝ անկախ ոլորտից՝ առևտուր, արտադրություն կամ ծառայություններ, կառավարությունը կարող է օգնել՝ մինչև տարեվերջ ազատելով նրանց շրջանառության հարկի վճարումից։ Եթե հաշվի առնենք, որ այս հարկատեսակը մեր պետական բյուջեի եկամուտների հազիվ 2 տոկոսն է կազմում, ապա դա էապես չի ազդի պետական բյուջեի եկամուտների վրա։ Սա այն նվազագույն աջակցությունն է, որը պետք է ուղղվի փոքր ու միջին բիզնեսին։

Ինչ մնում է մեր արդյունաբերության խոշորագույն ճյուղին՝ հանքարդյունաբերությանը, ապա այն արդեն զգում է մետաղների և մասնավորապես պղնձի գների շարունակվող նվազման վտանգավոր «շնչառությունը» իրենց թիկունքին։ Դրանք մեկ ամսվա ընթացքում 6200-6400 դոլարից նվազել են մինչև 5400-5500 դոլար։ Այստեղ արդեն ավելի լուրջ քայլեր են անհրաժեշտ և գործող կառավարությունը կարող է սովորել Տիգրան Սարգսյանի կառավարությունից մեր հանքարդյունաբերական կոմբինատների նկատմամբ ճգնաժամային 2009 թ․-ին իրականացվող գործողություններից։

Զբոսաշրջության ոլորտի կորուստները արդեն սկսվել են՝ հուշանվեր վաճառողից մինչև խոշոր հյուրանոցային համալիրներ։ Դրանք արդեն դատարկ են։

Գյուղատնտեսությունն, ինչպես հայտնի է, անկման մեջ է։ Վերոնշյալ գործընթացները այս տարի գյուղմթերքների իրացման խնդիր են առաջացնելու։

Ահա այսպիսի լրջագույն խնդիրների առջև է կանգնած Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման և դրա վտանգը ծաղրելու իշխանության մոտեցման պատճառով։ Ամենացավալին այն է, որ մեր տնտեսությունը այս ամենին դեմ հանդիման է կանգնել արդեն իսկ թուլացած, որի պատճառը այդ նույն կառավարության ղեկավարի արկածախնդրությունն ու պետական կառավարումից անձեռնահաս լինելն է։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ