18 03 2020

Քոչարյանը կարող է բուժվելուց հետո գնալ տո՞ւն

Քոչարյանը կարող է բուժվելուց հետո գնալ տո՞ւն

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարվում է կատարել դատարանի վճիռը․ հենց այդպես, «չորով», հրաժարվում է ու վերջ։

Որոշման բովանդակությունը հետևյալն է․ նա պետք է հերքի իր արտահայտությունները և ներողություն խնդրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արա Մինասյանից։ 2019-ի հուլիսի 27-ին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ աշխատանքից հեռացնում է Արա Մինասյանին՝ կատարած խոշորամասշտաբ չարաշահումների համար, նրան անվանել բանդայի պարագլուխ: Արա Մինասյանը, բնականաբար, դատի է տվել իր հասցեին զրպարտանքի համար։

Որ Արսեն Թորոսյանը զրպարտել է, դա հաստատվել է եռաստիճան դատական համակարգի բոլոր փուլերում։ Բայց նա հրաժարվում է օրինական ուժի մեջ մտած վճիռը կատարել՝ պատճառաբանելով թե՝ մեր դատական համակարգը չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների:

Թորոսյանը միանգամից բավականին քննադատությունների ենթարկվեց, բայց ցավոք՝ ոչ իշխանական հատվածի կողմից։ Փաշինյանը լուռ է։ Բայց՝ իզուր։ Արսեն Թորոսյանը ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել է, այսինքն՝ համարել է, որ դատավորը սխալ որոշում է կայացրել, վերաքննիչ դատարանի երեք դատավորների որոշումը բողոքարկել է՝ երևի թե համարելով, որ չեն վայելում իր վստահությունը, վճռաբեկ դատարանի ամբողջ պալատի որոշումը համարում է ապօրինի։ Այսինքն՝ դատական համակարգն ամբողջությամբ չի վայելում Թորոսյանի, հետևաբար՝ «ժողովրդի մեծամասնության» վստահությունը։ Շատ բարի։

Այդ դեպքում, մանավանդ երբ խոսում եք ժողովրդի մեծամասնության անունից, ինչո՞ւ կոչ չեք անում բոլոր դատապարտվածներին, կալանավորվածներին բաց թողնել բանտերից, չէ՞ որ դատական ակտ սահմանողները չեն վայելում վստահություն։

Այսինքն, ՀՀ կառավարության անդամը եթե քաղաքացուն զրպարտել է, դատարանը որոշել է, որ հանցանք է գործել, դատավորը վատն է, չի վաելում վստահություն և այլն, իսկ երբ ուրիշի նկատմամբ է վճիռ կայացնում, նորմա՞լ է։ Երբ, օրինակ, Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշում էր կայացնում, նա վայելո՞ւմ էր հանրության վստահությունը, պարոն կառավարության անդամ։ Երբ փոխգնդապետին կոմայի դուռը հասցրածին կալանքից ազատում է դատավորը, նա վայելո՞ւմ էր հանրության վստահությունը։ Կարո՞ղ է, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը Էրեբունի բժշկական կենտրոնից բուժվելուց հետո անմիջապես գնալ տուն, որովհետև Աննա Դանիբեկյանը ժողովրդի վստահությունը չի վայելում։ Կարո՞ղ է Հրայր Թովմասյանի սանիկը դատի տալ իրեն դատարանի որոշմամբ իրեն կալանավորելու համար, քանի որ իրեն կալանքի որոշում է կայացրել հանրության վստահությունը չվայելող դատարանը։ Եվ ստանալ փոխհատուցում։

Սա բոլորովին նույն բանն է, որովհետև եթե այսօր Արսեն Թորոսյանը զրպարտության համար պատասխանատվություն չկրի, վաղը հանդես կգա սուտ մատնությամբ, մի օր էլ՝ գուցե գողություն անի, օրինակ՝ պետական բյուջեից։ Չէ՞ որ անպատիժ օրինազանցությունը բերում է հանցագործությունների։

Այսինքն, եթե վճիռը ձեր սրտով չէ, դատավորն անվստահելի է, եթե ձեր սրտով է, լա՞վն է։ Իսկ միգուցե Արսեն Թորոսյանն է՞լ դատավորին զանգի ու ասի, թե իր համար որ վճիռն է ընդունելի։

Ի դեպ, պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում ավելացել են սուտ մատնություններն ու զրպարտանքները։ Խնդրեմ, ահա թե որն է պատճառը․ որովհետև նոր արժեքներից է բոլորին անպատիժ վիրավորելը։ Պարզապես, երբ դատարանի վճռի կատարումից խուսափում է պետական պաշտոնյան, դա արդեն վտանգավոր է պետության համար։ Ավելի պարզ եթե ձևակերպենք՝ պետության հիմքերի ոչնչացում է։ Մենք նման դեպք էլի ունենք, երբ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն է զրպարտել, դատարանով ստացել պատիժ ու հրաժարվում է կատարել վճիռը։ 

Իսկ Արսեն Թորոսյանի երազած արմատական բարեփոխումը ո՞րն է, որ մեկին անհիմն անվանի հանցագործ ու մնա անպատի՞ժ։ Եթե այդպես է, ուրեմն մեր դատական համակարգը վաղուց է բարեփոխված, որովհետև Նիկոլ Փաշինյանն էլ բազմաթիվ զրպարտիչ հայտարարություններով է հանդես եկել, որոնց մի մասով դատի են տվել, մի մասով «թռել է» խոսքերից, մի մասով էլ քայլեր չեն ձեռնարկել, քանի որ դատարանները վստահություն չեն վայելում։ Ընդ որում, երբ պետության ղեկավարն ասում է՝ կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի, ուրեմն դատարանը չի վայելելու հանրության վստահությունը։

Ի դեպ, Արսեն Թորոսյանի նման վարքագիծը առիթ է ցանկացած քաղաքացու համար նույն Թորոսյանին համարել թալանչի, մարդասպան ու դատի տալու դեպքում չկատարել վճիռը։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ